
Վաղը Դսեղում կբացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը
Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզի Դսեղ գյուղի կենտրոնական հրապարակում հանդիսավոր կբացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների 7-րդ միջազգային փառատոնը: Բացման արարողությունից հետո կմեկնարկի բացօթյա թատերականացված տոնախմբությունը, որին կհաջորդեն առաջին ներկայացումները:
Առաջին անգամ փառատոնի ծրագրում ընդգրկված ներկայացումները կցուցադրվեն նաև Լոռու մարզի քաղաքներում, գյուղերում ու ավաններում: Փառատոնի ավարտին մասնակից թատրոններին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի օրերին կանցկացվեն տիկնիկային արվեստի վարպետության և տիկնիկագործության դասեր, կգործեն տիկնիկների ցուցահանդեսը, ամենօրյա երեկոյան ակումբը, կանցկացվեն էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր:
Այս տարի ևս սեպտեմբերի 8-ից 15-ը փառատոնը կհյուրընկալի թատրոններ Լիտվայից, Գերմանիայից, Դանիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից: Փառատոնին ներկա կլինի նաև Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Դադի Փուդումջին Հնդկաստանից:
Կներկայացվի հետաքրքրական մեկ նոր նախաձեռնություն ևս. այս տարի Չինաստանի Չենդու քաղաքում կայացած UNIMA-ի 21-րդ համաժողովի ժամանակ Հայաստանի պատվիրակությունն առաջարկել է, և համաժողովը հավանություն է տվել «Տիկնիկները հանուն խաղաղության Միջերկրականի ավազանի և արաբական աշխարհի երկրներում» ծրագրին: Ծրագրի իրականացման խնդիրներին են անդրադարձել Դադի Փուդումջին և UNIMA-ի հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը այսօր՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտ կայացած առանձնազրույցի ժամանակ:
Փառատոնը նաև կձայնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք-2012»-ին՝ իր միջոցառումների շրջանակներում կազմակերպելով Հովհաննես Թումանյանի, հայ անվանի մանկագիրների գրքերի, պատկերազարդ հրատարակությունների ցուցադրություն:
Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը՝ «ՅՈւՆԻՄԱ-Հայաստանը», արդեն 7-րդ տարին է, ինչ ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայր Դսեղում կազմակերպում է «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը: Անցած տարիներին փառատոնին մասնակցել են աշխարհի 21 երկրի (Լիտվա, Հնդկաստան, Սլովենիա, Վրաստան, Չեխիա, Գերմանիա, Դանիա, Ռուսաստան, Բուլղարիա, Բելգիա, Իրան, Հունգարիա, Ֆրանսիա, Իտալիա, Բելառուս, Մոլդովա, Ալժիր, Շվեյցարիա, Սերբիա, Խորվաթիա, Կանադա) ճանաչված տիկնիկային թատրոններ, շուրջ 170 արտիստ և տիկնիկային արվեստի վաստակաշատ գործիչ:
Փառատոնի գաղափարը հղացել է «ՅՈւՆԻՄԱ-Հայաստանը»՝ նպաստելու համար մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանը, Հայաստանի մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, հայ տիկնիկային արվեստի զարգացմանը: Կարևոր է նաև հանճարեղ լոռեցու անմահ ստեղծագործությունների մասսայականացումը. փառատոնի շնորհիվ աշխարհի մի քանի տասնյակ երկրներում արդեն գիտեն ու սիրում են Հովհաննես Թումանյանին, կարդում են նրա գործերը, դիտում են նրա ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումները:
Փառատոնի կայացմանը աջակցում են ՀՀ նախագահի աշխատակազմը և մշակույթի նախարարությունը: Փառատոնի հիմնադիր հովանավորներից է եղել Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի օժանդակության հիմնադրամը: Անցած տարիներին, ինչպես և այս տարի «ՅՈւՆԻՄԱ-Հայաստանի» նախաձեռնությանը աջակցել են մի ամբողջ շարք հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, գործարար ընկերություններ, որոնք իրենց բարեգործական ծրագրերի շրջանակներում են ներառել տիկնիկային արվեստը: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարությունը:
Մեկնաբանել