HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆոն դեր Լայենը հրավիրել է Կանադային դառնալու պատմության մեջ առաջին ԵՄ ասոցացված անդամ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հրավիրել է Կանադային միանալու ԵՄ-ին որպես ասոցացված անդամ (associate member)։

Ֆոն դեր Լայենը հրավերը հնչեցրել է այսօր՝ Եվրախորհրդարանում ԵՄ վիճակի մասին իր ելույթի ընթացքում։ 

Ելույթին ներկա էին ոչ միայն ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ և Եվրախորհրդարանի պատգամավորներ, այլ նաև Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

«Սիրելի Մարկ, ես ասել էի, որ մենք պետք է անհապաղ վերաիմաստավորենք մեր գործընկերությունը։ Ուստի կցանկանայի աշխատել քեզ հետ Կանադայի՝ ԵՄ առաջին ասոցացված անդամ դառնալու համար հնարավորություն ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Ֆոն դեր Լայենը:

Այս հայտարարությունից հետո դահլիճում հնչեցին բարձր ծափահարություններ, այնուհետև Մարկ Քարնին բեմ բարձրացավ, գրկախառնվեց Ֆոն դեր Լայենի հետ և ղեկավարները համբուրեցին միմյանց այտերը։

«Մեզ միավորում է մեկ օվկիանոս, արժեքների մեկ ընդհանուր համակարգ, աշխարհայացքի մեկ ընդհանուր տեսլական։ Եվ այժմ մենք կկերտենք նաև մեր ընդհանուր ապագան, շնորհակալություն այստեղ գտնվելու համար»,- ասել է Ֆոն դեր Լայենը իր ելույթի ընթացքում։

Իսկ թե գործնականում ինչ է նշանակում կամ ենթադրում ասոցացված անդամակցությունը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը դիվանագիտորեն լռում է։ 

Հիշեցնենք, որ ասոցացված անդամակցության գաղափարը առաջին անգամ հնչեցրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը այս տարվա մայիսին՝ խոսելով Ուկրաինայի մասին։ 

ԵՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված իր նամակում Մերցը առաջարկում էր ստեղծել անդամակցության նոր ֆորմատ Ուկրաինայի համար, որպեսզի երկիրը միանար ԵՄ-ին և ներկայացված լիներ ԵՄ կառույցներում՝ առանց քվեարկության իրավունքի։ Սակայն գաղափարը ԵՄ-ում ոգևորություն չէր առաջացրել։

ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Կանադան և Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու տարբեր հայտարարությունների պատճառով լարվել էին հարաբերությունները ԱՄՆ-ի և Կանադայի միջև։ Արդյունքում Կանադան ավելի շատ է շահագրգռված ընդլայնել ԵՄ-ի հետ գործընկերությունը։ Մարկ Քարնին տարբեր առիթներով խոսել է Կանադայի և ԵՄ-ի միջև եզակի դաշինք ստեղծելու մասին։

Ֆոն դեր Լայենը իր այսօրվա ելույթում նաև կոչ արեց խորացնել դաշինքը Կանադայի հետ և համատեղ աշխատել տեխնոլոգիաների, պաշտպանության, կրիտիկական նշանակության հանքանյութերի, արհեստական բանականության ոլորտներում։

Սամսոն Մարտիրոսյան,
Բրյուսել

Գլխավոր լուսանկարը՝ Jean-Christophe Verhaegen/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter