Լիզինգով «գնված» մեքենան չկա, պարտքը մնում է, ԿԲ-ն չի միջամտում
Լիզինգով ձևակերպված մեքենան, որի համար վճարվել է 9.3 մլն դրամ, լիզինգառուին չի հասել, իսկ վարկային կազմակերպությունը շարունակում է տույժեր հաշվարկել։
Կենտրոնական բանկն ուսումնասիրել է «ԱյԴի Լիզինգ»-ի և «Եուրո Մոտիվ»-ի հետ պայմանագիր կնքած, բայց մեքենան այդպես էլ չստացած քաղաքացու պատմությունը։
Չնայած վարկային կազմակերպության հավաստիացումներին, թե ուսումնասիրել են մատակարարի հուսալիությունը, ԿԲ-ն պնդում է, որ «ԱյԴի Լիզինգ»-ը որևէ մասնակցություն չի ունեցել ընտրության հարցում։
Գլխավոր դրամատնից նշում են, որ ուսումնասիրում են ազդակները և օրենսդրության անհամապատասխանությունների դեպքում իրականացնում վերահսկողական միջամտություն։ Սակայն, այս դեպքի առնչությամբ մանրամասներ չեն հայտնում։
ԿԲ-ն նաև հայտարարում է, որ ֆինանսական կազմակերպությունների և սպառողների միջև հարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ, և ինքը չի կարող միջամտել նրանց հարաբերություններին ու ընթացիկ գործունեությանը։
Կողմերի միջև վեճը տեղափոխվել է դատարան։
Օգոստոսի 11–ին «Հետք»-ը գրել էր, որ Չինաստանից էլեկտրոմոբիլ ներմուծելու նպատակով «ԱյԴի Լիզինգ»-ի և «Եուրո Մոտիվ» ընկերության հետ պայմանագիր կնքած քաղաքացին 8 ամիս անց հայտնվել է փակուղում․ մեքենան այդպես էլ Հայաստան չի հասել, և նա վճարած գումարները կորցնելու վտանգի առջև է։ «Եուրո Մոտիվ» ընկերության սեփականատեր Արտյոմ Արշակյանը ակտիվորեն ավտոմեքենաների ներմուծում է գովազդում Import Auto անունով ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում։
Ավտոմեքենան ներմուծելու համար Սուրեն Նազարյանը «Եուրո Մոտիվ»-ին է փոխանցել 9.3 մլն դրամ։ Բացի այդ, նա վճարել է լիզինգի միջնորդավճար և առանձին գումար՝ մեքենայի թաղանթապատման համար։
Հոդվածը հրապարակելուց հետո հարցմամբ դիմել էինք Կենտրոնական բանկին (ՀՀ ԿԲ)՝ հասկանալու, թե ֆինանսական ոլորտը վերահսկող մարմինն ինչպես է գնահատում «ԱյԴի Լիզինգ»-ի վարքագիծը, ինչպե՞ս է ԿԲ-ն վերահսկում ՈՒՎԿ-ների կողմից մատակարար ընկերությունների ռիսկայնության գնահատման գործընթացը, պատրաստվո՞ւմ է իրականացնել ուսումնասիրություն կամ ստուգում «ԱյԴի Լիզինգ» ՈՒՎԿ-ում և այլն։
ԿԲ-ից մեկ ամիս է պահանջվել մեր հարցմանը պատասխանելու համար։
Ո՞վ է ստում․ «ԱյԴի Լիզի՞նգ»-ը, թե՞ ԿԲ-ն
«ԱյԴի Լիզինգ»-ը «Հետք»-ին ասել է, որ իրականացրել է մատակարարի հուսալիության գնահատում և նախկինում էլ նրանց հետ աշխատել է։ ԿԲ-ն պատասխանել է, որ հաճախորդն է ընտրել մատակարարին, վարկային կազմակերպությունը կապ չունի։
Սուրեն Նազարյանը պատմել է, որ մեքենայի ձեռքբերման գործընթացը սկսել է բանկերի և վարկային կազմակերպությունների առաջարկների ուսումնասիրությունից։ Արդյունքում ընտրել է «ԱյԴի Լիզինգ»-ը։
Կապ հաստատելով վարկային կազմակերպության աշխատակիցների հետ՝ նա ճշտել է վարկավորման պայմաններն ու հետաքրքրվել, թե ինչպես կարող է ծանոթանալ իրենց հետ աշխատող մատակարար կազմակերպությունների ցանկին։ Աշխատակիցը, թեև չի ժխտել, որ կա կազմակերպությունների հստակ շրջանակ, որոնց հետ աշխատում են, սակայն նշել է, որ իրավասու չէ հայտնել անունները։ Հաճախորդին առաջարկել են նշել կազմակերպության անունը, իսկ իրենք կհաստատեն՝ համագործակցո՞ւմ են տվյալ ընկերության հետ, թե՞ ոչ։
Սուրենը լսել է, որ ֆինանսական կազմակերպությունները, սովորաբար, իրենց հետ համագործակցող ընկերություններին ստուգում են անվտանգային և ռիսկերի գնահատման ընթացակարգերով։ Ասոցացնելով «ԱյԴի Լիզինգ»-ը նույն ֆինանսական խմբում գտնվող «ԱյԴի Բանկ»-ի հետ, նա՝ որպես հաճախորդ, վստահ է եղել, որ նրանք կհամագործակցեն միայն ստուգված կազմակերպությունների հետ։
Ընտրել է «Եուրո Մոտիվ» ՍՊԸ-ն (Import Auto), որի հետ համագործակցությունը վարկային կազմակերպությունը հաստատել է։
Այս կապակցությամբ ԿԲ-ին հարցրել էինք՝ եթե վարկային կազմակերպությունը հաճախորդին հաստատում է, որ տվյալ մատակարարը վստահելի է, և իրենք աշխատում են նրա հետ, արդյոք կազմակերպությունը չի՞ ստանձնում պատասխանատվություն կամ ռիսկի որոշակի մաս, և կառույցն ինչպե՞ս է գնահատում վարկային կազմակերպության կողմից մատակարար ընկերությունների ռիսկայնության գնահատման գործընթացը։
«ԿԲ-ն օրենքով սահմանված կարգով իրականացնում է իր կողմից լիցենզավորված կազմակերպությունների լիցենզավորում և վերահսկողություն, և պատասխանատվություն չի կրում իր կողմից վերահսկվող կազմակերպությունների մասնավոր պայմանագրային հարաբերությունների կիրարկման համար։ Ձեր նշած դեպքում հաճախորդն է ընտրել մատակարարին և մատակարարման պայմանները, լիզինգային կազմակերպությունն այդ գործընթացում որևէ մասնակցություն չի ունեցել»,- նշել են ԿԲ-ից:
Թե ինչի հիման վրա են ԿԲ մասնագետները եզրահանգել և համոզված նշել, որ լիզինգային կազմակերպությունը մատակարարին ընտրելու գործընթացում որևէ մասնակցություն չի ունեցել, չի մանրամասնվում։
Հավանաբար, պատասխանը պատրաստելիս ԿԲ մասնագետները կապվել են լիզինգային կազմակերպության հետ, որտեղից էլ հավաստիացրել են, թե հաճախորդն է միայն ընտրել մատակարարին։
Մինչդեռ մեր նախորդ հոդվածը պատրաստելիս «ԱյԴի Լիզինգ»-ին հարցրել էինք, թե ինչ չափանիշներով է ընտրվում մատակարար կազմակերպությունը, և արդյոք պայմանագիրը կնքելուց առաջ ուսումնասիրել են «Եուրո Մոտիվ» ՍՊԸ-ի գործունեությունը։ Պատասխանել էին, որ գործարքի հաստատման փուլում ընկերությունն իրականացրել է մատակարարի գործարար հեղինակության և ֆինանսական հուսալիության գնահատում։ Տվյալ մատակարարի հետ նախկինում ունեցել են բազմակի հաջողված համագործակցություններ, որոնց ընթացքում պայմանագրային պարտավորությունները կատարվել են պատշաճ կերպով։
Այսինքն՝ վարկային կազմակերպությունն առնվազն գնահատել և ուսումնասիրել է մատակարարին նախքան Սուրենի հետ գործարք կնքելը։
Ստացվում է՝ լիզինգային կազմակերպությունը կա՛մ մեզ է սխալ տեղեկություններ տվել, կա՛մ ԿԲ-ին։
ԿԲ-ի պատասխանից ենթադրվում է․ «ԱյԴի Լիզինգ»-ը պայմանագրի ամենառիսկային պայմաններից մեկը թողել է ստվերում
Սուրեն Նազարյանը պնդում է, որ վարկային կազմակերպությունը պայմանագիրը ստորագրելիս իրեն պատշաճ չի իրազեկել հետագա ռիսկերի մասին։ Նշում է, որ Google Drive հղումով տեղադրված մի ֆայլում նկարագրված է, որ մեքենան չմատակարարելու դեպքում վարկային կազմակերպությունը պատասխանատու չէ, և որ լիզինգառուն պարտավոր է վարկի գումարը վճարել։
ԿԲ-ին հարցրել ենք՝ արդյո՞ք պատշաճ իրազեկում է համարվում ընդհանուր պայմանները Google Drive-ի հղումով կայքում տեղադրելը՝ հաշվի առնելով, որ ֆինանսական կազմակերպությունները պարտավոր են հաճախորդին նախապես և պատշաճ կերպով ծանոթացնել պայմանագրի բոլոր էական պայմաններին և ռիսկերին։
ԿԲ-ն իրավաչա՞փ է համարում, երբ սպառողական լիզինգի էական ռիսկերը (օրինակ՝ մատակարարի կողմից չմատակարարման ողջ ռիսկը հաճախորդի վրա դնելը) ներառված են կայքի ենթաբաժիններում գտնվող ֆայլի հղման տակ և ֆիզիկապես չեն տրամադրվում ստորագրման պահին։
Ի պատասխան՝ ԿԲ-ից նշել են, որ hամաձայն Կենտրոնական բանկի կարգավորումների՝ մատուցվող յուրաքանչյուր ծառայության վերաբերյալ էական տեղեկությունները, սակագները և ծառայության մատուցման պայմանները պետք է ներկայացվեն տվյալ ծառայությունը նկարագրող առանձին ինտերնետային էջի միջոցով՝ սպառողի համար հստակ և հեշտ հասանելի ձևով։ «Լիզինգի տրամադրման ընդհանուր պայմանները կարող են կից ներկայացվել այդ էջում՝ լրացնելով տվյալ ծառայության վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը»,- նշել են ԿԲ-ից:
ԿԲ-ի պատասխանից կարող ենք ենթադրել, որ «ԱյԴի Լիզինգ»-ը խախտել է ԿԲ կարգավորումները և էական պայմանների մի մասը չի ներկայացրել առանձին ինտերնետային էջով։ Խոսքն այն պայմանի մասին է, որ մատակարարի՝ մեքենան չմատակարարելու դեպքում ողջ ռիսկը մնում է հաճախորդի ուսերին։ Սա կարևոր պայման է, քանի որ դրա չիմացությունը կամ թերի իմացությունն ունենում է ծանր հետևանքներ հաճախորդի համար։
Գոյություն չունեցող մեքենայի համար՝ 17% «նախավարձ»․ ԿԲ-ն խնդիր չի տեսնում
Մյուս հարցն էր՝ ինչպե՞ս է ԿԲ-ն գնահատում «ԱյԴի Լիզինգ»-ի վարքագիծը՝ հաճախորդից լիզինգի նախավարձ գանձելու մասով, այն պարագայում, երբ լիզինգի առարկան՝ ավտոմեքենան, փաստացի գոյություն չունի, չի ներմուծվել և հաճախորդին չի հանձնվել։
«Ձեր նշած դեպքով նախավարձի վճարման պարտավորությունը սահմանված է Պայմանագրի 3․8 կետով, համաձայն որի՝ Լիզինգառուն պարտավորվել է Լիզինգատուին վճարել 17.00% նախավարձի գումար, որը հաշվարկվում է Լիզինգի տրամադրման ընդհանուր պայմանների 3․1 կետով սահմանված կարգով։ Հավելենք, որ պայմանագրով որևէ լրացուցիչ ծառայության վճարի պահանջ ամրագրված չէ, ուստի նման վճարի կամ գումարի փոխանցումը դիտարկվում է որպես Լիզինգառուի կամային գործողություն»,- նշել են ԿԲ-ից։
Գլխավոր դրամատնից շեշտել են, որ ֆինանսական կազմակերպությունների և սպառողների միջև հարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ, և ԿԲ-ն չի կարող միջամտել վերջիններիս հարաբերություններին և ընթացիկ գործունեությանը։
ԿԲ․ ֆինանսական կազմակերպություններն ինքնուրույն են կառավարում մատակարարին փոխանցվող ռիսկերը
Սուրեն Նազարյանի, «ԱյԴի Լիզինգ»-ի և «Եուրո Մոտիվ»-ի միջև եռակողմ պայմանագիրը կնքվել է 2026 թվականի հունվարի 12-ին։ Պայմանագրով «Եուրո Մոտիվ»-ը պարտավորվել է ստորագրման պահից 60 օրվա ընթացքում Չինաստանից ներմուծել և Սուրենին հանձնել Lixiang L6 Max մոդելի էլեկտրոմոբիլը, որի ընդհանուր արժեքը կազմել է 13.3 մլն դրամ։
«ԱյԴի Լիզինգ»-ը մատակարարին է փոխանցել մեքենայի արժեքի 70%-ը՝ 9.3 մլն դրամ։ Այդ գումարից 2 մլն դրամը Սուրենն է վճարել որպես կանխավճար, իսկ մնացած 7.3 մլն դրամը տրամադրել է «ԱյԴի Լիզինգ»-ը։ Արժեքի մնացած 30%-ը մատակարարին պետք է փոխանցվեր մեքենան հաճախորդին փաստացի հանձնելուց հետո։
ԿԲ-ին նաև հարցրել էինք՝ այն պարագայում, երբ վարկային կազմակերպությունը մատակարարին է փոխանցում գումարի 70%-ը՝ նախքան ապրանքի ներմուծումը կամ մաքսազերծումը, արդյոք ԿԲ-ն չի սահմանում պարտադիր ապահովագրման կամ բանկային երաշխիքի պահանջ՝ հաճախորդի և ՈՒՎԿ-ի միջոցները փոշիացումից պաշտպանելու համար։
ԿԲ-ից պատասխանել են, որ ԿԲ-ի իրավական ակտերով նման պահանջներ սահմանված չեն․ ֆինանսական կազմակերպություններն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը։
Իսկ արդյոք ԿԲ-ն պատրաստվում է իրականացնել ուսումնասիրություն կամ ստուգում «ԱյԴի Լիզինգ» ՈՒՎԿ-ում՝ նմանատիպ պայմանագրերի, կիրառվող տեղեկատվության տրամադրման մեխանիզմների և սպառողների իրավունքների հնարավոր ոտնահարման փաստերով։
Արձագանքելով այս հարցին՝ Գլխավոր դրամատնից նշել են, որ իրենք մշտապես իրականացնում են տարբեր աղբյուրներից ստացված ազդակների ուսումնասիրություն և գնահատում, որի շրջանակներում, ֆինանսական կազմակերպությունների գործունեության ընթացքում օրենսդրության անհամապատասխանությունների դեպքում, իրականացվում է վերահսկողական միջամտություն։
Սակայն չեն մանրամասնել՝ կոնկրետ «ԱյԴի Լիզինգ»-ում որևէ ուսումնասիրություն կամ, ինչպես նշված է պատասխանում, վերահսկողական միջամտություն ԿԲ-ն իրականացրե՞լ է, թե՞ ոչ։
Թե ինչու ԿԲ-ն այդ մասին հստակ չի նշել, և արդյոք դա անում է ֆինանսական կազմակերպության համբավը չվնասելու համար, կարող ենք միայն ենթադրել։
Փաստորեն, ԿԲ-ն «ԱյԴի Լիզինգ»-ի գործողություններում որևէ էական բացթողում չի արձանագրել կամ գոնե մեզ այդ մասին չի հայտնում։ Եվ մինչ վերահսկող մարմինն ընկերության վարքագծում «խնդիրներ չի տեսնում», սկսվել են իրավական գործընթացներ․ մանրամասները կներկայացնենք հաջորդիվ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել