HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե մտածողության մեր մոդելի նոր թողարկում չունենանք, կորցնելու ենք Հայաստանի Հանրապետությունը». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն» խորագրով համաժողովին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինեն, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանը, փորձագետներ և այլք։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և անդրադարձել համապարփակ անվտանգության և դիմակայության համակարգին ու դրա շերտերին։ Երկրի ղեկավարի խոսքով՝ այդ համատեքստում պետք է հաշվի առնել և նկատի ունենալ ամեն ինչ, որն այսպես թե այնպես կարող է ազդեցություն ունենալ անվտանգային համակարգի վրա։ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն հարցի մասին, թե որտեղ է պետք փնտրել անվտանգություն, կամ որտեղից է պետք սկսել անվտանգության համակարգի կառուցումը, որտեղ է, որ անվտանգության հետ կապված խնդիրները լուծում պետք է ստանան կամ կարելի է գնալ այդ լուծումների հետևից։

«Ես եկել եմ մի եզրակացության, որ համապարփակ անվտանգություն կառուցելու ճանապարհին շատ էական է մեր միտքը, այն, թե ինչպես ենք մտածում և ինչպես ենք ընկալում ընդհանրապես հարցերը։ 2024 թվականի գարնանն Ազգային ժողովում ելույթ ունեցա և առաջին անգամ բարձրաձայնեցի Իրական Հայաստանի գաղափարախոսության մասին։ Դրանից հետո ինձ համար մի ցնցող պատմություն իմացա, թե ինչպես էր այդ ելույթին արձագանքել դահլիճում ներկա պատգամավորներից մեկը, իսկ իմ ելույթի համապատասխան շեշտադրումները լսելով նա ասել էր հետևյալը․ «էս ուզում է ասել, որ Մուշը և Վանը մերը չե՞ն»։ Սա առաջին հայացքից կարող է թվալ շատ տարօրինակ արձագանք, բայց իրականում այս արձագանքը տալիս է մեզ համար շատ կարևոր հարցերի պատասխաններ, ինքնին լինելով հարց, որովհետև մեր անվտանգային շատ պրոբլեմներ, կարող է պարզվի, որ սկսում են մեր մտքում, իրականության և միջավայրի մեր ընկալումների մեջ և այդ պրոբլեմը հենց այսօր առկա է Հայաստանի Հանրապետությունում»,– ասել է վարչապետը։

Երկրի ղեկավարը նշել է, որ նախորդ օրը Հայաստանի մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում մասնակիցներից մեկն ասել է․ «Դուք ամբողջ օրը խոսում եք Իրական Հայաստանի մասին, բայց երեկ իմ երեխան դպրոցից եկել է և պատմել, թե ինչպես է իրենց պատմության ուսուցիչն ասում՝ երեխաներ իմացեք, որ դուք պետք է մեծանաք և գնաք Մուշը և Վանը ազատագրելու»։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ դրանք այն երևույթներն են, որոնք թերևս հաճախ չեն քննարկվում։ «Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ավելի քան մեկ տարի անց Հայաստանում հայտնի հարթակներում և ամբիոններում խոսվում է այն մասին, հետապնդվում է օրակարգը, որ մենք, ինչպես ձևակերպվում է, պետք է հզորանանք և ազատագրենք Արցախի Հանրապետությունը։ Ես նկատի ունեմ, որ այս երևույթներին և հարցադրումներին հանրայնորեն Հայաստանի Հանրապետությունում անդրադարձ չենք անում, և ընդհանրապես սա ֆունդամենտալ պրոբլեմ է, և այդ ֆունդամենտալ պրոբլեմի հետ մենք բախվել ենք նաև Ղարաբաղի հարցի կարգավորման ողջ գործընթացում, երբ ունեցել ենք զուգահեռ խոսույթներ և ընկալումներ:

Հայաստանի Հանրապետությունում՝ ներքին կյանքում, մենք այլ հարցադրումներ և շեշտադրումներ ենք արել, իսկ բանակցային սեղանների շուրջ բոլորովին այլ հարցեր են քննարկվել, բոլորովին այլ տրամաբանությամբ։ Եվ կարևոր է արձանագրել նաև, երբ է, որ այս գործելակերպն այլևս հնարավոր չի եղել շարունակել և շարունակության պոտենցիալ չի ունեցել։ Բայց հիմա ուրիշ մարտահրավերների հետ ենք առերեսվում, երբ գործ ունենք հրապարակային և ոչ հրապարակային խոսույթների և բանաձևումների զուգահեռ գոյության հետ, և իմ կարծիքով այստեղ է, որ նաև անվտանգության լրջագույն մարտահրավերներ են առաջանում, որոնց հետ պետք է առնչվենք»,– ասել է վարչապետը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ զուգահեռաբար նմանատիպ պրոցեսներ տեղի են ունենում Ադրբեջանում, մասնավորապես, «արևմտյան Ադրբեջանի» խոսույթը, որը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային սպառնալիք Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանային անվտանգության և հաստատված խաղաղության համար։ «Հիմա հիմնական խնդիրը հետևյալն է, թե այնուամենայնիվ ո՞նց ենք պատկերացնում այս խնդիրների հասցեագրումը։ Այստեղ կարևոր է արձանագրել, որ մեզ համար արդեն գոյություն ունի ճարտարապետություն, որով պատկերացնում ենք այդ խնդիրների լուծումը։ Ընդ որում, Հայաստանում շատ է քննարկվում այսպես կոչված փոխադարձության սկզբունքը, որ Հայաստանը պետք է անի քայլեր, ինչ ուրիշներն են անում և ուրիշները պետք է անեն քայլեր, ինչը Հայաստանն է անում։ Ես կարծում եմ, որ այս տրամաբանությունը երբեք չի բերի իրադրության փոփոխության։ Եվ մենք դա տեսանք, ընդ որում, 2024 թվականին»,– ասել է երկրի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է․ «Ե՞րբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը։ Հաջող ավարտը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մենք որոշում կայացրեցինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից, այսինքն՝ տեսանք, որ կա մի իրավիճակ, որ խաղաղության համաձայնագրի տեքստը «պինգ-պոնգով» ավելի լավը դարձնելու որևէ պոտենցիալ այլևս չկա, և մեր առաջ եկավ ընտրություն, ի՞նչ անել, շարունակել փոխադարձության այդ «պինգ-պոնգը», թե, այնուամենայնիվ, գնալ այլ տրամաբանություն կառուցելու ճանապարհով, և մենք գնացինք այլ տրամաբանություն կառուցելու ճանապարհով։ Շատ պարզ հարց տվեցինք ինքներս մեզ, ասացինք, եթե պատկերացնենք հենց այս իրավիճակով խաղաղության համաձայնագիրն այդ պահի դրությամբ համաձայնեցված է, այդ պահին ստորագրված և վավերացված է, սա Հայաստանի համար պրոբլեմներ է ստեղծո՞ւմ, թե լուծում է պրոբլեմները։ Այսինքն, ստորագրման և վավերացման արդյունքում իրադրությունը կլինի ավելի լա՞վը, թե ավելի վատը, և մենք տեսանք, որ իրադրությունը կլինի ավելի լավը։ Եվ մենք կայացրինք որոշում, որ համաձայնվում ենք այս տեքստին, որից հետո արդեն տեղի ունեցան հայտնի իրադարձությունները»,– շեշտել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ մեր իրականության մեջ այժմ էլ, մասնավորապես ընդդիմության կողմից, շատ է քննարկվում փոխադարձության տրամաբանությունը, թե տեսեք՝ Հայաստանն ինչ-որ բաներ ասում և անում է, իսկ Ադրբեջանն ինչ-որ բաներ չի ասում և չի անում։ «Նման իրավիճակի համար ամենաակնհայտն այն է, որ Ադրբեջանի երկաթուղին բաց է Հայաստանի Հանրապետության համար, ընդ որում երկու ուղղությունները: Հայաստանի երկաթուղին, համենայնդեպս, Ադրբեջանի համար այս պահին չի օգտագործվում: Այսինքն, եթե այս տրամաբանությամբ գնանք, ուրեմն այս պահին ադրբեջանական երկաթուղին պետք է Հայաստանի համար բաց չլիներ։ Հետևաբար, շատ կարևոր են մտածողության ձևերը և մտածողության փոփոխությունը, և այն, ինչին մենք այս ընթացքում հասել ենք, հասել ենք ինքներս մեր մտածողության ձևերը լավարկելով, մտածողության նոր մոդելներ թողարկելով։ Ցավոք սրտի, կյանքն է բերել այդ տրամաբանությանը և մասնավորապես, 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները մեզ համար ակնհայտ են դարձրել, որ եթե մտածողության մեր մոդելի նոր թողարկում չունենանք, բառիս բուն իմաստով կորցնելու ենք Հայաստանի Հանրապետությունը»,– ընդգծել է երկրի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը խոսելով համապարփակ անվտանգության և դիմակայունության մասին՝ նշել է, որ այն չի կարող բաղկացած լինել մեկ կոմպոնենտից։ Վարչապետի դիտարկմամբ՝ շատ կարևոր է հասկանալ, որ անվտանգությունը բազմաշերտ երևույթ է։ «Անվտանգության ապահովման կարևորագույն կոմպոնենտ է արտաքին անվտանգության միջազգային լեգիտիմությունը։ Ցանկացած հարաբերությունների մեջ, եթե դրանք լեգիտիմ են, անվտանգային սպառնալիք չեն պարունակում։ Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով միջազգային լեգիտիմություն։ Նկատի ունենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական և անվտանգային ոլորտի դիրքորոշումները պետք է հիմնված լինեն միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ շրջանակի վրա։ Սա է պատճառը, որ մենք խոսում ենք 29743 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մասին։

Օրինակ, երկար ժամանակ մենք միջազգային հանրության կամ տարբեր դերակատարների կողմից, չենք լսում գնահատականներ Հայաստանի Հանրապետության բանակի զարգացման, սպառազինությունների ձեռքբերումների վերաբերյալ։ Ի՞նչն է սրա պատճառը։ Դրա պատճառը լեգիտիմությունն է, որովհետև մենք այսօր գործում ենք քաղաքական և իրավական դիրքորոշումների վրա, որի առանցքը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության բանակը զարգանում է իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը, անվտանգությունը պաշտպանելու համար։ Այս տրամաբանությունից մի միլիմետր դուրս գալը նշանակում է երկու բան, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ բարդություններ է ունենալու զինված ուժերը զարգացնելու գործում և Հայաստանի Հանրապետությունը խոցելի է դառնալու այլոց հնարավոր գործողությունների համար, ստեղծելով լեգիտիմության որոշակի դաշտ։ Սրա հետ է կապված նաև վերջերս այդքան քննարկվող Քյարքիի խոսակցությունը, որովհետև շատ պարզ տրամաբանություն կա, երբ մենք ասում ենք, և ընդ որում մենք չենք ասում, այլ արդեն դա Հայաստանի և Ադրբեջանի իրավական պարտավորությունն է, երբ մենք ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործում Ալմա–Աթայի հռչակագիրը բազային սկզբունք է։ Սրանից բխել է նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, սրանից բխել է Վաշինգտոնի հռչակագիրը, ինչը նշանակում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը ճշգրիտ նույնական է հայկական ԽՍՀ տարածքի հետ։ 29.743-ը այստեղից է ծագում և որը դե յուրե Հայաստանի Հանրապետությունն ինքն էլ ընդունել է։

2018 թվականից շատ առաջ էլ, երբ Կառավարությունը ժամանակ առ ժամանակ հաստատել է Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը, արձանագրված է եղել, որ Հայաստանի տարածքը 29.743 քառակուսի կիլոմետր է: Եթե այս 29.743 քառակուսի կիլոմետր տրամաբանությունից մենք դուրս ենք գալիս, իսկ ասել, որ Քյարքի չկա, դա դա է նշանակում, որովհետև 29.743 քառակուսի կիլոմետրի մեջ բոլորիս հայտնի անկլավները չեն մտնում, Արծվաշենը մտնում է, խորհրդային ժամանակվա անկլավները չեն մտնում, և երբ օրինակ՝ մենք այլ տրամաբանության վրա ենք հիմնվում, սա նշանակում է, որ մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ոչ թե 29.743 քառակուսի կիլոմետր է, այլ 29.753։ Այսինքն՝ մենք միջազգային լեգիտիմությունից 10 քառակուսի կիլոմետր դուրս ենք գալիս, ո՞ւմ հաշվին ենք դուրս գալիս, ինչ-որ ուրիշի: Դա նշանակում է ինչ-որ ուրիշին մատուցում ենք որոշակի լեգիտիմություն ՝ մեր դեմ գործողություններ անելու: Եվ ընդհակառակը, մենք հիմնվելով մեր միջազգային լեգիտիմության վրա, զրկում ենք բոլորին լեգիտիմությունից մեր դեմ գործողություններ անելու: Սա է տրամաբանությունը»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Համապարփակ անվտանգության առանցքային շերտերի թվում վարչապետն ընդգծել է նաև փոխկապվածության սկզբունքը։ «Լավ լուրն այն է, որ Հայաստանն օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված այդպիսի փոխկապվածության սխեմայում լինելու պատմական հնարավորություն է ստացել՝ հաստատված խաղաղության, TRIPP նախագծի և ընդհանրապես տարածաշրջանի կոմունիկացիաների բացման իմաստով։ Ավելին ասեմ, տարածաշրջանային առումով էլ է սա կարևոր, որովհետև ուրիշ իրավիճակ է, երբ օրինակ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը, միմյանց հետ փող չեն աշխատում, այսինքն, պետական եկամուտները և հանրային բարեկեցությունը փոխադարձ կապի մեջ չեն։ Սա նշանակում է, որ երկրներն այդքան էլ շահագրգռված չեն միմյանց կայունությամբ և բարեկեցությամբ: Եվ այսօր անվտանգության մեր ճարտարապետությունը հիմնված է այն տրամաբանության վրա, որ մենք պետք է կառուցենք մեր հարևանների հետ այնպիսի հարաբերություններ, որ միմյանց կայունությունը և տնտեսական բարեկեցությունը ձեռնտու լինի միմյանց և այդ ձեռնտուն նվազագույնը լինի։ Ավելին, պետք է փոխադարձ հետաքրքրվածություն լինի, գործի բանաձև, որ ինչքան բարեկեցիկ է քո հարևանը, այնքան բարեկեցիկ ես դու, ինչքան բարեկեցիկ ես դու, այնքան բարեկեցիկ է քո հարևանը։

Եվ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում ամբողջությամբ դրված է այս ընկալումը, որ մենք կարողանանք մեր հարևանների հետ ունենալ այդպիսի իրավիճակ»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որպեսզի սա տեղի ունենա՝ ուրիշները մեր բարեկեցության և զարգացման մեջ առնվազն որոշակի մակարդակի շահագրգռություն ունենան, գալիս է հաջորդ կոմպոնենտը՝ երկարաժամկետ կանխատեսելիությունը։

«Որովհետև իմ նշած առաջին հանգամանքների բերումով, եթե մեր հարևանները մտածեն և միջազգային հանրությունն էլ մտածի, որ Հայաստանում գործում է հետևյալ տրամաբանությունը՝ հիմա մենք խաղաղություն կխաղանք, խաղաղությունն օգտագործելով կզարգանանք ու հետո կգնանք Մուշը և Վանը ազատագրելու, այս դեպքում նախորդիվ նկարագրված ամբողջ ճարտարապետությունը քանդվում է, որովհետև ինչո՞ւ պետք է Մուշն ու Վանը մեզ օգնեն, որպեսզի մենք գնանք Մուշն ու Վանն ազատագրելու։ Ընդհակառակը, ամեն ինչ պետք է անեն, որ Հայաստանի Հանրապետությանը հնարավորինս հեռու պահեն այդ տեսական հնարավորությունը գործնական կյանքում իրագործելուց։ Եվ սա է պատճառը, որ ես այսօր եկել եմ այստեղ, և իմ խոսքը, ըստ էության, սկսում եմ նրա մասին, թե ինչ է խոսում մեր պատմության կամ գրականության ուսուցիչը դպրոցում։ Այսինքն, մենք այն մյուս շերտերով առաջընթաց արձանագրել ենք, բայց եթե այստեղ բաց թողնենք, մեր ամբողջ անվտանգային ճարտարապետությունը փլուզվելու է, որովհետև նույնիսկ առանց հետախուզության, նույնիսկ համացանցի դիտարկումով, այս խորքային կոնսպիրատիվ պրոցեսները բոլորի համար լինելու են ակնհայտ և դառնալու են մեր անվտանգության հիմնական սպառնալիք»,– ընդգծել է վարչապետը։

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում Իրական Հայաստանի գաղափարախոսությունն առաջին անգամ իշխող գաղափարախոսություն է և պետական ամբողջ համակարգը պետք է մարտավարական և ռազմավարական առումով դիրքավորվի ըստ այդմ։ «Օրինակ՝ մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, ավելին՝ Կառավարությունը պետք է դրա դեմ կոնկրետ գործողություններ անի, որովհետև դա սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար»,– ասել է վարչապետը:

Անդրադառնալով անվտանգության հաջորդ շերտին՝ երկրի ղեկավարը նշել է, որ անվտանգությունը կարող է երաշխավորել միայն խաղաղությունը, որևէ այլ գործոն չկա, որ կարող է երաշխավորել խաղաղություն։ Խոսելով այն հարցի մասին, թե ինչո՞ւ է Կառավարությունը զուգահեռաբար այդքան շատ խոսում և ջանք գործադրում Հայաստանի զինված ուժերը և բանակը զարգացնելու համար, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրա համար կա մի շատ կարևոր և խորքային պատճառ։ «Պաշտպանունակ բանակ չունեցող երկիրն ինքնին կարող է բոլոր գործոններից դուրս պարզապես գայթակղիչ լինել ագրեսիայի համար, ուղղակի լինել, դառնալ ագրեսիայի գայթակղություն, և մեր ճարտարապետության մեջ պաշտպանունակ բանակը գործում է բացառապես միջազգային լեգիտիմության տրամաբանության մեջ։ Մենք ասել ենք, որ մեր ընկալմամբ՝ բանակը գործելու է միայն ու միայն Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության տրամաբանության ներքո»։

Ամփոփելով ելույթը՝ վարչապետ Փաշինյանը հավելել է, որ անվտանգության համապարփակության մեջ ամենևին երկրորդական դեր չունի էներգետիկ անվտանգությունը: «Եվ հիմա էլ են պատմական ժամանակներ Հայաստանի Հանրապետության համար, որովհետև Հայաստանի Հանրապետությունն այսօր էներգետիկ առումով կարող է դառնալ 100%-ով ինքնաբավ երկիր՝ կապված էներգետիկ տեխնոլոգիաների զարգացման հետ»։

Որպես անվտանգության բաղադրիչ երկրի ղեկավարը կարևորել է նաև պարենային անվտանգությունը, որտեղ ևս Կառավարությունը բանաձևի էական փոփոխություններ է կատարել։

Անդրադառնալով ներքին անվտանգությանը՝ վարչապետը նշել է, որ դրա բանաձևերը շատ նման են արտաքին անվտանգության բանաձևերին։ «Ինչպես արտաքին անվտանգության համար է լեգիտիմությունն անկյունաքարային գործոն, այնպես էլ ներքին անվտանգության համար է լեգիտիմությունն առանցքային գործոն։ Օրինակ, տեսեք, 2020-21 թվականներին և հետագա իրադարձություններում, աներևակայելի կերպով, և այս փաստը ընդունում են և մեր միջազգային գործընկերները, և փորձագետները, Հայաստանի Հանրապետության կայունությունը մեծ հաշվով չխաթարվեց, այսինքն՝ բոլոր պրոցեսները Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականից հետո, բացի նոյեմբերի 9-ի մի քանի ժամերից՝ տեղավորվեցին ժողովրդավարական կայունության տրամաբանության մեջ: Եվ սրա համար կար ընդամենը մեկ պատճառ՝ դա Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությունների լեգիտիմություն էր։ Եվ նախորդող շրջանում, ընդհակառակը, մենք տեսել ենք իրավիճակներ, որ այդ կարգի կամ բնույթի մարտահրավերներ չեն եղել, բայց Հայաստանում հնարավոր չի եղել կայունություն ապահովել։ Ի՞նչն է եղել դրա պատճառը, դրա պատճառը եղել է լեգիտիմության բացակայությունը։ Եվ ես կարծում եմ, որ մենք լեգիտիմության հարցին իսկապես շատ մեծ և ինստիտուցիոնալ ուշադրություն պետք է դարձնենք, իսկ ներքին առումով լեգիտիմության համար կա մի անվրեպ բանաձև։ Այդ անվրեպ բանաձևը հետևյալն է, որ տեղի ունեցող պրոցեսները պետք է օրգանական կապ ունենան պետության հիմնադրի՝ այսինքն ժողովրդի, նրա կամքի, նրա ցանկությունների և մղումների հետ»,– նշել է Նիկոլ Փաշինյանը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter