HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ամերիկայի հայ համայնքը դեմ է Օբամային

«Հետքի» հարցերին պատասխանում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը

Մի քանի օրից հայերիս ուշադրության կենտրոնում դարձյալ Սպիտակ տունն է լինելու, այս անգամ Բարաք Օբաման 1915 թվականի դեպքերը կորակի ցեղասպանությո՞ւն, թե՞ կոտորած: Ի՞նչ աշխատանքներ եք կատարել անցած մեկ տարվա ընթացքում եւ ի՞նչ սպասելիքներ ունեք Սպիտակ տնից:

2009թ. ապրիլից մինչեւ տարվա վերջ Սպիտակ տունն օգտագործել է հայ-թուրքական արձանագրությունների փաստը, որ չճանաչեն Ցեղասպանությունը, եւ Բարակ Օբաման չհարգի իր նախընտրական խոստումը: Այդ ժամանակ մենք, հայ համայնքը օգնեց նրան եւ քվեարկեցինք Օբամայի օգտին, բայց հիմա դեմ ենք նրան: 2008-ին սա քաղաքական հարց էր, իսկ 2009թ. այն դարձավ արտաքին քաղաքականության խնդիր եւ մինչ օրս այդպես է:

Հետո Նենսի Փելոսին մեզ առիթ տվեց հավատալու, որ Ցեղասպանության բանաձեւը կընդունվի Կոնգրեսի կողմից: Ճանաչմանը շատ մոտ էինք, բանաձեւի օգտին ձայների մեծամասնություն ունեինք, անցկացնելու համար անհրաժեշտ էր 218 կոնգրեսական, իսկ մենք ունեինք 260 աջակից: Դժբախտաբար Փելոսին մեզ թույլ չտվեց, որ քվեարկություն լինի: Դա մեղք էր նրա կողմից, որովհետեւ անցած 30 տարիների ընթացքում ասել էր, որ աջակցում է Ցեղասպանության ճանաչմանը, բայց փաստն այն է, որ չօգնեց: Դա չի նշանակում, որ մենք դադարել ենք աշխատանքներ տանել այդ ուղղությամբ, արդեն աշխատում ենք նոր Կոնգրեսի հետ, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը:

Ինչքան մոտենում է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները, այնքան ավելի կարեւոր է դառնում Ցեղասպանության հարցի ճանաչումը: Օբաման այս հարցը ընտրվելուց հետո կապեց հայ-թուրքական արձանագրությունների հետ, հիմա այդ հարցը չկա: Տեսնենք, թե ինչպես է վարվելու այս անգամ: Արդեն չեմ ուզում գուշակություններ անել:

Հայաստանում շատերն են կարծում, թե մեր երկրի ժողովրդավարական լինելու հիմնական ջատագովը ԱՄՆ է, եւ այդ երկրի դիրքորոշումով է պայմանավորված մեր ժողովրդավար լինել չլինելու հարցը: Արդյո՞ք ԱՄՆ-ն է ժողովրդավարության մեր երաշխիքը:

Այո, բայց եթե ԱՄՆ կառավարությունն աջակցում է, որ Հայաստանը լինի դեմոկրատական երկիր, մյուս կողմից դա նրա առաջնային եւ հիմնական նպատակը չէ: Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է օգտվի այն առավելություններից եւ հնարավորություններից, որ ԱՄՆ-ն տալիս է:  Բայց Հայաստանի քաղաքացիներն իրենք պետք է երկրում կառուցեն ժողովրդավարություն: Օգնությունն այլ բան է, կատարելը` այլ: Հայ ժողովուրդը պատրաստ, խելացի ժողովուրդ է եւ գիտե, թե ինչ է պետք անել: Այլ բան է, որ չի անում: Առաջին հերթին մաքուր ընտրություններ եւ քիչ կոռուպցիա է պետք:

Հայաստանում գնալով մեծանում է սոցիալական լարվածությունը, հարթ չէ նաեւ ներքին քաղաքական կյանքը: Այս խնդիրներն արդյո՞ք ազդում են սփյուռքի հայկական կազմակերպությունների գործունեության վրա, որպեսզի դրանք արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր բարձրացնեն միջազգային կազմակերպությունների եւ գերտերութունների առջեւ:

Հայ ժողովրդի պայքարը, որ Հայաստանն ավելի արդար, ժողովրդավարական երկիր լինի եւ մյուս կողմից էլ պայքար, որ Հայաստանի շահերի պաշտպանությունը ներկայացվի միջազգային աշխարհում, դրանց մեջ զորավոր կապ կա: Եթե ներքին կյանքում ամեն ինչ լավ է, լավ կլինի նաեւ միջազգային ասպարեզում, և մեր դիրքերն ավելի ամուր կլինեն, իսկ եթե ներքինը տկար է, արտաքին հարաբերություններում չի կարող ամեն ինչ լավ լինել:

Եթե մենք չեն կարողանում պաշտպանել Հայաստանի շահերը Թուրքիայի դեմ կամ Լեռնային Ղարաբաղի եւ Ջավախքի խնդիրները, ուրեմն տկար է Հայաստանի ներքին իրավիճակը: Եթե Հայաստանում ժողովուրդն իրավունքներ չունի, եւ աշխարհն էլ տեսնում է, որ այդ իրավունքները չեն հարգվում, ինչպե՞ս պետք է ստիպենք, որ օտարը մեզ հարգի: Այդ հարգանքը պիտի սկսվի պետության ներսում, եւ եթե ուրիշները տեսնեն, որ մինչեւ վերջին քաղաքացու իրավունքները պաշտպանված են, եւ այդ առումով անկեղծ ենք, իրենք էլ այլ վերաբերմունք կունենան մեր նկատմամբ:

Ձեր կարծիքով Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանվա՞ծ են:

Այդ առումով Հայաստանում շատ խախտումներ են լինում, բայց սա է մեր երկիրը; Մենք էլ խնդիրներ ունենք Ամերիկայում, թեեւ 200 տարի է` ժողովրդավարության ուղով է երկիրը գնում: Ես Հայաստանի ներքին կյանքից գիտեմ այնքանը, ինչ գրում են թերթերը:

Երբ երկրի ներսում ընդդիմությունը ցույցեր է անում, իշխանություններն ասում են, որ միջազգային ասպարեզում թուլանում է Հայաստանի դիրքերը եւ վտանգվում է Արցախի խնդրի կարգավորումը` մեղադրելով Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու մեջ: Դուք նման կապ տեսնու՞մ եք:

Սուտ է այն մարդկանց ասածները, թե մարդը, ով պայքարում է իր իրավունքների կամ ժողովրդավարության համար, վատ է անդրադառնում երկրի վրա: Հայաստանը զորավոր երկիր կլինի, եթե ժողովրդավար լինի: Եթե, Աստված մի արասցե, պարերազմ սկսվի, պիտի երկրի քաղաքացիները գնան պատերազմելու ու մեռնեն կռվի դաշտում: Չեն կարող ասել` դու հիմա խոսելու կամ այլ իրավունք չունես, բայց որ պատերազմ սկսվի, պիտի գնաս զոհվես քո երկրի համար: Նման բան լինել չի կարող: Հիմիկվանից պետք է մտածել այդ մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter