«Մարդը տեղյակ չէ՝ ինչ է գրում, 15 րոպե ընդմիջում է խնդրում, որ գտնի իր արձանագրածը». Բագրատ Սրբազանը՝ ՔԿ փորձագետի մասին
«Սրբազան պայքար»-ի գործով այսօր՝ սեպտեմբերի 17-ին, շարունակվեց գրավոր ապացույցների հետազոտումը։ Դատական նիստին այս անգամ ևս հրավիրվել էին ՔԿ փորձագետներ՝ իրենց կողմից կազմած եզրակացությունների մասին պարզաբանումներ տալու համար։ Սակայն, շուրջ 3 ժամ տևած դատավարության ընթացքում նրանցից միայն մեկին՝ Անդրանիկ Ղուկասյանին հաջողվեց հարցաքննել։
Նա 6 տարվա աշխատանքային փորձ ունի, «Քննչական կոմիտեի փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում գլխավոր փորձագետ է։
Նրա կողմից կազմված փորձաքննության եզրակացությունը վերաբերում է Հայկ Մաթևոսյանի բնակության վայրից հայտնաբերված զենքերին և փամփուշտներին։
Պաշտպան Մկրտիչ Դավթյանը նշեց՝ որքանով տեղյակ է նման անունով մեղադրյալ չկա այս գործում, իսկ եթե Հայկ Մաթևոսյանը վկա է, ապա անհասկանալի է, ինչու է նրա տանից հայտնաբերած զենք-զինամթերքը, որն, իր տեղեկություններով, օրինական է, փորձաքննության ենթարկվել։
Այնուամենայնիվ, պաշտպաններին ոչ թե առավելապես հետաքրքրում էր այն, որ Հայկ Մաթևոսյանը մեղադրյալ չէ, այլ այն, որ փորձագետն այս եզրակացությունը կազմելիս օգտվել է 1960-1990-ական թվականների սովետական գրականությունից, իսկ այն զենքը, որը պետք է փորձաքննության ենթարկվեր, 2010-ականների արտադրության է։
Պաշտպաններին հետաքրքրում էր՝ որտեղից է փորձագետը եզրակացրել, որ դա այդ զենքն է, ինչ մեթոդիկա է կիրառել, երբ նշված գրականությունը չի կարող վերաբերելի լինել այդ զենքի տեսակին։
Փորձագետը դժվարանում էր պատասխանել հարցերին՝ ասելով, թե չի հիշում՝ կոնկրետ որ գրականության մեջ է տեղեկությունը եղել, և եթե պաշտպաններին հետաքրքրում է, կարող են գրավոր հարցում ուղարկել ՊՈԱԿ-ին, կպատասխանեն։
Իսկ այն հարցին՝ արդյո՞ք փորձագետի օգտագործած գրականության մեջ կա այս զենքի մասին, նա դրական պատասխանեց։
Պաշտպանները հարցրին՝ ինչպես է նա որոշել, որ հենց այդ տեսակի զենք է։ Փորձագետն էլ նշեց՝ չափերով, դրոշմվածքներով, կառուցվածքային առանձնահատկություններով։
Երբ փորձագետ Ղուկասյանին հարցրին՝ ինչ առանձնահատկություն ունի զենքը, նա պատասխան հարցադրում արեց՝ «ո՞ր զենքի մասին է խոսքը, որտե՞ղ է նշված»։
Դատավոր Կարեն Ֆարխոյանն առաջարկեց փորձագետին՝ եթե կարիք կա, կարող են 3-5 րոպե ընդմիջում հայտարարել, որից հետո կարող է պատասխանել։
Փորձագետը խնդրեց 15 րոպե ընդմիջում, սակայն դատավորը հայտարարեց 10 րոպե ընդմիջման մասին։
Ընդմիջումից հետո փորձագետը հայտարարեց՝ մեթոդներն են՝ չափում, դիտարկում, համեմատություն և փորձարարություն։
Դատախազը հետաքրքրվեց՝ զենքի վրա գրառումներ առկա՞ են։
«Այո, համարը, մոդելը նշված է»,- ասաց փորձագետը։
Պաշտպանները հարցրին՝ եթե այլ գործարանային նմուշ չի եղել, որտեղի՞ց գիտեն՝ ինչ տեսակի է։
«Հետքերով ինձ արդեն պարզա, ինչի՞ համար ուրիշի հետ համեմատեմ»,- պատասխանեց փորձագետը։
Նրա հարցաքննությունից հետո Բագրատ Սրբազանը հայտարարություն արեց՝ նշելով, որ այսպիսի վերաբերմունք կարող են ցուցաբերել յուրաքանչյուրի հանդեպ, և դա «այլանդակություն» որակեց։
«Մարդականց գործի են ընդունել անհապատասխան կերպով։ Մարդը գրում է, տեղյակ չէ՝ ինչ է գրում, 15 րոպե ընդմիջում է խնդրում, որ փնտրի և գտնի իր արձանագրածը, սա չլսված բան է։ Սա նշանակում է, որ այդ փորձագիտությունը չկա, սա փտած իրականության մասին է»,- հայտարարեց նա։
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15.00-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել