
Վիկտոր Դալլաքյանը՝ լրագրողներին. «Խելոք մնացեք»
Խորհրդարանական ընտրություններից հետո այսօր առաջին անգամ Ազգային ժողով էր եկել Վիկտոր Դալլաքյանը, սակայն նոր պաշտոնով: Նա ԱԺ-ում ներկայացնելու է ՀՀ նախագահին:
Լրագրողների հետ զրույցում Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ նոր պաշտոնի առաջարկը եղել է վաղուց, և իր համար անսպասելի չէր: Ավելին, նա լինելու է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և օժտված է լինելու լայն լիազորություններով: Հենց այդ նպատակով Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում կատարվելու են փոփոխություններ ու լրացումներ:
Վիկտոր Դալլաքյանի ասելով՝ 17 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ինքը համագործակցել է ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ: Համագործակցելու հետ մեկտեղ իր ելույթներում քննադատել է բոլոր նախագահներին:
«Որովհետև մենք քարանձավներում չենք ապրում. կարելի է և համագործակցել, և քննադատել: Թող ինքնագովեստ չհնչի, բայց ես նորանկախ Հայաստանի միակ պատգամավորն եմ, որ Ազգային ժողովի կողմից ընդունված 83 օրենքների հեղինակ եմ, որոնք ստորագրվել են առաջին, երկրորդ, երրորդ նախագահների կողմից»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը:
Ինչ վերաբերում է իր նոր պաշտոնին, ապա Վիկտոր Դալլաքյանի խոսքով՝ ինքը ներկայացնելու է ՀՀ նախագահի տեսակետները Ազգային ժողովում և ունենալու է արտահերթ ելույթի իրավունք, ինչը մինչ այժմ չի եղել: Վիկտոր Դալլաքյանի գործառույթների մեջ է մտնելու նաև կառավարության և պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ եզրակացությունները համակարգելը և նախագահի տեսակետները ներկայացնելը:
«Ես հետևելու եմ մամուլի հրապարակումներին, նաև հանդիպումներ եմ ունենալու հանրության տարբեր շրջանակների հետ և ԶԼՄ-ների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին տալու եմ օրենսդրական լուծումներ և այդ առաջարկությունները ներկայացնելու եմ հանրապետության նախագահին: Ընդ որում, իմ գործառույթներն իրականացնելիս համագործակցելու եմ ԱԺ բոլոր խմբակցությունների հետ»,- ավելացրեց Վ. Դալլաքյանը:
Վերջում նա նշեց, որ կան լրագրողներ, որոնց իր սենյակում մատուցել է խորհրդատվություններ, և շարունակելու է նաև այդ գործով զբաղվել: «Չնայած այդ լրագրողներից որևէ մեկը, այսպես կոչված, ընտրություններից հետո ինձ չի զանգահարել հետաքրքրվելու, թե ես ինչպես եմ և այլն: Սա արդեն մարդկային խնդիր է, և չեմ ցանկանում դրան անդրադառնալ: Ես բոլոր մարդկանց, ովքեր իմ մասին տարբեր լուրեր, կեղծիքներ են հրապարակել, ներում եմ»,- ասաց Վ. Դալլաքյանը:
Երբ լրագրողները հակադարձեցին, թե ընտրություններից հետո ինքը հեռախոսազանգերին չի պատասխանել, ուստի հնարավորություն չեն ունեցել իրենով հետաքրքրվելու, Վ. Դալլաքյանը պատասխանեց. «Խելոք մնացեք»:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել