ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև բարեկամությունը, հավանաբար, ավարտվել է. Գերմանիայի կանցլեր
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված «անվերապահ կապերի» ժամանակաշրջանը մոտեցել է ավարտին։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ նրա հայտարարությունը Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին Եվրամիության և ԱՄՆ-ի հարաբերություններում առաջացած տարաձայնությունների հերթական դրսևորումն է։
Մերցի խոսքով՝ «Ատլանտյան օվկիանոսի մյուս ափին տեղի է ունենում քաղաքական տրամադրությունների փոփոխություն, փոխվում է նաև վերաբերմունքը տրանսատլանտյան դաշինքի նկատմամբ»։ Նա նշել է, որ Եվրոպայում նման զարգացումն անգամ չէին կարող երեւակայել։
«Տրանսատլանտյան անվերապահ բարեկամության այս դարաշրջանը, հավանաբար, ավարտվել է՝ առնվազն տեսանելի ապագայում»,- Բեռլինում իր կուսակիցների առջև ելույթի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է եվրոպական երկրներին պաշտպանության ծախսերի շուրջ տարաձայնությունների պատճառով, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի շրջանակում։ Նա նաև սպառնում է, որ Միացյալ Նահանգները կարող է դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից։ Թրամփի պնդմամբ՝ դաշնակիցները «բավարար չափով չեն վճարում» և ձգտում են իրենց անվտանգությունն ապահովել Միացյալ Նահանգների հաշվին։
2025 թվականին Թրամփը հայտարարել էր, որ իր ջանքերի շնորհիվ դաշնակից երկրները համաձայնել են պաշտպանության ոլորտի ծախսերը հասցնել համախառն ներքին արդյունքի 5%-ին։ Իսպանիան, սակայն, չէր համաձայնել այդ պահանջին, ինչից հետո 2026 թվականի մարտին ԱՄՆ նախագահը հայտարարել էր այդ երկրի հետ առևտրային հարաբերությունները դադարեցնելու մասին։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել