«Ուկրաինային տրամադրելու ենք ևս 3.3 մլրդ եվրո». Ֆոն դեր Լայեն
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, ինչից հետո հայտարարել է պաշտոնական Կիևին ևս 3.3 միլիարդ եվրո տրամադրելու մասին։
«Ռուսաստանն անդադար թիրախավորում է Կիևը՝ փորձելով անհնարին դարձնել դրա բնակիչների առօրյա կյանքը։ Մենք նրանց և բոլոր ուկրաինացիների կողքին ենք։ Վաղը մենք Ուկրաինային ևս 3,3 միլիարդ եվրո կհատկացնենք հրթիռներ և անօդաչուներ գնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 11-ին Եվրահանձնաժողովը հաստատել էր Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի տրամադրումը պաշտպանական տարբեր միջոցներ ձեռք բերելու նպատակով։
ԵՄ-ն այս որոշմամբ Ուկրաինային հնարավորություն է տվել ձեռք բերել PAC-3 հրթիռներ՝ նախատեսված Patriot համակարգերի համար։ Ֆինանսավորումն իրականացվում է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկային աջակցության ծրագրի շրջանակում։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն ցանկություն ունի մշակել եվրոպական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգ, որը հիմնված կլինի համատեղ «Ֆրեյա» (Freya) հակաբալիստիկ համակարգի վրա։
Ըստ նրա, այս որոշմամբ ԵՄ-ն կկարողանա միավորել Ուկրաինայի մարտական փորձն ու նորարարությունները Եվրոպայի տեխնոլոգիական և արդյունաբերական կարողությունների հետ։
Հիշեցնենք, որ օգոստոսին Զելենսկին հայտարարել էր, որ այս տարի երկրի ռազմական բյուջեում 23 մլրդ եվրոյի պակասուրդ կա։ Նշված գումարները կփակեն պակասուրդի որոշ մասը։
Սամսոն Մարտիրոսյան,
Բրյուսել
Կարդացեք նաև ԵՄ չորս անդամներ կրկին առաջարկում են ռուսական սառեցված ակտիվներն օգտագործել Ուկրաինային ռազմական օգնության նպատակով
Գլխավոր լուսանկարը՝ Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել