HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի տիրապետմանն է վերադարձվել օրենքի խախտմամբ վարձակալված 4 հա հողամասը

Լոռու մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա, պետական շահերի պաշտպանության շրջանակում, լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը։ Դրա արդյունքում համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2 միլիոն 710 հազար դրամ կադաստրային արժեքով 4 հա մակերեսով հողամաս։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Ս.Ա.-ն, 1993-2017 թվականներին զբաղեցնելով Լոռու մարզի Պուշկինո համայնքի ղեկավարի պաշտոնը, 2007 թվականի հունիսի 26-ին անձամբ մասնակցել և հաղթող էր ճանաչվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող 4 հա մակերեսով վարելահողի՝ 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպված մրցույթում։

Միաժամանակ, Ս.Ա.-ն հանդիսացել էր մրցույթի կազմակերպիչ և մրցութային հանձնաժողովի նախագահ, որպիսի պայմաններում մրցույթին իր մասնակցությունը հակասել էր «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված արգելքին։

Քրեական վարույթի շրջանակում 2026 թվականի հուլիսի 14-ին Ս.Ա.-ի նկատմամբ կայացվել էր քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Միաժամանակ, քրեական վարույթի նյութերը ստացվել էին Լոռու մարզի դատախազությունում՝ պետական շահերի պաշտպանության նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու համար։

Ուսումնասիրության արդյունքում Լոռու մարզի դատախազությունը, հաշվի առնելով, որ հողամասի վարձակալության մրցույթում Պուշկինո համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հաղթող ճանաչվելը տեղի էր ունեցել օրենքի էական խախտմամբ, Գյուլագարակ համայնքի ղեկավարին միջնորդագիր էր ներկայացրել՝ վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ։

Միջնորդագրի հիման վրա՝ վարձակալության պայմանագիրը լուծվել է։

2026 թվականի սեպտեմբերի 11-ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման արդյունքում Գյուլագարակ համայնքի տիրապետմանն է վերադարձվել 4 հա մակերեսով հողամաս՝ 2 միլիոն 710 հազար դրամ կադաստրային արժեքով»,–նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter