Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրենքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրենքը։ Այդ պատժամիջոցներն ամերիկյան մամուլում հաճախ անվանում են «դժոխային պատժամիջոցներ»։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Նախաձեռնության ամբողջական անվանումն է՝ «Լինդսի Օ. Գրեմի՝ Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին 2026 թվականի օրենք»։ Այն նախատեսում է Ռուսաստանի նկատմամբ օրենքով սահմանված պատժամիջոցների, մաքսատուրքերի և արգելքների կիրառում ու ընդլայնում, ինչպես նաև երկարաձգում է Իրանի դեմ գործող պատժամիջոցները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ «այս չափազանց կարևոր օրենքը ստորագրելու համար»։ «Երբ Լինդսի Գրեմն այստեղ՝ Ուկրաինայում էր, նա միշտ խոսում էր այն մասին, թե որքան կարևոր է չթուլացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը, խստացնել պատժամիջոցները և փնտրել խաղաղության հասնելու ճանապարհ։ Այդ թվում՝ այն մայրաքաղաքներում, որտեղ որոշումներ են ընդունվում ռուսական նավթի գնման, Ռուսաստանին ֆինանսական ծառայությունների տրամադրման և Պուտինի ու պատերազմի հետ կապված ռուսական ընկերությունների հետ այլ երկրներում սովորական գործարար հարաբերությունների պահպանման վերաբերյալ»,- գրել է Զելենսկին։
Պատժամիջոցների մասին օրենքի նախաձեռնողը հանրապետական սենատոր Լինդսի Գրեմն էր, որը մահացել է 2026 թվականի հուլիսին։ Օրենքն ԱՄՆ նախագահին լիազորում է մինչև 100 տոկոս մաքսատուրքեր սահմանել ռուսական էներգակիրների 5 խոշորագույն գնորդների նկատմամբ։ Բացի այդ, այն պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի պաշտպանական, էներգետիկ և ֆինանսական կառույցների, ռուսական «ստվերային նավատորմի», ինչպես նաև այդ երկրի քաղաքական և ռազմական ղեկավարության գրեթե ամբողջ կազմի նկատմամբ։
Ներկայացուցիչների պալատում օրինագծի քննարկման ժամանակ դրան դեմ էր հանդես գալիս դեմոկրատների զգալի մասը։ Նրանք մտավախություն ունեին, որ Թրամփը կարող է օրինագիծն օգտագործել որպես ներմուծման նոր մաքսատուրքեր սահմանելու լրացուցիչ իրավական հիմք։
Օրինագծի դեմ առարկություններ ունեին նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչները՝ պնդելով, որ այն «կարող է սպառողների համար չնախատեսված հետևանքներ ունենալ»։
Չնայած առարկություններին՝ սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց օրինագծին։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել