Դպրոցից հետո՝ ոստիկանություն․ մասնագիտական կրթությունը կարող է փոխարինել պարտադիր զինվորական ծառայությանը
Ներքին գործերի նախարարությունը առաջարկում է փոխել ոստիկանության և փրկարար ծառայության համար կադրերի պատրաստման գործող մոտեցումը։ Գաղափարն այն է, որ երիտասարդը դպրոցն ավարտելուց հետո հնարավորություն ունենա ընտրել այս ոլորտներից մեկը, ստանալ պետական պատվերով մասնագիտական կրթություն և հետագայում շարունակել ծառայությունը ՆԳՆ համակարգում։ Այս մոտեցմամբ պայմանավորված՝ նախարարությունը ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման:
Մասնավորապես՝ գործող կարգավորումներով ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերով սովորել ցանկացող քաղաքացին պետք է լինի առնվազն 18 տարեկան և, օրենքով նախատեսված բացառություններից բացի, անցած լինի պարտադիր զինվորական ծառայություն։ Այս պահանջի պատճառով դպրոցն ավարտելուց հետո ոստիկանության կամ փրկարար ծառայության ոլորտը որպես մասնագիտություն ընտրած երիտասարդը չի կարող անմիջապես անցնել համապատասխան մասնագիտական կրթության։
ՆԳՆ-ն խնդիր է տեսնում հենց այս փուլում։ Նախարարության հիմնավորմամբ՝ եթե երիտասարդը դպրոցն ավարտելու պահին արդեն որոշել է իր մասնագիտական ապագան կապել ոստիկանության կամ փրկարար ծառայության հետ, այդ ընտրությունը պետք է հնարավոր լինի իրականացնել հենց այդ ժամանակ։ Հակառակ դեպքում, տարիների ընթացքում նրա մասնագիտական հետաքրքրությունները կարող են փոխվել, և նա կարող է ընտրել մեկ այլ մասնագիտություն կամ կարիերայի ուղի։
Առաջարկվող համակարգի նպատակն է ոստիկանության և փրկարար ծառայության համար կադրեր պատրաստել ոչ միայն այն ժամանակ, երբ արդեն առկա է թափուր պաշտոն, այլև ավելի վաղ փուլից՝ ձևավորելով ոլորտի ապագա մասնագետների կայուն խումբ։ ՆԳՆ-ի գնահատմամբ՝ համայնքային ոստիկանության նոր մոդելի, ոստիկանության մյուս ուղղությունների և փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրման համար անհրաժեշտ են մասնագիտական պատրաստվածություն, բարեվարքություն և հանրային ծառայության նկատմամբ պատասխանատվություն ունեցող կադրեր։
Ներդրվում է ծառայողի մասնագիտական և ծառայողական առաջխաղացման գործիքակազմ։ Երիտասարդը պետական պատվերով կստանա մասնագիտական կրթություն, կպատրաստվի ծառայության անցնելուն և հետագայում հնարավորություն կունենա իր կարիերան շարունակել ՆԳՆ համակարգում։
Միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած անձինք նշանակվելու են ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին խմբի պաշտոններում՝ պայմանով, որ ՆԳՆ-ում կամ ենթակա պետական մարմիններում անընդմեջ 10 տարի ծառայելու պարտավորություն կստանձնեն։
Միաժամանակ, նախատեսվում է ծառայողական առաջխաղացման փուլային հնարավորություն։ Միջին խմբի պաշտոնում 5 տարի ծառայելուց հետո անձը կարող է նշանակվել ավագ խմբի պաշտոնում, իսկ ավագ խմբում 3 տարի ծառայելուց հետո՝ օրենքով սահմանված պայմանների պահպանման դեպքում, հնարավորություն կունենա նշանակվել գլխավոր խմբի պաշտոնում։ Այսինքն՝ միջին մասնագիտական կրթությունը չի սահմանափակելու ծառայողի հետագա կարիերան միայն սկզբնական պաշտոնով։ Օրինակ՝ ոստիկանության միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած և համայնքային ոստիկանության միջին խմբի պաշտոնում նշանակված ծառայողը կարող է հետագայում առաջխաղացում ունենալ նույն ծառայության ներսում։ Միաժամանակ, համապատասխան վերապատրաստում անցնելու և սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում նա կարող է տեղափոխվել ՆԳՆ մեկ այլ ուղղություն։
Ծառայության գրավչությունն ավելացնելու համար նախատեսվում է նաև, որ միջին խմբի պաշտոնում նշանակվելու պահից այս անձինք կհամարվեն ատեստավորված և կստանան Կառավարության սահմանած չափով հավելավճար։
Նախագծով նախատեսվում է, որ այն անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության պարտականությունը, որոնք ուսման և հետագա անընդմեջ ծառայության ընթացքում ամբողջությամբ կկատարեն պետության առջև ստանձնած պարտավորությունը, կհամարվի կատարված։ Այսինքն՝ պետությանը և հասարակությանը երկարաժամկետ ծառայությունը տվյալ դեպքում դիտարկվում է որպես զինվորական ծառայության պարտականության այլընտրանքային կատարում։
ՆԳՆ-ի ներկայացրած նախագծի համաձայն՝ բացի պետական պատվերի տեղերի ընդհանուր թվից, Կառավարությունը կսահմանի նաև տարկետման իրավունքով տեղերի թիվը։ Ընդունելության առաջին փուլում նախատեսվում է 70 նման տեղ, իսկ հետագայում դրանց թիվը կարող է ավելացվել։
ՆԳՆ-ի հաշվարկով՝ մեկ սովորողի համար մեկ տարի վեց ամիս տևողությամբ միջին մասնագիտական կրթության պետական ծախսը կկազմի մոտ 4 մլն 333 հազ. 320 դրամ։ Այդ գումարից 1 մլն 710 հազ. դրամը նախատեսվում է սովորողին ուսումնառության ամբողջ 18 ամիսների ընթացքում ամսական 95 հազ. դրամ վարձատրություն տրամադրելու համար։ Մնացած 2 մլն 623 հազ. 320 դրամը նախատեսվում է կրթական ծրագրի իրականացման մյուս ծախսերի՝ դասախոսների աշխատավարձերի, կոմունալ և այլ ծախսերի համար։
Այս հաշվարկը հիմնված է նախորդ ուսումնական տարիներին ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական միջին մասնագիտական կրթական ծրագրերի համար պետական բյուջեից հատկացված միջոցների վրա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել