Ի՞նչ կապ ունեն Ալիշեր Ուսմանովն ու Ադրբեջանում կալանավորված երկու ֆրանսիացին ԵՄ պատժամիջոցների բանակցությունների հետ
ԵՄ դեսպաններն արդեն մեկ շաբաթ է` չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի հետ կապ ունեցող մոտ 3000 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ ԵՄ պատժամիջոցների ժամկետները երկարաձգելու շուրջ։
Ֆրանսիան և Սլովակիան պահանջում են պատժամիջոցների ցանկից հանել ազգությամբ ուզբեկ, ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովին։
Ֆրանսիայի դիրքորոշումը կապված է Ադրբեջանում կալանավորված Ֆրանսիայի երկու քաղաքացիների հետ, որոնցից մեկին Ադրբեջանը դատապարտել է 10 տարվա ազատազրկման լրտեսության մեղադրանքով։
Ըստ միջազգային մամուլի` Ֆրանսիան և Ադրբեջանը գաղտնի բանակցությունների մեջ են եղել, ինչն ազդել է Ֆրանսիայի դիրքորոշման վրա։
Պաշտոնական Բաքուն, որը տարբեր առիթներով միացել է Ուսմանովի հանդեպ պատժամիջոցները չեղարկելու կոչերին, օգտագործում է կալանավորված ֆրանսիացիներին՝ Ֆրանսիայի միջոցով Ուսմանովի հանդեպ ԵՄ պատժամիջոցները մեղմելու համար։
Ադրբեջանն ամբողջովին հերքում է սա, իսկ Ֆրանսիայի արտգործնախարարությունը մանրամասներ չի հայտնում` նշելով, որ հարցն ազգային անվտանգության տիրույթում է։
ԵՄ պատժամիջոցների փակուղին
ԵՄ կանոնների համաձայն՝ Ռուսաստանի հետ կապ ունեցող մոտ 3000 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու համար պահանջվում է բոլոր 27 անդամ պետությունների միաձայն համաձայնությունը:
Սլովակիան դեռ ամռան սկզբին պնդում էր՝ Ուսմանովի և մեկ այլ ազդեցիկ ռուսաստանցի օլիգարխի՝ Միխայիլ Ֆրիդմանի անունները ցուցակից անհրաժեշտ է հանել։
Անցած շաբաթ Ֆրանսիան անսպասելիորեն միացավ Սլովակիային՝ վետո դնելով պատժամիջոցները ևս մեկ տարով երկարաձգելու վրա։
Ստեղծված փակուղին ստիպեց ԵՄ դեսպաններին արտակարգ բանակցություններ սկսել։ Պատժամիջոցների երկարաձգման վերջնաժամկետն ավարտվում է այս շաբաթ, և ԵՄ անդամները պետք է համաձայնության գան մինչ այդ։
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ԵՄ դեսպանները շարունակել են բանակցությունները։
Շրջանառվում է հարցի փոխզիջումային լուծման մի քանի տարբերակ։ Դրանցից մեկի համաձայն՝ Ուսմանովը կմնա պատժամիջոցների պաշտոնական ցուցակում, սակայն որոշակի սահմանափակումներ, ինչպիսիք են ԵՄ մուտքի արգելքը և ակտիվների սառեցումը, մասնակիորեն կչեղարկվեն։
Շրջանառվող փոխզիջումային առաջարկը ԵՄ անդամ երկրներին բաժանել է տարբեր ճամբարների։ Որոշ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան և Իտալիան, ազդանշան են տվել, որ կարող են ընդունել Ֆրանսիայի պահանջը ստեղծված փակուղուց դուրս գալու համար։ Որոշ երկրներ դեռևս տատանվում են` կասկածի տակ դնելով ԵՄ հավաքական պատժամիջոցները ազգային նպատակներին ծառայեցնելու նպատակահարմարությունը։ Իսկ ամենամեծ երկրների բլոկը վճռականորեն դեմ է ցանկացած զիջման` համարելով, որ Ֆրանսիայի և Սլովակիայի պահանջները կթուլացնեն պատժամիջոցների համակարգի ամբողջականությունը և վտանգավոր նախադեպ կստեղծեն։ Բրյուսելում լարված բանակցությունները այսօր շարունակվել են։ Ակնկալվում է, որ ԵՄ-ն միասնական դիրքորոշում կհայտնի մինչև սեպտեմբերի 22-ը։
Ադրբեջանում պահվող ֆրանսիացիներ. ովքեր են նրանք ու ինչպես են դատապարվել
Այս հարցի կենտրոնում հայտնված ֆրանսիացիներից մեկը Մարտեն Ռայանն (Martin Ryan) է, ով ձերբակալվել էր 2023 թվականի դեկտեմբերին և հետագայում դատապարտվել 10 տարվա ազատազրկման ադրբեջանական խիստ ռեժիմի բանտում։
Ադրբեջանը Ռայանին մեղադրել է ֆրանսիական հետախուզության օգտին լրտեսություն անելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա գաղտնի տեղեկություններ է հավաքել Թուրքիայի, Պակիստանի և Իրանի հետ Բաքվի ռազմական կապերի, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների մասին։
Ռայանը մեղավոր է ճանաչվել նաև Ադրբեջանի քաղաքացի Ազադ Մամեդլիին հավաքագրելու մեջ, ով պետական դավաճանության համար դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։
Թե՛ Ֆրանսիայի կառավարությունը, թե՛ Ռայանը բազմիցս հերքել են լրտեսության մեղադրանքները։ Ռայանը դատարանում պնդել է, որ գործել է՝ անտեղյակ լինելով, իսկ Ֆրանսիան նրա կալանավորումը որակել է «կամայական»։
Կալանավորված երկրորդ ֆրանսիացու մասին տեղեկություններ չկան։
Ուսմանովին պատժամիջոցների ցուցակից հանելու Ֆրանսիայի պահանջն ուղղակիորեն կապված է Ռայանի և մյուս կալանավորված ֆրանսիացու ազատ արձակման հետ։
Ըստ Reuters-ի` Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Պասկալ Կոնֆավրյոն (Pascal Confavreux) մամուլի ասուլիսին հրաժարվել է մանրամասներ հայտնել Ադրբեջանի դերի մասով` պնդելով, որ հարցն «ազգային անվտանգության» տիրույթում է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել