Կաթողիկոսը Անկախության տոնի առիթով այցելել է Եռաբլուր
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
«Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ ու անվտանգ կյանքի համար:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության և անկախության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:
Պանթեոնում Հայոց Հայրապետի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:
Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել