HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

514 մլն դոլար` կես տարում. Հայաստանից պղնձի խտանյութի արտահանումը կտրուկ աճել է

«Հայաստանից արտահանումն առաջին կիսամյակում նվազել է 6.7%-ով միայն վերաարտահանման կրճատման հաշվին, իսկ հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է աննախադեպ՝ 30%-ով»,- սեպտեմբերի սկզբին բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 

Թե որ ապրանքների հաշվին է աճել հայկական ծագման ապրանքների արտահանումը, նախարարը չի մանրամասնել («Հետք»-ը հարցմամբ դիմել է նախարարին՝ ստանալու այդ ցանկը, որից հետո առավել մանրամասն կներկայացնենք):

Սակայն, ակնհայտ է, որ այդ ցուցանիշներին, որոնցով Կառավարության անդամները հպարտանում են, օգնել է նաև միջազգային շուկայում պղնձի գների բարձրացումը։ Մի բան, որը ոչ թե Կառավարության աշխատանքի արդյունքն է, այլ արտաքին գործոն։

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանված ապրանքների շարքում առաջին տեղում պղնձի խտանյութն է։ Վեց ամսում արտահանվել է 201 հազար տոննա պղնձի խտանյութ (հանքաքար և խտահանք), որի արժեքը կազմել է 514 մլն դոլար։ Այս մասին են վկայում Մաքսային ծառայության տվյալները։

2025 թվականի առաջին կիսամյակի համեմատ արտահանվող պղնձի քանակն աճել է 29%-ով, իսկ արժեքը՝ 92%-ով։ Այսինքն՝ այս տարի պղնձի խտանյութը միջինում ավելի թանկ գնով է արտահանվել (մոտ 2.6 հազար դոլար), քան նախորդ տարի (1.7 հազար դոլար)։ Եվ միայն պղնձի խտանյութի գծով արտահանման 247 մլն դոլարի աճ կա։ 

Այդպիսով պղինձը վերադարձրել է իր առաջնային դիրքն արտահանման կազմում. վերջին տարիներին զիջել էր վերաարտահանվող ոսկուն, բջջային հեռախոսներին, ադամանդին և այլն։

Հայաստանից արտահանվող պղնձի խտանյութը ներմուծող երկրները հետագայում վերամշակում են, վերջնական պղինձ ստանում։   

Եթե 2025 թվականի սկզբում Լոնդոնի մետաղների բորսայում պղնձի մեկ տոննայի գինը 10 հազար դոլարի չէր հասնում, ապա այսօր այն մոտեցել է 15 հազար դոլարի շեմին։

Պղնձի թանկացումը պայմանավորված է մի քանի հանգամանքով. համաշխարհային առաջատար արտադրող երկրներում արդյունահանման ծավալները նվազել են, ինչի հետևանքով պղնձի խտանյութի շուկայում գոյացել է լուրջ դեֆիցիտ: Մյուս կողմից էլ ավելացել է պահանջարկը․ էլեկտրամոբիլների արտադրությունը, վերականգնվող էներգետիկայի ենթակառուցվածքները և տվյալների կենտրոնների ընդլայնումը շարունակում են բարձր պահանջարկ գեներացնել:

Ինֆոգրաֆիկայում Լոնդոնի մետաղների բորսայի պաշտոնական կայքում արտացոլված գնային տվյալներն են (Cash):

Պղնձի միջազգային գների բարձրացումը Հայաստանի ամբողջ տնտեսության վրա է ազդում։ Գոնե, կարճաժամկետում այն թողնում է տեսանելի դրական ազդեցություն, երկարաժամկետում՝ ռիսկեր պարունակում։ 

Այն դրական է ազդում ոչ միայն արտահանման ցուցանիշների վրա, այլև հանքարդյունաբերողների հարկերի։

Այս ամենը շղթայական է աշխատում․ արտահանման արդյունքում երկիր է մտնում արտարժույթ, որի ավելացումը նպաստում է հայկական դրամի փոխարժեքի կայունացմանը կամ արժևորմանը: Սակայն, թե որքանով է կոնկրետ պղնձի արտահանումը նպաստել վերջին շրջանում դրամի արժևորմանը, դժվար է ասել, քանի որ փոխարժեքի վրա միաժամանակ ազդում են բազմաթիվ այլ գործոններ (տրանսֆերտներ, զբոսաշրջություն, ԿԲ դրամավարկային քաղաքականություն, կապիտալի հոսքեր և այլն):

Զուգահեռ՝ երկարաժամկետ հատվածում տնտեսությունը դառնում է ավելի զգայուն միջազգային շուկաների տատանումների նկատմամբ: Բացի այդ, դրամի արժևորումը տնտեսության համար միշտ չէ, որ ունենում է դրական ազդեցություն։

Պղնձի խտանյութի արտադրությունը ևս աճել է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 172 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճել է 31.4%-ով։

ԶՊՄԿ-ն ամենախոշոր արդյունաբերողն է, պղնձի և մոլիբդենի ամենախոշոր արտահանողը։ 2025 թվականի տարեկան տվյալներով, որոնք վերցրել ենք Պետական եկամուտների կոմիտեի բազաներից, արտահանված պղնձի խտանյութի շուրջ 70%-ը (ըստ արժեքի) արտահանում է ԶՊՄԿ-ն՝ դեպի Չինաստան, Բուլղարիա և Նիդերլանդներ։

Հայաստանից պղնձի խտանյութի մյուս հիմնական արտահանողը «Թեղուտ» ընկերությունն է, որն արտահանում է Չինաստան։ Ոչ մեծ չափերով արտահանել է նաև «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը», դեպի Բուլղարիա և Նիդերլանդներ։

Հայկական պղնձի հիմնական գնորդը Չինաստանն է, երկրորդ տեղում Բուլղարիան է

Հայկական պղնձի գլխավոր գնորդը շարունակում է մնալ Չինաստանը։ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանված պղնձի մոտ 65%-ը (թե՛ ըստ արժեքի, թե՛ ըստ քանակի) բաժին է հասել Չինաստանին։

Մյուս հիմնական շուկան Բուլղարիան է, որին, ըստ արժեքի, բաժին է ընկել 34%-ը։ Փոքր մասնաբաժին էլ ունի Շվեյցարիան (մոտ 1%):

Նախորդ տարիներին Հայաստանը արտահանել է նաև ոչ մեծ ծավալի պղնձի թափոն և ջարդոն։ Այս տարվա առաջին կիսամյակում չի արտահանել։ Փոխարենն ավելացրել է զտած պղնձի ծավալները՝ կիսամյակում հասցնելով 12 մլն դոլարի։

Հանքահումքի և պլատինի հաշվին Հայաստանից Չինաստան արտահանումը կտրուկ ավելացել է

Մաքսային ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Չինաստան է արտահանվել 526 մլն դոլարի ապրանք։ Նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ ցուցանիշն աճել է 83%-ով։

Սակայն, դա տեղի է ունեցել ոչ թե արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացման, այլ մեծապես պղնձի խտանյութի և կիսամշակ պլատինի արտահանման հաշվին։

Ընդ որում՝ եթե պղնձի խտանյութը համարվում է հայկական ծագման արտադրանք, ապա անմշակ կամ կիսամշակ պլատինի պարագայում խոսքը վերաարտահանման մասին է։ Համադրելով արտաքին առևտրի տվյալները՝ տեսնում ենք, որ պլատինը ներմուծվել է Ռուսաստանից և վերաարտահանվել Չինաստան։ Արդյոք մինչև վերաարտահանվելն այն որևէ վերամշակման ենթարկվել է, հայտնի չէ։

Արդյունքում Չինաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման կազմում այս տարվա առաջին կիսամյակում թռիչքային աճել է և կազմել 15.3%։ Այստեղ Չինաստանը երկրորդ տեղում է՝ Ռուսաստանից հետո։

Հայաստանն ավելացրել է նաև մոլիբդենի և թանկարժեք մետաղների խտանյութերի արտահանումը։ Պղնձի համեմատ դրանք ավելի համեստ ծավալներ ունեն։

Գլխավոր լուսանկարը՝ ԶՊՄԿ-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter