Արարատի մարզում սկսվեց խաղողի մթերումը
Այսօր Արարատի մարզի Այգավան գյուղում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գևորգյանի հետ մասնակցեց խաղողի մթերման մեկնարկին:
Երևանի Կոնյակի գործարանը նախորդ տարվա 20344 տոննայի փոխարեն ընթացիկ տարում գյուղացիներից պայմանագրային հիմունքներով կընդունի 24000 տոննա խաղող: Անհրաժեշտության դեպքում մթերման ծավալները կավելացվեն: Վճարումները, ինչպես նախորդ տարի, կկատարվեն գումարը գյուղացու վարկային հաշվեհամարին անմիջապես փոխանցելու ճանապարհով:
Վաղը խաղողի մթերումներ կսկսվեն նաև Արմավիրի մարզում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերամշակողներին ամենակարճ ժամկետներում մթերման գործընթացը կարգավորելու ու գյուղացու աճեցրած բերքն ամբողջովին ու խելամիտ գներով ընդունելու մասին ուղղված խոսքերը լայն ու գործնական արձագանքների են արժանացել հանրապետությունում:
Խաղող վերամշակող գործարանները, մասնավորապես, միաձայն պարտավորվել են նախորդ տարվա 128,9 հազար տոննայի դիմաց ընթացիկ տարում մթերել մինչև 166 հազար տոննա խաղող: Անցյալ տարվա մթերման 130 դրամ գնի փոխարեն Արարատյան դաշտում խաղողի մթերման մեկնարկային գինն այս տարի 140, իսկ Տավուշի մարզում 130 դրամ է:
Գյուղատնտեսության նախարարություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել