HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան

Դատախազը դատարան է հանձնել «Արմենիկում» ՓԲԸ տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. վարույթով տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառման արդյունքում։ Այս մասին հայտնում է Դատախազության Հանրային կապերի բաժինը, որի տարածած հաղորդագրությունը՝ ստորեւ։

«Դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 22-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ կատարելու և դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու համար մեղադրվող՝ «Արմենիկում» ՓԲ ընկերության տնօրեն Ա.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը (խոսքը նախկին դիվանագետ եւ հասարակական-քաղաքական գործիչ Արման Մելիքյանի մասին է-խմբ.):

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Մ.-ն, 1998-ից 2023 թվականների ընթացքում հանդիսանալով «Արմենիկում» ՓԲ ընկերության տնօրենը, առանց ընկերության բաժնետերերի ժողով հրավիրելու, կազմել է «Արմենիկում+» ՓԲ ընկերության բաժնետերերի ժողովի կեղծ արձանագրություն:

Ա.Մ.-ն արձանագրության մեջ ներառել է Ընկերության բաժնետերերի մասնակցության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ, արձանագրությունը ներկայացրել է իրավասու պետական մարմին և ապօրինի եղանակով ստանձնել «Արմենիկում+» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պարտականությունները:

Այնուհետև, Ա.Մ.-ն, Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված և 100 տոկոս ՀՀ սեփականությունը հանդիսացող «Արմենիկում» ՓԲ ընկերությունից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու նախնական դիտավորությամբ, հաշվապահական հաշվառման վերաբերյալ այլ կեղծ ապացույցների հիման վրա՝ ֆինանսական գործառնությունները իրական և հիմնավոր ներկայացնելու նպատակով, պետությունից հօգուտ «Արմենիկում+» ՓԲ ընկերության 1 միլիարդ 500 միլիոն 770 հազար դրամ բռնագանձելու պահանջով, փաստաբանի միջոցով, 2025 թվականի նոյեմբերի 27-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան:

Դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 11-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Մ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 44-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 479-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 2026 թվականի սեպտեմբերի 22-ին քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:

Նշենք, որ ի թիվս վարութային այլ գործողությունների, նախաքննության ընթացքում Եվրաջասթի գործիքակազմի կիրառման արդյունքում ձեռք են բերվել տվյալներ, որոնցով հիմնավորվել են մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքները:

Դատախազության կողմից գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններ՝ «Արմենիկում+» ՓԲ ընկերության տնօրենի գրանցումը և քաղաքացիական գործով ներկայացված ապացույցները ոչ իրավաչափ ճանաչելու գործընթաց իրականացնելու վերաբերյալ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter