HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Ավետիսյանի պատասխանը «Հուշատախտակ սղոցողը» հոդվածին 

Երևանի Կիևյան 7 շենքի պատից հուշատախտակը ապամոնտաժելու փորձ արած ճարտարապետ Արսեն Ավետիսյանը պատասխանել է «Հետքի» հարցերին։ Նախորդ շաբաթ «Հուշատախտակ սղոցողը» հոդվածում ներկայացրել էինք անվանի ըմբիշ Ռուբեն Վարդանյանի հուշատախտակի շուրջ կատարվող իրադարձությունները, որոնց վերաբերյալ անհամաձայնություն ունի այն հեռացնել ցանկացող Արսեն Ավետիսյանը։

Ստորև ներկայացնում ենք Ավետիսյանին ուղղված մեր հարցերը, նրա պատասխանը և դիրքորոշումը։

–Ինչո՞ւ եք փորձել շենքի պատից հեռացնել հուշատախտակը։

–Ես որևէ ապօրինի գործողություն չեմ կատարել։ Հուշատախտակի տեղադրումն ինքնին ապօրինի է հետևյալ անհերքելի իրավական փաստերով․

  • Վարչական ակտի խախտում․ 12.06.1997թ․ Երևանի քաղաքապետի թիվ 504 որոշման 1-ին կետը սահմանում է՝ «Թույլատրել ․․․ Ռուբեն Վարդանյանի ապրած տան պատին տեղադրել հուշատախտակ ․․․»։ Որոշմամբ հստակ ամրագրված է «Ռուբեն Վարդանյանի ապրած տան պատին» հատվածը, սակայն այն ապօրինաբար տեղադրվել է վերջինիս ապրած տնից մոտ 60 մետր հեռավորության վրա գտնվող՝ ինձ պատկանող տան պատին։ Տվյալ տունը որևէ առնչություն չունի Ռ․ Վարդանյանի հետ, և նա երբեք չի ապրել այդ տանը։
  • Պետական հուշարձանի կարգավիճակի բացակայություն․ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 10.02.2026թ․ թիվ 01/53 պաշտոնական գրությամբ հաստատվել է, որ տվյալ հուշատախտակը ընդգրկված չէ պետական ցուցակներում և չունի պետական հուշարձանի կարգավիճակ։
  • Ապօրինության արձանագրում․ Հուշաքարի ապօրինի տեղադրման փաստն արդեն իսկ պաշտոնապես ֆիքսվել և արձանագրվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի որոշմամբ։

Ուստի, իմ գործողությունները բացառապես իմ սեփականության իրավունքի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդված) օրինական պաշտպանությունն են՝ ուղղված իմ պատին ապօրինի ամրացված օբյեկտի հեռացմանը։

–Ինչո՞ւ չեք հրաժարվում հուշատախտակը շենքի պատից հեռացնելու ձեր մտադրությունից։

Քանի որ առկա է քաղաքապետի թիվ 504 որոշման 1-ին կետի ակնհայտ խախտում, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի որոշում և ՀՀ ԿԳՄՍՆ ՊՈԱԿ-ի պաշտոնական գրություն առ այն, որ տախտակը հուշարձան չէ, այն իմ սեփականության տարածքում գտնվում է ապօրինի և ենթակա է տեղափոխման որոշմամբ նշված՝ Ռ․ Վարդանյանի ապրած տան փաստացի հատված։ Որպես սեփականատեր՝ ես պարտավոր չեմ հանդուրժել իմ գույքի նկատմամբ ապօրինի միջամտությունը։

–Ո՞ր դեպքում կդադարեցնեք հուշատախտակը հեռացնելու ձեր ծրագրերը։

Իմ գործողությունները կանոնակարգվում են բացառապես ՀՀ օրենսդրությամբ։ Հուշատախտակը պետք է անհապաղ տեղափոխվի քաղաքապետի թիվ 504 որոշմամբ նախատեսված վայր (Ռ․ Վարդանյանի փաստացի ապրած տան պատին)։ Ինձ պատկանող անշարժ գույքի վրա ապօրինի տեղադրված ցանկացած օբյեկտ ենթակա է հեռացման։

–Արդյոք չեք անհանգստանում, որ քրեաիրավական հետևանք կարող է առաջացնել ձեր արարքը։

Իմ գործողությունները գտնվում են բացառապես քաղաքացիաիրավական հարաբերությունների և սեփականության իրավունքի պաշտպանության տիրույթում։ Ինձ վերագրվող «հանցագործությունը» հորինված է։ ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լրատվամիջոցի կողմից ինձ «հուշատախտակ սղոցող» կամ «հանցագործություն կատարող» ներկայացնելը Սահմանադրության և անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում է։

Ստորև ներկյացնում ենք «Հուշատախտակ սղոցողը» հոդվածի վերաբերյալ Արսեն Ավետիսյանի պատասխանը․

«14.09.2026թ․ Hetq.am կայքում հրապարակված «Հուշատախտակ սղոցողը» հոդվածում տեղ են գտել իմ պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող, չհիմնավորված և իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ, ինչպես նաև խախտվել է իմ անմեղության կանխավարկածը։ Լրատվամիջոցը լռության է մատնել այն փաստերը, որ հուշատախտակի տեղադրումը եղել է ապօրինի (Երևանի քաղաքապետի 12.06.1997թ․ թիվ 504 որոշման խախտմամբ), դա արձանագրված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի որոշմամբ, և ըստ ՀՀ ԿԳՄՍՆ ՊՈԱԿ-ի թիվ 01/53 գրության՝ տվյալ հուշատախտակը չունի պետական հուշարձանի կարգավիճակ։

Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը՝ պահանջում եմ․

  1. Սույն պահանջագիրն ստանալու պահից 1-շաբաթյա ժամկետում Hetq.am կայքում՝ «Հուշատախտակ սղոցողը» հոդվածի նույն տեղում և նույն տառատեսակով, հրապարակել հերքում առ այն, որ Արսեն Ավետիսյանի վերաբերյալ հոդվածում տեղ գտած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, վերջինս չի կատարել որևէ ապօրինի արարք, իսկ հուշատախտակի տեղադրումը եղել է ապօրինի և այն պետական հուշարձան չի հանդիսանում։
  2. Նույն ժամկետում ամբողջությամբ հրապարակել սույն պատասխանը (իմ պաշտոնական դիրքորոշումը) Hetq.am կայքում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter