Առաջարկվում է 5 տարուց ավելի ժամկետով պետական գույքի օգտագործման պայմանագրերի դադարեցման նոր կարգ
Կառավարությունը նախատեսում է փոխել պետական գույքն անհատույց օգտագործման տրամադրելու պայմանները։ Առաջարկվող փոփոխությամբ՝ եթե օգտագործողը գույքի հետ կապված գործարար ներդրումային ծրագիր է իրականացնում, և պայմանագիրը կնքվել է ավելի քան 5 տարի ժամկետով, պետությունն այլևս չի կարողանա ցանկացած պահի միակողմանի դադարեցնել այդ պայմանագիրը՝ վեց ամիս առաջ ծանուցելով օգտագործողին։
Կառավարության որոշման նախագիծը մշակել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեն և ներկայացրել հանրային քննարկման։ Դրա ընդունմամբ պետական կամ համայնքային բյուջեների եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։
Գործող կարգավորմամբ անհատույց օգտագործման տրամադրված պետական գույքի պայմանագիրը կարող է դադարեցվել կառավարության որոշմամբ, կողմերի համաձայնությամբ կամ կողմերից մեկի պահանջով։ Վերջին դեպքում մյուս կողմը պետք է վեց ամիս առաջ ծանուցվի պայմանագիրը դադարեցնելու մասին։
Կառավարության հիմնավորմամբ՝ այս կարգավորումը խնդիրներ է ստեղծում այն դեպքերում, երբ օգտագործողը պետական գույքի բարելավման համար խոշոր ներդրումներ է կատարում։ Ներդրողը կարող է գույքի տարածքում բարելավման աշխատանքներ իրականացնել՝ ակնկալելով, որ այն կօգտագործի պայմանագրով նախատեսված ամբողջ ժամանակահատվածում, սակայն պայմանագրի միակողմանի դադարեցման դեպքում կարող է չհասցնել իր ներդրումների հաշվին ստանալ ակնկալվող արդյունքը։
Նախագծի հեղինակները նշում են, որ նման իրավիճակները կարող են խաթարել ներդրողի գործունեության բնականոն ընթացքը և ֆինանսական վնասներ պատճառել նրան։ Այդ պատճառով առաջարկվում է բացառություն սահմանել ավելի քան 5 տարի ժամկետով կնքված այն պայմանագրերի համար, որոնց հիմքում գործարար ներդրումային ծրագիր է։ Այդ պայմանագրերը հնարավոր կլինի դադարեցնել միայն կառավարության որոշմամբ կամ կողմերի համաձայնությամբ։ Կողմերի համաձայնությունը պետք է ձևակերպվի նոտարական կարգով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել