ՔԿ փորձագետները չեն կարողանում բացատրություններ տալ մեթոդների վերաբերյալ. «Սրբազան պայքար»-ի գործով պաշտպան
«Սրբազան պայքար»-ի գործով այսօր՝ սեպտեմբերի 24-ին, դատարանում շարունակվեց «Քննչական կոմիտեի փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների հարցաքննությունը։ Մեծ մասին պաշտպանական կողմը հարցեր չուներ, քանի որ, իրենց պնդմամբ, փորձաքննությունները կապ չունեն մեղադրյալների հետ։
Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Պաշտպան Տաթևիկ Սողոյանը շեշտեց, որ զենքերից ոչ մեկը չի հայտնաբերվել մեղադրյալների բնակության վայրից։
«Այս գործողություններով շարունակում է տեղի ունենալ պետական միջոցների վատնում։ Պետբյուջեից կատարվել են վատնումներ։ Խնդիր ունենք փորձագետների մասնագիտական գիտելիքների հետ։
Այս պարագայում գործ ունենք Քննչական կոմիտեի կողմից ստեղծված մի կառույցի հետ, որի փորձագետների առնվազն ակադեմիական կրթությունը լուրջ հարցեր է առաջացնում։ Նրանք չեն կարողանում պարզ բացատրություններ տալ մեթոդների, մեթոդիկայի տարրական հարցերի շուրջ»,- ասաց նա։
Պաշտպանի խոսքը վերաբերում էր «Քննչական կոմիտեի փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ Վահե Ոսկանյանի պարզաբանումներին։
Պաշտպանները հետաքրքրվում էին՝ փորձաքննության եզրակացությունում ինչո՞ւ չի գրել, թե ինչ մեթոդ է կիրառել։
Փորձագետը պնդում էր՝ մեթոդները նշված են գրականության մեջ։
Պաշտպանները եզրակացրին, որ եթե մեթոդը գրված չէ փորձաքննության եզրակացության մեջ, փորձագետն էլ հարցաքննության ժամանակ չի պարզաբանում, այդ փորձաքննության եզրակացությունը հավասար է զրոյի։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ առգրավված օրինական զենքերը և դրանց վերաբերյալ դատավարական գործողությունները որևէ առնչություն չունեն գործով 18 մեղադրյալների հետ։
«Քրեական վարույթում առկա չեն այլ նյութեր, որոնք թեկուզ հպանցիկ կարող են հիշատակել կամ ակնարկել, որ մեղսագրված գործողությունների շրջանակում որևէ զինատեսակ օգտագործելու մասին որևէ խոսք կա։ Հանրային մեղադրողները չեն կարողանալու ներկայացնել գեթ մեկ ապացույց, որ այդ զենքերը կարող են փոխկապակցված լինել գործի հետ։
Քննչական կոմիտեն վարութային տրամաբանությունից դուրս նշանակում և իրականացնում է փորձաքննություններ՝ պատվիրելով այն ինքն իրեն, և այդ եղանակով պետությունից ստանում է փորձաքննությունների համար նախատեսված միլիոնավոր դրամներ»,- ասաց պաշտպան Խուդոյանը։
Հաջորդիվ դատարանը քննարկեց Բագրատ Սրբազանի խափանման միջոցի հարցը։
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը դատարանին միջնորդեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։
Այնուամենայնիվ, դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց 2 ամսով երկարաձգել Սրբազանի տնային կալանքի ժամկետը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել