Ինքնակամ կառույցների օրինականացում՝ նոր ժամկետներ, փաստաթղթեր և պահանջներ
Հայաստանում մասնավոր հողամասերում ամբողջությամբ ինքնակամ կառուցված կառույցների օրինականացման համար նոր կարգ է նախատեսվում։ Կառավարության որոշման նախագծով հստակեցվում է, թե սեփականատերը ինչ քայլերով պետք է անցնի՝ ինքնակամ կառույցի հաշվառումից մինչև դրա օրինականացումն ու սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Քաղաքաշինության կոմիտեն։
Նոր կարգավորումը վերաբերում է Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հատուկ դեպքերին, այլ ոչ բոլոր ինքնակամ կառույցների համընդհանուր օրինականացմանը։ Այն տարածվելու է մասնավոր հողամասերում գտնվող այն կառույցների վրա, որոնք համապատասխանում են օրենքով սահմանված պահանջներին։ Մասնավորապես՝ սեփականատերը մինչև 2027թ․ դեկտեմբերի 30-ը պետք է կառույցը հաշվառի Կադաստրի կոմիտեում և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
Գործընթացի առաջին կարևոր փուլը կառույցի հաշվառումն ու անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումն է։ Սեփականատերը պետք է ներկայացնի չափագրման տվյալները, օրենքով պահանջվող երկու դրական եզրակացությունները և գրավոր նախնական գնահատումը։ Դրանից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պետք է ստուգի փաստաթղթերի համապատասխանությունը օրենքի պահանջներին և կազմի օրինականացման ենթակա կառույցների ցանկի նախագիծը։
Այս փուլում նախարարությունը չի փոխարինում մասնագիտական գնահատողներին։ Տեխնիկական և հակահրդեհային անվտանգության հարցերը պետք է գնահատվեն համապատասխան մասնագետների կողմից։
Կառավարության կողմից ցանկը հաստատելուց հետո գործընթացը չի ավարտվում։ Սեփականատերը պետք է դիմի համայնքի ղեկավարին, որն ընդունում է կառույցի օրինականացման մասին որոշում։ Անհրաժեշտ է նաև վճարել սահմանված տուրքը կամ ներկայացնել տուրքից ազատման իրավական հիմքը։
Այսինքն՝ Կառավարության կողմից ցանկում ընդգրկվելը դեռևս օրինականացում չէ։ Օրինականացման մասին վերջնական որոշումը կայացնում է համայնքի ղեկավարը, որից հետո հնարավոր է անցնել գույքային իրավունքների պետական գրանցմանը։
Նախագծով նախատեսվում է նաև ավելի հստակ դարձնել մերժման կարգը։ Վարչական մարմինը չի կարող պարզապես ձևական պատճառաբանությամբ մերժել դիմումը, եթե առկա թերությունները հնարավոր է շտկել։ Նախատեսվում է հնարավորություն տալ դիմողին վերացնել թերությունները, իսկ մերժման դեպքում պետք է նշվի կոնկրետ իրավական հիմքը։ Վարչական վարույթի ժամկետների երկարաձգումն ու կասեցումը նույնպես հնարավոր կլինի միայն օրենքով նախատեսված դեպքերում։
Առանձին ուշադրություն է դարձվում կիսակառույց ինքնակամ շինություններին։ Այստեղ պետք է տարանջատվի արդեն կառուցված հատվածի օրինականացման և շինարարությունը հետագայում շարունակելու հարցը։ Սեփականատերը պետք է ներկայացնի հետագա կառուցապատման էսքիզային նախագիծ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև գործող և կիրառելի ճարտարապետահատակագծային առաջադրանք։
Սա նշանակում է, որ հնարավոր է օրինականացնել արդեն կառուցված հատվածը, բայց չթույլատրել սեփականատիրոջ նախատեսած լրացուցիչ կառուցապատումը։ Հետագա շինարարության հնարավորությունը պետք է գնահատվի առանձին՝ հաշվի առնելով հողամասի պայմանները, քաղաքաշինական պահանջները և շինության տեխնիկական անվտանգությունը։
Միևնույն ժամանակ օրինականացված կիսակառույցի վրա շինարարությունը շարունակելու համար անհրաժեշտ է անցնել հետագա նախագծման, անհրաժեշտ փորձաքննության և շինարարության թույլտվության փուլերը։ Ինքնակամ կառույցի օրինականացման որոշումը, էսքիզային նախագիծը կամ նախնական գնահատությունը ինքնին շինարարություն շարունակելու թույլտվություն չեն։
Տեխնիկական եզրակացությունը պետք է վերաբերի կոնկրետ գնահատված հատվածին և հաշվի առնի դրա կրողունակությունը, ամրությունը, սեյսմիկ անվտանգությունն ու անվտանգ շահագործման հնարավորությունը։ Արդեն կառուցված հատվածի դրական գնահատականը չի տարածվում ավտոմատ կերպով ապագայում կառուցվելիք նոր հարկերի կամ լրացուցիչ ծավալների վրա։
Նոր կարգավորումը նաև չի վերացնում համասեփականատերերի և երրորդ անձանց իրավունքները։ Եթե կառույցի օրինականացումը կապված է ընդհանուր գույքի կամ դրա նկատմամբ իրավունքների փոփոխության հետ, անհրաժեշտ է պահպանել օրենքով պահանջվող համաձայնությունների և որոշումների պահանջները։ Օրինականացման որոշմամբ չեն լուծվելու գույքի պատկանելության վեճերը և չեն դադարեցվելու երրորդ անձանց արդեն գրանցված իրավունքները։
Գույքի նկատմամբ գրավի, սերվիտուտի, օգտագործման կամ կառուցապատման իրավունքի, արգելանքի կամ այլ սահմանափակման առկայությունն ինքնին չի նշանակում, որ կառույցը չի կարող օրինականացվել։ Պետք է գնահատվի կոնկրետ սահմանափակման բովանդակությունը։ Եթե այն խոչընդոտում է օրինականացմանը, մերժման մեջ պետք է նշվի համապատասխան իրավական հիմքը։
Նոր կարգը չի տարածվելու պետական կամ համայնքային հողամասերում ամբողջությամբ կամ մասամբ գտնվող կառույցների վրա։ Այս դեպքերի նկատմամբ շարունակելու են գործել հողային օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները։ Նախագիծը պետական կամ համայնքային հողի օտարման հնարավորություն չի ստեղծում։
Նախատեսվում է, որ նոր կարգով հաշվառման և փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը կլինի 2027 թվականի դեկտեմբերի 30-ը, իսկ Կառավարության կողմից ցանկի հաստատման վերջնաժամկետը՝ 2028 թվականի փետրվարի 20-ը։ Այս ժամկետները, սակայն, չեն նշանակում, որ մինչև այդ օրը նոր ինքնակամ շինություն կառուցելու և այն հետագայում օրինականացնելու հնարավորություն է ստեղծվում։
Սկզբնական շրջանում գործընթացը լինելու է թղթային։ Էլեկտրոնային ընթացակարգին անցումը նախատեսվում է այն ժամանակ, երբ համապատասխան համակարգը ամբողջությամբ պատրաստ կլինի և դրա գործարկման մասին պաշտոնական հաղորդագրություն կհրապարակվի։ Մինչ այդ սկսված վարույթները կշարունակվեն թղթային եղանակով, իսկ դրանց նյութերը պետք է թվայնացնի վարչական մարմինը՝ նույն փաստաթղթերը դիմողից կրկին չպահանջելով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել