HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՄԱ նախարարի տեղակալի մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների 25-րդ նախարարական հանդիպմանը։ Այս մասին հաղորդում են ԱԳՄԱ նախարարության լրատվական ծառայությունից։

«Իր ելույթում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է Ավազայի գործողությունների ծրագրի իրականացումը՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների առջև ծառացած կառուցվածքային մարտահրավերները հաղթահարելու համար։ Նա ընդգծել է տարածաշրջանային և համաշխարհային շուկաներին հուսալի հասանելիության, տարածաշրջանային ինտեգրման և կառավարությունների, զարգացման գործընկերների, մասնավոր հատվածի ու միջազգային ֆինանսական հաստատությունների միջև փոխշահավետ համագործակցության դերը կայուն տնտեսական աճի ապահովման գործում։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու  վերջինիս կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ» ծրագիրը՝ ուղղված Հարավային Կովկասում առևտրային և տրանսպորտային փոխկապակցվածության ընդլայնմանը։ Նախարարի տեղակալը նշել է, որ «ԹՐԻՓՓ» ծրագրով նախատեսվում է ստեղծել առանցքային առևտրային ուղի՝ հիմնված ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության վրա՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանն ու ինտեգրմանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ են առևտրի դյուրացում, արդյունավետ կարգավորումներ և թվային գործիքների կիրառում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող ծրագրերին՝ ուղղված սահմանային անցակետերում արտաքին առևտրի ընթացակարգերի դյուրացմանն ու տրանսպորտային ծառայությունների թվայնացմանը։

Անդրադառնալով Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կենսաբազմազանության և կլիմայական օրակարգերի առաջմղմանը, այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցությամբ կայուն ենթակառուցվածքների զարգացման միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter