Նալբանդյան 106/1-ում ապօրինությունը շարունակվում է
Այսօր «Ժառանգության» պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը եւ Անահիտ Բախշյանը Նալբանդյան 106/1 հասցեի հարակից շենքերի բնակիչների ահազանգով այցելել են նախկին մանկապարտեզի տարածք, որտեղ Քաղաքաշինության նախարարի հրամանով մայիս ամսին կասեցվել էր բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով «Ավագշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ապօրինի շինարարությունը:
Պատգամավորները նախկին մանկապարտեզի տարածքի անմիջական հարեւանությամբ` շենքի բնակիչների նախկին ավտոտնակների (որոնք ձեռք են բերվել «Ավագշին» ՍՊԸ-ի կողմից) տարածքում, ականատես են եղել նոր հողային աշխատանքների, որոնք կառուցապատողի ներկայացուցիչների բանավոր հավաստիացմամբ՝ արվում են հարակից երկու շենքերի կոյուղագծի թարմացման նպատակով:
Պատգամավորների պահանջով ներկայացված թույլտվությունը, սակայն, անակնկալ էր իր բովանդակությամբ: Պարզվել է` Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գ. Գյանջումյանը մայիսի 28-ին` տոնական օրով, թույլտվություն է տվել «Ավագշին» ՍՊԸ–ին` «Նալբանդյան 106/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կոյուղագիծ կառուցելու համար»:
Պատգամավորները կառուցապատողի ներկայացուցիչներին տեղեկացրել են, որ իրենց գործունեությունն ապօրինի է, քանի որ քաղաքաշինական հաստատված ծրագիր չկա, ուստիեւ` կասեցվել է պետական մարմինների կողմից, եւ անհասկանալի է, թե ինչի համար են կոյուղագիծ անցկացնում, եթե հայտնի չէ, թե ինչ են կառուցելու:
Պատգամավորների ահազանգով տարածք է ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժանմունքի փոխգնդապետ Հակոբյանը: Անահիտ Բախշյանը փոխգնդապետ Հակոբյանին, «Ավագշին» ՍՊԸ–ի ներկայացուցիչներին ու տարածքի բնակիչներին տրամադրել է Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ, քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Ս. Հայրապետյանի` 26.05.2011թ. գրությունն այն մասին, որ վարչապետի 2011թ. մայիսի 18-ի թիվ 438-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստի ժամանակ քննարկված 4 հարցերի արդյունքում ի թիվս այլոց, առաջարկվել է «3. «Ավագշին» ընկերությանը` տարածքում կատարել միայն երկրաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ` կասեցնել փոսորակում իրականացվող շինարարական աշխատանքները»:
Պատգամավորները եւս մեկ անգամ իրազեկել են կառուցապատողին, որ իրացման գոտում դրանից դուրս այլ աշխատանքներ ինքը իրավասու չէ կատարել:
Պատգամավորները նաեւ ոստիկանության փոխգնդապետի ուշադրությունը հրավիրել են այդ համատեքստում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տված թույտվության օրինականության հարցի վրա եւ պահանջել, որ գլխավոր դատախազության կողմից իրենց բաժանմունք ուղարկված` Նալբանդյան 106/1 հասցեում ապօրինի շինարարության ու ծառահատումների փաստերի առնչությամբ քննվող գործի շրջանակներում պահանջվի եւ գործին կցվի նաեւ այդ կասկածահարույց թույլտվությունը, որի պատճենը կառուցապատողները հրաժարվել են տրամադրել պատգամավորներին:
Փոխգնդապետ Հակոբյանն առաջարկել է այդ հարցը քննարկել Ոստիկանության Կնետրոնական բաժանմունքում եւ հարցման եղանակով ստանալ ու գործին կցել դա: Այդ ընթացքում կառուցապատողի ներկայացուցիչներն արագ տեղակայել են կոյուղու խողովակաշարերը եւ սկսել աստիճանաբար վերացնել հերթական ապօրինության հետքերը` ոստիկանության ներկայացուցիչի, ԱԺ պատգամավորների ու բնակիչների աչքի առաջ լցնելով խորը փոսի մի մասը:
«Ժառանգության» պատգամավորները պահանջել են ոստիկանության ներկայացուցչից, որպեսզի իրենց կողմից արձանագրվածն արատցոլվի «Ավագշին» ՍՊԸ-ի կողմից տարածքում կատարված ապօրինությունների շղթայում եւ քննություն իրականացվի նաեւ Կենտրոն վարչական շրջանի տրամադրած թույլտվության օրինականության հարցով եւս:
Այս կասկածահարույց թույլտվության խորապատկերին, սակայն, ուշագրավ է դառնում այն հանգամանքը, որ հունիսի 1-ի թվագրմամբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության երկու պատգամորրները պաշտոնական պատասխաններ են ստացել Երեւանի քաղաքապետից, որով նա հայտնել է, որ նշված հասցեում դադարեցված են ոչ միայն շինարարական, այլեւ քանդման աշխատանքները:
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը պատգամավոր Ստեփան Սաֆարյանին պարզաբանումներ է տրամադրել Երեւան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ Նովայի պողոտայով պարփակված տարածքի հետ կապված: Տրամադրվել են Երեւանի քաղաքապետարանի կողմից բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նախագիծ մշակելու համար կառուցապատող ընկերությանը տրված նախնական ճարտարապետահատակագծային առաջադրանքի, Նալբանդյան փողոցի հ.106/1 հասցեում գտնվող երեխաների զարգացման կենտրոնի շենքի եւ շենքին կից օժանդակ շինությունների քանդման, ինժեներաերկրաբանական եւ գեոֆիզիկական հետազոտություններ իրականացնելու նպատակով հողային աշխատանքների իրականցման եւ քանդման այլ թույլտվությունների պատճեները:
Պատգամավոր Անահիտ Բախշյանը Երեւանի քաղաքապետից ընդհանրական պարզաբանումներ է ստացել հիշյալ հասցեում իրականացվող քաղաքաշինական ծրագրի մասին: Մինչդեռ պատգամավորը չի ստացել իր հղած հարցերի կոնկրետ պատասխանները: Բախշյանը, մասնավորապես, խնդրել էր տրամադրել տեղեկատվություն Երեւանի քաղքապետարանի քաղաքաշինական խորհրդում հիշյալ հասցեի տարածքը բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու հարցի քննարկման մասին, իրեն տրամադրել դրա արձանագրությունը, ինչպես նաեւ` բազմահարկ բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու հիմնավորումները, եւ այդ շենքի կառուցման հետ կապված բոլոր փաստաթղթերի նածագիծն ու թույլտվությունը:
Եթե անգամ համարենք, որ Բախշյանին տրամադրվել են քանդման թույլտվությունների պատճեները, ապա Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի համապատասխան քննարկմանը վերաբերող տեղեկատվությունը եւ նիստի արձանագրությունը, ինչպես նաեւ` հիմնավորումները դեռեւս չեն ներկայացվել:
Երեւանի քաղաքապետարանից ստացված գրությունների ու պարզաբանումների ուշագրավ հանգամանքների մասին պատգամավորներ Սաֆարյանն ու Բախշյանը առաջիկայում հանդես կգան հայտարարություններով: Այս մասին հայտնում են կուսակցության մամլո ծառայությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել