HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ախուրյան բնակավայրի «հակառակ երեսը»

Երկրաշարժից անցել է 38 տարի, սակայն աղետի ենթարկված Ախուրյան բնակավայրը (նախկին շրջկենտրոնը) քաղաքաշինական ու ճարտարապետական առումով մինչև օրս մնացել է անդեմ: «Ինչխոր մաշված շալվար էղնի, որ թազի տեղ անցնելու համար ըստեղ-ընդեղ սիրուն կարկատան կդնեն ու կանցնին առաջ»,- մի անգամ նկատել էր բնակիչներից մեկը՝ փորձելով նկարագրել առկա իրավիճակը:

Յուրաքանչյուր բնակավայրի քաղաքաշինական դեմքը կամ ճարտարապետական դիմագիծը բնակավայրի տարածական, մշակութային և տեսողական ամբողջությունն է, որը ձևավորվում է կառույցների, փողոցների ցանցի, կանաչապատ գոտիների և տեղանքի ռելիեֆի ներդաշնակ համադրությամբ: Բնակավայրի ճարտարապետական ոճն ու կառուցապատումը ներառում է շենքերի ծավալատարածական լուծումները, հարկայնությունը, օգտագործվող շինանյութերը և տեղական ճարտարապետական ավանդույթները:

Տվյալ բնակավայրի դիմագիծն ամբողջացնելիս իրականացվում է տարածական պլանավորում՝ փողոցների, հրապարակների, թաղամասերի դասավորություն և ենթակառուցվածքների հասանելիություն, լանդշաֆտային ձևավորում և կանաչապատում՝ այգիների, պուրակների, բակային տարածքների առկայություն: Այդ ամբողջի համատեքստում պատմամշակութային ժառանգություն համարվող հին պատմական կառույցների և հուշարձանների պահպանումն ապահովում են բնակավայրի ինքնությունը: 

Ախուրյանը, որպես բնակավայր, հիշատակվում է դեռևս մ.թ.ա 8-րդ դարում: Ներկայիս Ախուրյան գյուղը հիմնվել է 1800-ականների սկզբին՝ Արևմտյան Հայաստանի Բասեն, Կարս, Սեբաստիա և Ալաշկերտ գավառներից տեղահանված հայերի կողմից և մասնավոր տներից բաղկացած գյուղական բնակավայր է եղել: 1937թ․-ի դեկտեմբերին Հայաստանում կազմավորվել է 11 նոր շրջան, որոնց թվում է եղել նաև Ախուրյանը: Բնակավայրի շրջկենտրոն կոչվող տարածքը ձևավորվել է ավելի ուշ՝ 1960-ականներին:

Նախաերկրաշարժյան շրջանում շրջկենտրոնի ակտիվ կառուցապատման տարիներ են համարվում 1969-1985թթ.-ը, երբ բնակելի ֆոնդը համալրվեց 41 բարձրահարկ բազմաբնակարաններով (1404 բնակարան), ինչպես նաև մի շարք հասարակական և վարչական նշանակության շենքերով (օրինակ՝ Ախուրյանի գործադիր կոմիտեի նոր շենքը, Կուլտուրայի տունը, նոր հանրախանութի և մանկապարտեզի շենքերը, Ջրաշինարարների փողոցը, որոնք շահագործման են հանձնվել 1980-1985թթ․-ին): 

Բնակավայրի կենտրոնական հատվածի զարգացումը (կառուցապատում 5 հարկանի բազմաբնակարաններով) հնարավորություն է տալիս եռապատկել Ախուրյանի բնակչության թիվը: Խորհրդային տարիների մարդահամարի տվյալները դիտարկելիս դա հստակ երևում է.

  • 1939 թ․-2320 հոգի
  • 1959 թ․-2966 հոգի 
  • 1970 թ․-3812 հոգի
  • 1979 թ․-9564 հոգի
  • 1987 թ․-10100 հոգի

Ախուրյան շրջկենտրոնը պատկերող խորհրդային տարիների լուսանկարներն ուսումնասիրելիս հստակ երևում են բնակավայրի կենտրոնական հատվածի զուգահեռ ու հատվող փողոցները, դրանք երիզող բազմաբնակարանները, կանաչապատ բակային տարածքները, վարչական և հասարակական նշանակության շինություններ և այլն: Պահպանված լուսանկարներից մի քանիսում կարելի է տեսնել նորակառուց Ջրաշինարարների փողոցը, «Արագած» ռեստորանը, Շրջանային գործադիր կոմիտեի շենքը, «Շիրակ» կինոթատրոնի շենքը, նորակառույց 3-րդ մանկապարտեզը, կենցաղի տունը և այլն: Լուսանկարները հստակ պատկերացում են տալիս Ախուրյանի ճարտարապետական դեմքի մասին՝ նախաերկրաշարժյան շրջանում:

Երկրաշարժից Ախուրյանում հիմնականում տուժեց շրջկենտրոնը՝ բնակելի շենքերը փլվեցին ամբողջովին կամ մասնակի: Ինչպես Գյումրիում, Ախուրյանում ևս ժամանակավոր տնակները մարդիկ տեղադրեցին փլատակներից մաքրված շենքերի տեղում: Գյումրու վերակառուցմամբ ու քաղաքի նախագծմամբ զբաղվող Հայպետնախագիծ ինստիտուտն աշխատանքներ ծավալեց նաև Ախուրյանում: Այստեղ ևս, ինչպես Գյումրիում, որոշվեց նոր շենքեր կառուցել ոչ թե տեղում, այլ բուն բնակավայրից 5 կմ հեռավորության վրա: Այդպես ձևավորվեց «Նոր Ախուրյան» կոչվող տարածքը 60,6 հա-ի վրա:

Նոր Ախուրյանի գլխավոր հատակագիծը մշակվել էր Հայպետնախագիծ ինստիտուտի կողմից 1991թ-ին, ճարտարապետ Մ. Միքայելյանի կողմից: Սակայն այստեղ էլ, ինչպես երկրաշարժից հետո աղետի գոտում կառուցվող նոր թաղամասերում, հետագայում առաջացան կառուցապատման և վերաբնակեցման հետ կապված դժվարություններ: Ներկայում բնակելի են 34 առանձնատուն և 4 բազմաբնակարան, տարածքում առկա են նախատեսված, սակայն չկառուցված շենքերի բետոնապատ հիմքեր ու փոսորակներ: Նոր Ախուրյանում ապրում է 486 մարդ:

Բացի Նոր Ախուրյանից, շրջկենտրոնի հարակից ազատ տարածքներում 1989-91թթ․-ին կառուցվեցին երեք՝ «Գերմանո-հարավսլավական» (50 տուն), «Հոլանդական» և «Կուլակավան» (156 տուն) կոչվող թաղամասերը: Նշված կառուցապատումներն իրականացվում էին ելնելով առկա ազատ տարածքների տրամաբանությունից՝ հետագա զարգացման հեռանկարով: Այդ ողջ ընթացքում, բուն շրջկենտրոնի հատվածը շարունակում էր մնալ տնակների տիրապետության տակ: Պետական ծրագրով չկար բնակարանաշինություն, դրա փոխարեն 2003թ․-ին անօթևանության հարցը փորձ արվեց լուծել «Բնակարանների գնման վկայագիր» ծրագրով, որի հիմնական շահառուները դարձան բազմաբնակարաններում տուն կորցրած ընտանիքները:

Նախկին շրջկենտրոնը, որ խորհրդային տարիներին քաղաքատիպ ավան էր, երկրաշարժից մի քանի տարի անց, ստացավ գյուղի կարգավիճակ, թեպետ բնակչության թիվը տատանվում էր 9-10 հազարի սահմաններում (գերազանցում էր Մարալիկ քաղաքին, որտեղ 1989թ․-ին 7590 մարդ էր ապրում): Ու եթե Գյումրին կարողացավ պահպանել դիմագիծը, Ախուրյանն ընդհանրապես հայտնվեց անորոշության ծիրում:

Ցանկացած բնակավայրի քաղաքաշինական դեմքի կառավարումը և զարգացումը կարգավորվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մշակած ստանդարտներով և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված գլխավոր հատակագծով: 2007թ․-ին մշակվեց Ախուրյան համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով, ԱՇՁԲ 07/206-3 պայմանագրի նախագծային առաջադրանքի և ՀՀ կառավարության 2003թ.–ի մայիսի 2–ի  թիվ 609-Ն որոշման պահանջներին համապատասխան: Նախագծի մշակումն իրականացրին գլխավոր ճարտարապետ Ա. Խաչատրյանը, ճարտարապետներ Լ. Գասպարյանը, Կ. Արզրումցյանը, Մ. Կոբալյանը, աշխատանքներին մասնակցել է 11 ճարտարագետ:

Համայնքի գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի մշակման հիմնական նպատակը համայնքի հեռանկարային տնտեսական և տարածքային զարգացման ուղղությունների, տարածքների ֆունկցիոնալ նշանակության որոշումն էր՝ տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների սկզբունքային լուծումներով, բնապահպանական լայն համալիրի կիրառումով, տարածքների հողօգտագործման և կառուցապատման պարտադիր պահանջների սահմանումով: Բայց արդյո՞ք գլխավոր հատակագիծը լուծեց Ախուրյան բնակավայրի զարգացման խնդիրները:

2013թ․-ին, Ախուրյանի նախկին երկարամյա համայնքապետ Արծրունի Իգիթյանը, «Հետք»-ին տված հարցազրույցի ժամանակ հպարտությամբ ընդգծում էր, որ Շիրակի մարզում գլխավոր հատակագիծ ունեն միայն Գյումրին և Ախուրյանը, որը կառուցապատման առումով հստակ ուղղվածություն է ապահովելու:

Ըստ գլխավոր հատակագծի, կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում էր կառուցապատման կանոնակարգում՝ բնակչության և կառուցապատման համապատասխան խտությունների կիրառումով, տրանսպորտային հարմարավետ կապերի ստեղծում, ինժեներական նախապատրաստական միջոցառումների կիրառում:

Նախագծողները Ախուրյանում շինարարության համար սահմանափակ նպաստավոր էին համարել նախկին շրջկենտրոնի տարածքը, որտեղ դեռևս առկա էին քանդված և քանդման ենթակա հասարակական և բազմաբնակարան բնակելի շենքերի հիմքերն ու փոսորակները, ինչպես նաև գյուղատնտեսական բարձրարժեք հողերը, որոնք, ըստ բերքատվության, գնահատվել են 30 և ավելի բալով՝ ըստ Հայհողնախագիծ ինստիտուտի մշակած 100 բալանոց սանդղակի: Բայց դա չխանգարեց, որ իշխանությունները սրբագրեին հատկապես հատակագծում առկա կանաչ գոտիները՝ թույլատրելով այդտեղ օբյեկտների շինարարություն:

Գրեթե 20 տարի առաջ հաստատված գլխավոր հատակագծով Ախուրյանի կենտրոնական հատվածում 2,8 հա–ի  վրա նախատեսվում էր ստեղծել զբոսայգի: Բավական մեծ գումարների ներդրում պահանջող այս ծրագիրը նախկին համայնքապետը հույս ուներ իրականացնել Կառավարության աջակցությամբ: «Տարածքը կա, ես այնտեղ շինթույլտվություններ չեմ տալիս: Այն պիտի մաքրվի տնակների և երկրաշարժից հետո շենքերի հիմքերի մնացորդներից, կարգի բերվի, որ կարողանանք կանաչ գոտի ստեղծել, ծառեր տնկել, կարուսելներ դնել և այլն: Եթե կարողանանք առաջիկա 5 տարում այս ծրագիրն իրականացնել, համայնքի համար կլինի շատ լուրջ ձեռքբերում»,-հայտարարում էր Արծրունի Իգիթյանը 2013թ․-ին՝ «Հետք»-ին տված հարցազրույցի ժամանակ: 

Ախուրյանի գլխավոր հատակագծի հաստատումից անցել է 19 տարի, սակայն նախկինում բազմաբնակարաններով հայտնի կենտրոնական հատվածը, որտեղ պետք է առնվազն 2018թ․-ին հսկա կանաչ տարածք հայտնվեր այգու տեսքով, մնացել է նույնը:

Ախուրյանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնից փոխանցեցին, որ այգու կառուցման ծրագիրը կորցրել է արդիականությունը: Քաղաքաշինական փոփոխություններ են կատարվել՝ հիմք ընդունելով գոտիավորման նոր նախագիծը, որը հաստատվել է 2018-22թթ․-ին: «2018թ․-ին Կառավարությունը որոշեց, որ բոլոր բնակավայրերը պետք է ունենան գոտիավորման նախագծեր, այդ թվում՝ այն համայնքները, որոնք ունեին հաստատված գլխավոր հատակագիծ,- պարզաբանում է Ախուրյանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Ղուկաս Մուրազյանը,- հիմա ստացվել է այնպես, որ 2022թ․-ից մենք շարժվում ենք գոտիավորման նախագծով, որի համաձայն նշված տարածքում մեծ այգի կառուցելու կարիք այլևս չունենք»:

Չկառուցված այգու տարածքում երկրաշարժին փլվել կամ վթարային էր դարձել հինգ հարկանի 11 բնակելի շենք և Ախուրյանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը: Աղետից հետո տարածքը վերածվել էր տնակային ավանի: Մարդիկ հույս ունեին, որ Կառավարությունը երբևէ բնակելի շենքերի կառուցման ծրագիր կանի տեղում: Սակայն պետական ֆինանսավորմամբ ախուրյանցի անօթևանների համար 3 բնակելի շենք հնարավոր եղավ կառուցել 2010-2016թթ․-ին («Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպությունը կիսատ էր թողել աշխատանքները 5 տարով), իսկ կառուցապատման համար տեղական իշխանությունները մատնանշել էին գյուղապետարանի հետնամասում գտնվող ազատ տարածքը: 

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը (ղեկավարում է համայնքը 2023թ.-ի հուլիսի 19-ից) ասում է, որ գլխավոր հատակագիծը գոտիավորման նախագծով փոխարինելուց հետո, իրենք բազմաթիվ քննարկումներ են ունեցել, թե ինչ տիպի կառուցապատում կարող են առաջարկել այգու փոխարեն, որով հնարավոր կլինի փրկել բնակավայրի անտերության մատնված կենտրոնական հատվածը: 

«Ինչպես գիտեք, «Շիրակ» օդանավակայանը մոտ է Ախուրյանին և թռիչքների հետ կապված արգելված է բարձրահարկերի կառուցումը: Եթե պիտի շենք կառուցվի, ուրեմն մինչև 5 հարկ: Պետական բնակարանաշինություն չկա, մնում են մասնավորները, բայց այդ կազմակերպություններն էլ գործի մեջ չեն մտնում, որովհետև 3 կամ  4 հարկանի անգամ 10 շենք կառուցելու դեպքում իրենք եկամուտ չեն ունենում,- ասում է Զավեն Մանուկյանը,- դրա համար էլ մտածում ենք համայնք-պետություն  համաֆինանսավորմամբ սպորտային համալիր կառուցել՝ իր ենթակառուցվածքներով»: 

Ճարտարապետ չունեցող Ախուրյան համայնքում կառուցապատվող տարածքների դիմագիծը վերահսկելու պարտականությունը ծանրացած է համայնքապետարանի Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների վրա: Ղուկաս Մուրազյանը (բաժնի պետ է աշխատում 2022թ․-ից) ասում է, որ գոտիավորման նախագիծը միշտ չէ, որ առաջացած հարցերի պատասխանը կարողանում է տալ. այն ավելի շատ ձև է՝ առանց բովանդակության: 

«Շատ ավելի հեշտ կարողանում ենք աշխատել նոր կառուցապատվող տարածքներում, բայց դրանք այնքան էլ շատ չեն,-ասում է Ղուկաս Մուրազյանը,-օրինակ, հիմա մի 10 տոկոս իրացված թաղամաս ունենք օդանավակայան գնացող ճանապարհին կից, 3 հա-ի վրա, այստեղ կարողանում ենք վերահսկել փողոցների, առանձնատների կառուցումը, ենթակառուցվածքները և այլն: Բայց եթե ուզենանք, ասենք, 2000-2015թթ-ի կառուցապատման սխալներն ուղղել, հանդիպելու ենք լուրջ դիմադրության: Դուք հարցնում եք, թե ինչու՞ են մայթերի վրա շինություններ հայտնվել, ինչու՞ են զավթել կանգառների համար նախատեսած տեղերը և այլն: Եթե այս ամենը փորձենք ուղղել, պիտի ինչ կա-չկա քանդենք, պատկերացնու՞մ եք ինչ տեղի կունենա, փորձում ենք գոնե նուրբ լուծումներով իրավիճակը շտկել»:

523, 82 հա տարածք զբաղեցնող բնակավայրը գյուղ համարելն ու այդ ուղղությամբ զարգանալը, ըստ Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, անթույլատրելի է․ նշաձողն իրենց համար քաղաքատիպ ավանի նախկին կոչման վերականգնումն է: Հարցին, թե չի նեղվում 43 հազար բնակիչ ունեցող խոշորացված համայնքի ղեկավարը, որ կենտրոն համարվող բնակավայրը վերածվել է ճամփեզրի անցուդարձը սպասարկող օբյեկտի, պատասխանում է. «Հասկանում եմ՝ ինչ եք ասում, բայց դա մեր օրոք չի եղել, տարածքները նախորդ իշխանությունների օրոք են իրացվել: Աշխատում ենք լուծումներ գտնել, որ գոնե մի գծի վրա լինի կառուցապատումը: Ինչ մնում է վերջապես սեփական դիմագիծն ունենալուն, դժվար է, բայց աշխատում ենք ավելի քաղաքային միջավայր ստեղծելու ուղղությամբ»:

Ախուրյանն ուղղանկյուն ձգվող բնակավայր է, որտեղ քաղաքաշինական «իրադարձություններն» անցած մի քանի տասնամյակում ծավալվել և շարունակում են գլխավոր մայրուղու(Գյումրու խճուղի) մայթամերձ հատվածներում՝ շատ դեպքերում պատճառ դառնալով ծառահատումների, ոռոգման համակարգերի ավերման, կանգառների վերացման, հասարակական մայթերի կլանման: Որպեսզի Ախուրյան բնակավայրին վերադարձվի նախկին շրջկենտրոնի փառքը, հարկ է կառուցապատումն ուղղել կենտրոն՝ այդ ամենին տալով բովանդակություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter