HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը Վլադիմիր Զելենսկուն կոչ է անում Պուտինի հետ համաձայնության գալ պատերազմի ավարտի շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների միջոցով համաձայնության հասնել պատերազմի ավարտի շուրջ։

«Ես ուզում եմ, որ նա համաձայնության գա Պուտինի հետ, և ուզում եմ, որ Պուտինն էլ համաձայնության գա նրա հետ»,- Fox News-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմում ամեն ամիս տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում։

«Հիմնականում դրանք զինվորականներ են՝ 97%-ը զինվորականներ։ Բայց լինեն դրանք զինվորականներ, թե խաղաղ բնակիչներ, պարզապես մտածեք դրա մասին․ երկու ամիս առաջ զոհվել է 32 հազար մարդ, նախորդ ամիս՝ 33 հազար, այս ամիս՝ 25 հազար»,- ասել է Թրամփը։

Clash Report-ը հրապարակել է Թրամփի խոսքից մեկ այլ հատված, որտեղ ԱՄՆ նախագահը նշել է, որ և՛ Ուկրաինան, և՛ Միացյալ Նահանգները խոսում են բանակցությունների պատրաստակամության մասին։ «Մի օր, հուսանք՝ ոչ հեռու ապագայում, գուցե նույնիսկ մինչև խիստ ձմռան սկիզբը, նրանք համաձայնության կհասնեն»,- շարունակել է Թրամփը։ 

Սեպտեմբերի 25-ին Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Թրամփը Ուկրաինայի նախագահին առաջարկել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու։ Ըստ գործակալության աղբյուրների՝ Զելենսկին մերժել էր առաջարկը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակը պաշտոնապես հայտարարել է, որ Թրամփը Զելենսկուն Մոսկվա մեկնելու առաջարկ չի արել։

Կրեմլում բազմիցս հայտարարել են, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն Մոսկվայում։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ռուսական պետական հեռուստաընկերության թղթակից Վալենտին Բոգդանովը փորձել էր Զելենսկուց ճշտել, թե երբ է նա մեկնելու Մոսկվա։ Ուկրաինայի նախագահը սկզբում չէր արձագանքել հարցին, ապա պատասխանել էր՝ «Հրթիռով»։

Լուսանկարը՝ Saul Loeb/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter