HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիայի կանցլերի գլխավորած դաշինքի վարկանիշն իջել է 20%-ից

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքի վարկանիշը նվազել է մինչև 19%։ Այս մասին են վկայում INSA սոցիոլոգիական ինստիտուտի՝ Bild am Sonntag-ի համար անցկացրած հարցման արդյունքները։

Նախորդ հարցման համեմատ դաշինքը կորցրել է ևս մեկ տոկոսային կետ և այժմ 10 տոկոսային կետով զիջում է աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությանը, որի վարկանիշը 29% է։ ՔԴՄ/ՔՍՄ-ի 19%-ը դաշինքի ամենացածր ցուցանիշն է INSA-ի՝ Բունդեսթագի ներկայիս գումարման ընթացքում անցկացրած հարցումների ողջ ժամանակաշրջանում։

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) և «Կանաչների» վարկանիշներն աճել են մեկական տոկոսային կետով՝ հասնելով համապատասխանաբար 14%-ի և 15%-ի։

«Ձախեր» կուսակցությանն աջակցությունը նվազել է մինչև 10%, Ազատ դեմոկրատական կուսակցությանը (FDP)՝ մինչև 4%։ «Սառա Վագենկնեխտի միություն» կուսակցության (BSW) վարկանիշն էլ չի փոխվել և կազմում է 3%։

Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 21-25-ը՝ 1203 հարցվածների շրջանում։ Սոցիոլոգների տվյալներով՝ վիճակագրական սխալի առավելագույն սահմանը չի գերազանցում 2,9 տոկոսային կետը։

Ավելի վաղ ՔԴՄ/ՔՍՄ-ի վարկանիշը պատմական նվազագույնի էր հասել նաև YouGov-ի հարցման համաձայն։ Սեպտեմբերի 11-14-ը անցկացված այդ հարցման արդյունքներով՝ դաշինքին աջակցել էր հարցվածների 18%-ը, մինչդեռ AfD-ին՝ 29%-ը։ YouGov-ի հարցմանը մասնակցել էր 1787 մարդ, իսկ վիճակագրական սխալի սահմանը կազմել էր ±2,5 տոկոսային կետ։

Լուսանկարը՝ Fabrizio Bensch/Reuters/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter