HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». կրոնական կազմակերպությունը «Շանթի» լրագրողի գործը բողոքարկել է վճռաբեկ դատարան

2010 թ. նոյեմբերին «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբի` Սևանի նախկին կինոթատրոնի շենքում կրոնական կազմակերպության անդամներին նկարահանելու հետևանքով սկսված դատական վիճաբանությունը, որն ավարտվել էր հեռուստաընկերության հաղթանակով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում օրեր առաջ նորից էր վերսկսվել, սակայն դատական գործի նույն ատյանով երկրորդ շրջապտույտում էլ այն մերժվեց:

Չնայած Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011 թ. հուլիսի 13-ին կայացրած վճռով Սևանի Ավետարանական եկեղեցու առաջնորդ Վլադիմիր Բաղդասարյանին մեղավոր էր ճանաչել «Շանթ» հեռուստաընկերության լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հետագայում մերժել էր Բաղդասարյանի ներկայացրած բողոքը` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, վճռաբեկ դատարանը այս տարվա հունիսին բավարարել էր Ավետարանական եկեղեցու առաջնորդի և նրա պաշտպանների դիմումը, որով նրանք դատախազին խնդրել էին միջնորդել` քրեական գործեր հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 226-րդ (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) հոդվածների հատկանիշներով:

Մասնավորապես, հունիսի 8-ին ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել էր բեկանել վերաքննիչ դատարանի 2011 թ. դեկտեմբերի 12-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

Այնպես որ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում օրեր առաջ կրկին դատական նիստ կայացավ, որի ընթացքում արդեն երկրորդ անգամ կրոնական կազմակերպության ներկայացուցիչները բողոքարկեցին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, քանի որ Գեղարքունիքի դատարանը վճռաբեկ ատյանի որոշմամբ գործի նոր քննություն նշանակելուց հետո էլ մերժել է Աշոտ Հարությունյանի, Վլադիմիր Բաղդասարյանի և պաշտպան Ռոբերտ Ռևազյանի դիմումները` քրեական գործի հարուցման պարտավորեցման մասին:

Վերաքննիչ ատյանը, սակայն, իր հերթական որոշմամբ էլ մերժեց կրոնական կազմակերպության ներկայացուցիչների բողոքը: Այնպես որ`, վերջիններս արդեն երկրորդ անգամ նույն հարցով դիմել են ՀՀ վճռաբեկ դատարան:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Վլադիմիր Բաղդասարյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով` լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար, և նշանակել 200 հազար դրամ տուգանք: Միևնույն ժամանակ, դատարանը համաներման ակտն է կիրառել` Բաղդասարյանին ազատելով պատժի կրումից:

Իսկ դեպքը հետևյալն էր. 2010 թ. նոյեմբերին «Շանթի» նկարահանող խումբը (լրագրող` Արփի Սուքիասյան, օպերատոր` Էդուարդ Պետրոսյան) մտել էր Սևանի նախկին կինոթատրոնի շենք, որը մասնավոր սեփականություն է, առանց պատշաճ ներկայանալու և թույլտվության նկարահանել էր կրոնական կազմակերպության անդամներին: Շենքի համասեփականատեր Վլադիմիր Բաղդասարյանը, որը Սևանի «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության» կրոնական կազմակերպության առաջնորդն է, նրանց շենքից դուրս է հրավիրել, սակայն լրագրողները չեն ենթարկվել: Արդյունքում վիճաբանություն էր սկսվել, որի ընթացքում, «Շանթի» օպերատորի խոսքով, Վ. Բաղդասարյանը քաշքշել ու ապտակել է իրեն:

Այս մասին պատմող տեսանյութը «Շանթը» եթեր էր հեռարձակել, որի հիման վրա դատախազությունը քրեական գործ է հարուցել Վլադիմիր Բաղդասարյանի դեմ` լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար: Իսկ Բաղդասարյանը ոստիկանություն էր դիմել մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը խախտելու հիմքերով, սակայն հաղորդմանը ընթացք չէր տրվել:

Դեռևս անցյալ տարվա հունիսին «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության» հոգևոր հովիվը դիմել էր «Շանթ» հեռուստաընկերություն` պահանջելով հերքում: Սակայն Բաղդասարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի խոսքով` «Շանթը» որևէ կերպ չի արձագանքել: Օգոստոսին արդեն Վլադիմիր Բաղդասարյանը դիմել էր դատարան` պահանջելով «Շանթին» պարտավորեցնել հերքելու հրապարակված տեղեկատվությունը, որը խախտում է իր անմեղության կանխավարկածը: Հայցվոր կողմը հերքում էր պահանջել, քանի որ դեռ ուժի մեջ չէր մտել լրագրողների աշխատանքին խոչընդոտելը հաստատող դատավճիռը: Սակայն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը համարել էր, որ հեռուստաընկերությունը գործել է օրենքի շրջանակներում և չի խախտել անմեղության կանխավարկածը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter