HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ականատես»-ը Արզնիի 2 ընտրատեղամասում քվեարկության գաղտնիության խնդիր է արձանագրել

«Ականատես» դիտորդական առաքելության դիտորդները թիվ 28/1 և 28/2 ընտրական տեղամասերում արձանագրել են, որ մեծամասնական ընտրակարգով քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկը քվեարկության ծրարում տեղադրելուց հետո ծրարի կտրված անկյունից մասնակի տեսանելի են մնում քվեաթերթիկի վերջին երկու տողերի հատվածները։ Նշենք, որ նշված ընտրական տեղամասերը գտնվում են Կոտայքի մարզի Արզնի համայնքում։

«Քվեաթերթիկում թեկնածուների սահմանված հերթականության պայմաններում տեսանելի հատվածները հնարավորություն են տալիս նույնականացնելու առնվազն վերջին թեկնածուներին և, կախված քվեաթերթիկի դիրքից ու կատարված նշման տեսանելիությունից, պարզելու կամ բացառելու նրանց օգտին քվեարկելու հանգամանքը։

Մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քվեաթերթիկի նմուշը պետք է սահմանվի այնպես, որ հնարավոր լինի ապահովել քվեարկության գաղտնիությունը։

Քվեարկության գաղտնիությունը ենթադրում է, որ քվեաթերթիկը ծրարում տեղադրելուց հետո հնարավոր չպետք է լինի դրա արտաքին զննմամբ որևէ տեղեկություն ստանալ ընտրողի կատարած ընտրության վերաբերյալ՝ այդ թվում նույնականացնել թեկնածուներին և պարզել կամ բացառել նրանց օգտին քվեարկելու հանգամանքը։

Հետևաբար, քվեաթերթիկի ձևաչափի և ծրարի չափերի նման անհամապատասխանությունը վտանգում է քվեարկության գաղտնիությունը։

«Ականատես» դիտորդական առաքելությունը կոչ է անում թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ իրենց լիազորությունների շրջանակում անհապաղ գնահատել արձանագրված խնդիրը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ քվեարկության գաղտնիությունն ապահովելու և ընտրողի քվեարկության բովանդակության վերաբերյալ որևէ տեղեկություն ստանալու հնարավորությունը բացառելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter