HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Ռուսաստանն ու Թուրքիան` նոր հակասությունների ճանապարհին

Այսօր Ադրբեջանն է ժամանելու Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանը: Այցի նպատակը թուրք-ադրբեջանական «Ռազմավարական համագործակցության խորհրդի» հերթական նիստի անցկացումն է: Այդ խորհուրդը ստեղծվել է 2010 թվականին` կողմերի միջև նույն տարվա օգոստոսի 16-ին ստորագրված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության» պայմանագրի հիման վրա, որը ստորագրել են Թուրքիայի նախագահ Ա.Գյուլը և նրա գործընկեր Ի.Ալիևը: Նախատեսվում է, որ հիշյալ խորհրդի նիստի ընթացքում կստորագրվեն մի քանի նոր միջպետական պայմանագրեր` տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Բայց տվյալ պարագայում կարևորը ոչ թե ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի անցկացման փաստն է (այդպիսի նիստեր կազմակերպվում են ամեն տարի, և վերջին անգամ դա տեղի ունեցավ Իզմիրում), այլ վայրը: Որովհետև Էրդողանը ժամանում է ոչ թե Բաքու կամ ադրբեջանական որևէ գավառական քաղաք, այլ Գաբալա, ուր տեղակայված է առայժմ Ռուսաստանի հսկողության տակ գտնվող հայտնի ռադիոլոկացիոն կայանը, որի վարձակալումը շարունակելու շուրջ Մոսկվան և Բաքուն ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ: Այս իմաստով Էրդողանի այցը խիստ խորհրդանշական է և հստակ ակնարկ է` ուղղված Մոսկվային, թե որ պետությունը կարող է դառնալ կայանի ապագա տերը, եթե Մոսկվա-Բաքու համաձայնություն չկայանա: Չի բացառվում, որ սա նաև շանտաժի փորձ է Ադրբեջանի կողմից Ռուսաստանի նկատմամբ, իսկ Թուրքիան մասնակցում է այդ գործընթացին Բաքվին աջակցելու նպատակով, որպեսզի Մոսկվան ի վերջո սեղանին դնի Ադրբեջանի պահանջած տարեկան 300 մլն դոլար վարձավճարը: Հակառակ դեպքում կզրկվի կայանի շահագործման իրավունքից: Չի բացառվում, որ Մոսկվան էլ իր հերթին կսկսի մեծացնել ճնշումը Բաքվի վրա` տարբեր ուղղություններով, բայց Ադրբեջանի պահվածքը Ռուսաստանի համար թերևս մտահոգության գլխավոր առարկա չէ, շատ ավելի կարևոր է Թուրքիայի հետ հարաբերություններում սրման միտումը:

Անկարայի և Մոսկվայի միջև բավական ջերմացած հարաբերությունները փչանալ սկսեցին սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր, երբ Թուրքիան չեզոքություն պահպանելու խոստում տվեց Մոսկվային, բայց շատ արագ հայտնվեց ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների ճամբարում և արդեն երկար ժամանակ է` ամենաակտիվ դերակատարությունն ունի Սիրիայում քաղաքացիական պատերազմ հրահրելու գործում: Անկարայից Մոսկվայի դժգոհությունը առնչվում է նաև հետխորհրդային տարածքում Թուրքիայի շարունակվող նկրտումներին: Ընդ որում` ոչ միայն Ադրբեջանում կամ Վրաստանում, այլև կենտրոնասիական թյուրքալեզու հանրապետություններում, նույնիսկ Ղազախստանում և Ղրղըզստանում, որոնց Մոսկվան համարում է ապագա Եվրասիական միության կորիզը:

Բայց ինչպես ռուսներն են ասում`«не густо было»: Գաբալա իր խորհրդանշական այցելությունից հետո Էրդողանը պատրաստվում է մեկնել Կիև` նախագահ Յանուկովիչի հետ մասնակցելու թուրք-ուկրաինական ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին: Պարզվում է, որ այդպիսի խորհուրդ էլ գոյություն ունի, և այս անգամ նախատեսվում է քննարկել Մոսկվայի կենսական շահերը շոշափող մի նախաձեռնություն ևս: Խնդիրն այն է, որ արդեն տևական ժամանակ պաշտոնական Կիևը ելքեր է որոնում ռուսական գազից իր լրջագույն կախվածությունը նվազեցնելու համար, աշխատանք է տարվում մի քանի ուղղություններով միաժամանակ: Ուկրաինան նախ փորձեց համաձայնություն ձևավորել Ադրբեջանի հետ և իր միջոցներով կառուցել հատուկ մեթոդով այրվող գազի տերմինալ որևէ վրացական նավահանգստում, որտեղից էլ «այրված» ադրբեջանական գազը տանկերներով կտեղափոխվեր Ուկրաինա: Բայց Ադրբեջանը զարմանալի ազնվությամբ խոստովանեց Կիևին, որ ինքն այդքան պաշարներ չունի` միաժամանակ Թուրքիային և Վրաստանին մատակարարելու, սեփական պահանջարկը հոգալու, ինչ-որ բան հարավարևելյան Եվրոպա արտահանելու և միաժամանակ Ուկրաինային վաճառելու համար: Այլ բան է, եթե Տրանսկասպյան գազամուղի նախագիծը Թուրքմենստանից դեպի Ադրբեջան իրագործված լիներ, բայց այն չկա: Թեպետ Ուկրաինան այժմ էլ փորձում է գնել թուրքմենական գազ` Ռուսաստանին վճարելով միայն դրա տրանզիտի արժեքը, բայց առանձնակի հաջողություններ այդ «ճակատում» նույնպես չկան:

Եվ ահա Կիևը կարծես որոշել է «այրված» գազը տանկերներով գնել Կատարից, որի հետ Մոսկվայի հարաբերությունները նույնպես լարված են սիրիական ճգնաժամի պատճառով: Ու այստեղ արդեն Թուրքիան կարող է ստանձնել վճռորոշ դերակատարություն Ուկրաինայի համար էներգետիկ այլընտրանքի ձևավորման գործում, քանզի քաթարյան գազը ուկրաինական նավահանգիստներ կարող է հասնել միայն, եթե Թուրքիան թույլ տա տանկերների անցումը Դարդանելով և Բոսֆորով: Ստացվում է, որ Անկարան, մի կողմից, իր համաձայնությունը տվեց Սև ծովի ռուսական ափից մինչև բուլղարական ափը «Հարավային հոսք» ռուսական ստորջրյա գազամուղի կառուցմանը, որի նպատակը հենց Ուկրաինայի տրանզիտային նշանակության չեզոքացումն է, մյուս կողմից էլ հարվածում է նույն Մոսկվայի շահերին` Կիևի համար էներգետիկ այլընտրանք ստեղծելով:

Թեպետ էներգետիկ ոլորտի փորձագետները խիստ հոռետեսորեն են վերաբերվում այս նախաձեռնությանը` պնդելով, որ տանկերներով ներկրված քաթարյան գազն ավելի էժան չի արժենա Կիևին, քան հարևան Ռուսաստանից ստացվածը, և Մոսկվան սկզբունքորեն վստահ է, որ Ուկրաինային չի հաջողվի ազատագրվել գազային «ճորտությունից», բայց Անկարայի նկրտումները Ռուսաստանին չեն կարող չմտահոգել: Որովհետև Թուրքիան Ուկրաինայում կարող է իր համար ամուր հենարան դարձնել Ղրիմի թաթարներին, որոնց վերաբնակեցման հարցի հիմնավոր լուծումը «պատմական» հայրենիք Ղրիմում թուլացնելու է ինքնավար հանրապետության բնակչության մեծամասնությունը կազմող ռուսական համայնքի դիրքերը: Իսկ Ղրիմը այնպիսի «հոդված» է ռուս-ուկրաինական հարաբերություններում, ուր Անկարայի միջամտությունը չի կարող դրական լինել Մոսկվայի համար:

Վահան Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter