HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյան՝ սեփական ընկերության շինթույլտվությունների համակարգող

2025-2026 թվականներին Վանաձորի համայնքապետարանի տրամադրած ավարտական ակտերից 27-ում որպես գլխավոր կապալառու նշված է «Ալավերդյան և ընկերներ» ընկերությունը։ Այս ընկերության 100% բաժնետերը համայնքապետարանի ճարտարապետության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Ալավերդյանն է։

2025-2026 թվականներին Վանաձորի համայնքապետարանը 212 ավարտական ակտ է տրամադրել բնակիչներին։ Նշված ժամանակահատվածում 27 բնակիչ կառուցապատման աշխատանքները վստահել է «Ալավերդյան և ընկերներ» ՍՊԸ-ին։  

«Ալավերդյան և ընկերներ» ՍՊԸ-ն  2007 թվականին հիմնադրել է Արմեն Ալավերդյանը, և ըստ պետական ռեգիստրի՝ մինչ օրս պատկանում է նրան։  Ընկերության տնօրենը Թագուհի Խաչատրյանն է՝ Արմեն Ալավերդյանի կինը։ Այս ընկերությունը, ըստ ՊԵԿ-ի կայքում հրապարակված տվյալների, զբաղվում է բնակելի և ոչ բնակելի շենքերի ընթացիկ նորոգմամբ։

Արմեն Ալավերդյանը Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետի տեղակալն է։ 2024 թվականին՝ բաժնի պետ Սուրեն Աբովյանի ձերբակալվելուց հետո, նա նաև բաժնի պետի պաշտոնակատարն է։ Հիշեցնենք, որ Աբովյանը ձերբակալվել էր շինարարության հետ կապված պաշտոնական փաստաթղթերի դիմաց կաշառք ստանալու մեղադրանքով։

Ստացվում է, որ համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պաշտոնակատարին պատկանող ընկերությունը իրականացնում է շինարարական աշխատանքներ, որոնց թույլտվությունները և ավարտական ակտերը տալու գործընթացում մասնակցում է նաև ինքը՝ Ալավերդյանը։

Նախորդ տարիներին ևս Արմեն Ալավերդյանի ընկերությունը կառուցապատման աշխատանքներ է իրականացրել համայնքում։ Ընդհանուր առմամբ 2023-2026 թվականներին 36 հասցեներում «Ալավերդյան և ընկերներ» ՍՊԸ-ն շինարարական աշխատանքներ է իրականացրել։

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմեց Արմեն Ալավերդյանին՝ խնդրելով նշել, արդյոք շահերի բախում չի տեսնում այս իրավիճակում և խնդրահարույց չի համարում, որ ինքը մասնակցում է սեփական ընկերությանը շինթույլտվություններ և ավարտական ակտեր տրամադրելու գործընթացում։ Ալավերդյանը պատասխանել է, որ համայնքային ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո դադարեցրել է կապը ընկերության հետ։

«Այն պնդումը, որ կարող է առկա լինել շահերի բախում, կարծում եմ՝ պետք է ցույց տրվի ոչ միայն նախկինում իմ կողմից կազմակերպության հիմնադրման փաստը, այլև կոնկրետ պաշտոնեական գործողությունը, որը ես կատարել եմ այդ կազմակերպության կամ դրա հետ կապված անձի մասնավոր շահին նպաստելու նպատակով կամ արդյունքում»,- նշել է Ալավերդյանը։

Պաշտոնյան, սակայն, շրջանցել է այն փաստը, որ ինքը ոչ միայն ընկերության հիմնադիրն է, այլև մինչ օրս ընկերության 100% սեփականատերն է, իսկ ընկերության տնօրենն իր կինն է։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով ընկերությունը հիմնադրման պահից մինչ օրս այլ սեփականատեր չի ունեցել և հավատարմագրային կառավարման հանձնված չի եղել։ 

Մենք կրկին գրավոր հարց ուղղեցինք Արմեն Ալավերդյանին՝ ինչու՞ են իր պնդումները հակասում իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներին։ Ալավերդյանը պատասխանեց, որ ընկերությունը հանձնել է հավատարմագրային կառավարման, սակայն այդ գործընթացը նոտարական կարգով չի վավերացրել։ 

«Այս բացթողումը պայմանավորված է եղել իրավական ընթացակարգի վերաբերյալ իմ չիմացությամբ և ոչ թե ընկերության գործունեությունը շարունակելու կամ իմ պաշտոնեական դիրքն օգտագործելու նպատակով։ Հաշվի առնելով օրենքով նախատեսված պահանջների պատշաճ կատարման կարևորությունը՝ այժմ ձեռնամուխ եմ եղել գործընթացը սահմանված կարգով ավարտելուն։ Այդ նպատակով այսօր այցելել եմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Վանաձորի սպասարկման գրասենյակ և կատարել պայմանագրի մուտքագրում»,- նշել է Ալավերդյանը։

Ալավերդյանը հավելել է նաև, որ կառուցապատման թույլտվությունները  տրամադրվում են Քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների «Ուրբան» հարթակով, և ինքն ի պաշտոնե չի կարող գործողություններ կատարել որևէ կազմակերպության շահերից ելնելով։ 

Բայց այն, որ Ալավերդյանը ներգրավված է իրեն պատկանող ընկերությանը շինարարության թույլտվություններ և ավարտական ակտեր տրամադրելու գործընթացում, այս պատմության միակ խնդրահարույց դետալը չէ։ Ուսումնասիրելով շինթույլտվություններն ու ավարտական ակտերը՝ կարող ենք տեսնել, որ այդ աշխատանքներից որոշների դեպքում անհրաժեշտ չէ լիցենզավորված ընկերության ներգրավվումը։

Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ սահմանված են այն աշխատանքների ցանկը, որոնց համար լիցենզիա չի պահանջվում։ Այդպիսիք են օրինակ 300 քմ մակերեսը չգերազանցող բնակելի տների, 50 քմ-ն չգերազանցող ավտոտնակաների, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունների կառուցումը կամ վերակառուցումը։

Բայց, օրինակ, դեպքերից մեկում տեսնում ենք, որ լիցենզավորված ընկերություն է ներգրավվել, օրինակ, ավտոտնակ կառուցելու, բնակարան ընդլայնելու կամ անգամ մուտքի դուռ բացելու աշխատանքներում։ Հարց է առաջանում՝ ինչու են մարդիկ մասնավոր ընկերության ծառայություններից օգտվել  այս աշխատանքները կատարելու համար, եթե իրենք իրավունք ունեին դա անել նաև սեփական ուժերով։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Ալավերդյան և ընկերներ» ՍՊԸ-ի պայմանագրերը կնքվում են հիմնականում ավարտական ակտերը հեշտ ստանալու նպատակով։

Վանաձորում գործող «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Քոթանջյանը ևս նման բազմաթիվ ահազանգեր է ստացել։ «Հետքի» հետ զրույցում Քոթանջյանն ասաց, որ բազմաթիվ քաղաքացիներ իրեն հայտնել են, որ ավարտական ակտերը հեշտ ստանալու համար են պայմանագրեր կնքել «Ալավերդյան և ընկերներ» ՍՊԸ-ի հետ, նախատեսված աշխատանքներն էլ կատարել են սեփական ուժերով։

Արմեն Ալավերդյանին նաև հարցրել էինք, արդյոք տեղեկությունները, որ «Ալավերդյան և ընկերներ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերը ունեն ձևական նշանակություն, և մարդիկ պայմանագրեր են կնքում, որպեսզի ավելի դյուրին ստանան շինթույլտվություններն ու ավարտական ակտերը համապատասխանո՞ւմ են իրականության, թե՞ ոչ։

Ալավերդյանը կրկին նշել է, որ 2017 թվականից կապ չունի ընկերության հետ և հավելել. ««Ձևական պայմանագիր» և «աշխատանքներ իրականում չեն կատարվել» արտահայտությունները փաստական և իրավական գնահատականներ են, որոնք պետք է հիմնավորվեն յուրաքանչյուր կոնկրետ պայմանագրի և կատարված աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերով»։

Արմեն Ալավերդյանի պատասխանն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Այսպիսով, մի կողմից՝ Արմեն Ալավերդյանը շարունակում է «Ալավերդյան և ընկերներ» ՍՊԸ-ի 100% սեփականատերը լինել, իսկ ընկերության տնօրենը նրա կինն է, մյուս կողմից՝ ինքը ղեկավար պաշտոն է զբաղեցնում Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնում և ներգրավված է այն ոլորտում, որտեղ իր ընկերությունն իրականացնում է աշխատանքներ։ Ալավերդյանը շահերի բախման առկայությունը չի ընդունում և պնդում է, որ 2017 թվականից ընկերության գործունեության հետ կապ չունի։ Միևնույն ժամանակ, մեր ուսումնասիրած փաստաթղթերը ցույց են տալիս, որ «Ալավերդյան և ընկերներ» ՍՊԸ-ն վերջին տարիներին Վանաձորում շինարարական աշխատանքներ է իրականացրել տասնյակ հասցեներում, այդ թվում՝ այնպիսի աշխատանքներ, որոնց կատարման համար  լիցենզավորված ընկերության  չի պահանջվում։   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter