Թեժ մրցակցություն Արթիկում և պասիվ նախընտրական շրջան Ախուրյանում առաջիկա ՏԻՄ ընտրություններում
Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններն Ախուրյան և Արթիկ խոշորացված համայնքներում ընթանալու են տարբեր սցենարներով: Արթիկում ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 կուսակցություն, իսկ Ախուրյանում՝ մեկ: Հոկտեմբերի 1-ից պաշտոնապես կմեկնարկի նախընտրական քարոզարշավը:
Արթիկը, նախկին շրջանային մոդելով, խոշորացել էր 2021թ-ի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններով: Հինգ տարի առաջ որևէ ուժի չէր հաջողվել միանձնյա իշխանություն ձևավորել: Արթիկ խոշորացված համայնքը ղեկավարելու համար «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազատական» կուսակցությունների միջև կոալիցիոն կառավարման հուշագիր էր ստորագրվել:
Չորս տարի համայնքը կառավարելուց հետո, «Ազատական» կուսակցության ներկայացուցիչ, Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանն այս տարվա հունիսի 23-ին հրաժարական էր ներկայացրել: Պաշտոնական ձևակերպմամբ, կողմերի միջև ի հայտ էին եկել կադրային քաղաքականության և հաշվետվողականության վերաբերյալ տարաձայնություններ: Հուշագրի խզումը որոշակի խնդիրներ էր առաջացրել նաև ավագանու աշխատանքում: Իսկ ոչ պաշտոնական, բայց Արթիկում ակտիվ շրջանառվող լուրերի համաձայն, հուշագրի խզման պատճառը եղել է Արտակ Հարությունյանի աջակցությունը «Ուժեղ Հայաստանին» համապետական ընտրությունների ժամանակ:
Արթիկ խոշորացված համայնքում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը(81 թեկնածու) գլխավորում է գործող համայնքապետ Անանիկ Ոսկանյանը (հանրությանն առավել հայտնի է որպես գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկ): Մյուս թեկնածուն՝ Արթիկ քաղաքի նախկին քաղաքապետ(ղեկավարել է 2016-18թթ.) և նախկին ՀՀԿ-ական պատգամավոր (2003-2007թթ.) Մխիթար Վարագյանը համայնքապետի պաշտոնի համար պայքարելու է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով(31 թեկնածու):
Արթիկի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ ցուցակը(31 թեկնածու) գլխավորում է Արթուր Աստոյանը, ով Արթիկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն է: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 4-րդ ուժը «Հայրենիք» կուսակցությունն է, որի ցուցակը(19 թեկնածու) գլխավորում է Լևոն Վահրադյանը:
Երկու ամիս առաջ շրջանառվող խոսակցությունները, որ Արթիկում Հայ հեղափոխական դաշնակցությունը հանդես կգա իր թեկնածուով՝ չհաստատվեցին: ՀՅԴ-ն հոկտեմբերի 25-ին մասնակցում է ՏԻՄ ընտրություններին, սակայն, ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Արտաշատ, Մարտունի, Հրազդան և Ծաղկաձոր համայնքներում:
Ախուրյան խոշորացված համայնքում քաղաքական ուժերից մասնակցության հայտ ներկայացրել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի նախընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը: Ցուցակում ընդգրկված է ավագանու անդամի 80 թեկնածու:
Դեռևս համապետական ընտրությունների նախընտրական շրջանում ակտիվ խոսակցություններ էին շրջանառվում ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների մասնակցության մասին: ԲՀԿ-ը ցուցակն Ախուրյանում գլխավորելու էր համապետական ընտրություններից առաջ աշխատանքից ազատված փոխհամայնքապետ Կարեն Սերգոյանը, սակայն Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո կուսակցության ներկայացուցիչների հավակնությունները երկրորդ պլան մղվեցին: Իսկ «Ուժեղ Հայաստան»-ի մինչև վերջ ձգվող լռությունն ու այդպես էլ մասնակցության հայտ չներկայացնելը պայմանավորված էր նախընտրական ցուցակն առաջնորդողի բացակայությամբ:
Հինգ տարի առաջ(2021թ-ի դեկտեմբերի 5) Ախուրյանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չկարողացավ իշխանություն ձևավորել, թեպետ նախընտրական շրջանում ամեն ինչ արել էր պայքարից դուրս թողնելու համար Վարդան Իկիլիկյանի ձևավորած «Իկիլիկյան» դաշինքն ու ընտրությունների ավարտին ստանալ 13 մանդատ: Ընտրապայքարին մասնակցող ՀՅԴ-ականներ Կարեն Արշակյանն(«Հաղթանակ» դաշինք) ու Արծրունի Իգիթյանը(«Ախուրյան» դաշինք) 5 տարի առաջ միավորեցին ստացած ձայները՝ ընդամենը մեկ մանդատի առավելությամբ(14 մանդատ) ստանձնելով Ախուրյանի ղեկավարումը:
2023թ-ի հուլիսին՝ մանդատագողության միջոցով, ՔՊ-ին հաջողվեց ձևավորել մեծամասնություն, համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանն էլ՝ պատճառաբանելով առողջական խնդիրները, հրաժարական տվեց(թեպետ շարունակեց մնալ որպես ավագանի և մասնակցում է բոլոր նիստերին): ՔՊ-ն համայնքի ղեկավար ընտրեց մասնագիտությամբ բժիշկ Զավեն Մանուկյանին:
Իշխանափոխությունից հետո նախկին համայնքապետի առաջին տեղակալ Կարեն Արշակյանին զրկեցին ավագանու անդամի մանդատից՝ պատճառաբանելով ոչ հարգելի բացակայությունների թիվը, իսկ փոխհամայնքապետերից Վարդան Իկիլիկյանին հորդորեցին հրաժարական տալ: Ղեկավար կազմում նախկիններից շարունակեց աշխատել միայն Կարեն Սերգոյանը, ում 2026թ-ի ապրիլի 8-ին համայնքի ղեկավարի որոշմամբ ազատեցին աշխատանքից: Վերջինս իր աշխատանքից ազատումը կապում էր համապետական ընտրություններում հարազատ կուսակցության( ԲՀԿ) տեղական թիմն առաջնորդելու հանգամանքով: Կարեն Սերգոյանը փորձել էր դատական կարգով վերականգնել աշխատանքային իրավունքները, սակայն առաջին ատյանում հաջողության չէր հասել՝ պատճառաբանությամբ, որ դիմումը դատարան էր ներկայացվել սահմանված ժամկետից 10 օր ուշ։
Եվ այսպես, եթե Արթիկում սպասվում է մրցակցային նախընտրական շրջան և ենթադրվում ընտրություններին բարձր մասնակցություն, Ախուրյան համայնքի դեպքում ամեն ինչ պտտվելու է մեկ անձի շուրջ՝ առանց մրցակցային քարոզարշավային գործընթացի:
Գլխավոր լուսանկարում` Արթիկ բնակավայր
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել