ՆԳՆ-ն առաջարկում է խստացնել ճանապարհային մի շարք խախտումների համար պատասխանատվությունը
Ներքին գործերի նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում՝ թմրանյութ օգտագործած վիճակում մեքենա վարելու դեպքերի հայտնաբերումը ոստիկանության կողմից ավելի արդյունավետ դարձնելու, ինչպես նաև ճանապարհային մի շարք խախտումների համար նախատեսված տուգանքները խստացնելու նպատակով։ Այդ նպատակով օրենսդրական փաթեթ է ներկայացվել հանրային քննարկման։
Գործող կարգավորումներով ոստիկանությունը տեխնիկական միջոցներով կարող է ստուգել վարորդի սթափությունը՝ արտաշնչած օդում ալկոհոլի պարունակությունը որոշելու միջոցով։ Իսկ եթե կասկած կա, որ վարորդը մեքենան վարում է թմրանյութ օգտագործած վիճակում, դրա ստուգումը ներկայում կատարվում է միայն բժշկական կազմակերպությունում՝ արյան կամ մեզի հետազոտությամբ։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է հնարավորություն տալ նաև տեխնիկական միջոցներով ստուգել թմրանյութի օգտագործմամբ պայմանավորված ոչ սթափ վիճակը։ Դրա հիման վրա հնարավոր կլինի վարչական պատասխանատվություն կիրառել։
Երեխաներին առանց մանկական պահող հարմարանքի տեղափոխելու համար տուգանքը կկրկնապատկվի
Նախագծով առաջարկվում է խստացնել երեխաների փոխադրման կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվությունը։ Ներկայում առանց մանկական պահող հարմարանքի երեխա տեղափոխելու համար նախատեսված է 5000 դրամ տուգանք։ Առաջարկվում է այն դարձնել 10 000 դրամ և սահմանել նաև 1 տուգանային միավոր։
Նախաձեռնության հիմնավորման համաձայն՝ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով երեխաների վնասվածքների կանխարգելմամբ։ Ըստ ներկայացված տվյալների՝ 2025թ․ ոստիկանությունն արձանագրել է երեխաների փոխադրման կանոնների 11,198 խախտում։ 2024թ․-ի համեմատ այդ թիվը 5747-ով կամ 105 տոկոսով ավելին է։
Միաժամանակ, շարունակվում են առանց մանկական պահող հարմարանքների երեխաների տեղափոխման դեպքերը, որոնք վթարների ժամանակ կարող են ծանր հետևանքների հանգեցնել։ 2025թ․ մինչև 12 տարեկան երեխաների մասնակցությամբ գրանցվել է 404 ճանապարհատրանսպորտային պատահար։ Դրանց հետևանքով 11 երեխա զոհվել է, 487-ը՝ վիրավորվել։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2024թ․-ի համեմատ նման պատահարների թիվն ավելացել է 82-ով, վիրավորների թիվը՝ 116-ով, իսկ զոհերի թիվը չի փոխվել։
Մի շարք ճանապարհային խախտումների համար տուգանքները կավելանան
Նախագծով նախատեսվում է խստացնել նաև այն խախտումների համար պատասխանատվությունը, որոնք կարող են խոչընդոտել երթևեկության բնականոն հոսքին և նպաստել խցանումների առաջացմանը։
Առաջարկվում է՝ «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» նշանների պահանջները չկատարելու համար սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով և 2 տուգանային միավոր։
Տրանսպորտային միջոցը երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում տեղակայելու համար սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (10 000 դրամ) և 1 տուգանային միավոր։
Նախագծով առաջարկվում է խստացնել ընդհանուր օգտագործման տրանսպորտի կանգառի կետի տարածքում կանգառի կամ կայանման, ինչպես նաև երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելու համար նախատեսված պատասխանատվությունը։ Գործող հնգապատիկ տուգանքի փոխարեն առաջարկվում է սահմանել նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանք՝ 10,000 դրամ և 1 տուգանային միավոր։
Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ այս փոփոխությունների նպատակը խցանումների կանխումն ու երթևեկության բնականոն հոսքի ապահովումն է։
ՆԳՆ-ի ներկայացրած նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։
Ոստիկանությունը կարող է քննել պահնորդական գործունեության որոշ խախտումներ
Նախագծով առաջարկվում է փոխել նաև մասնավոր պահնորդական գործունեության հետ կապված որոշ իրավախախտումների քննության կարգը։
Գործող օրենսդրությամբ այն անձանց վերաբերյալ գործերը, որոնք առանց համապատասխան լիցենզիայի մասնավոր պահնորդական ծառայություններ են առաջարկում կամ մատուցում, ինչպես նաև այդպիսի ծառայություններից օգտվողների վերաբերյալ գործերը քննելու և որոշում կայացնելու իրավասությունը վերապահված է ՆԳՆ թույլտվության և լիցենզավորման ոլորտի լիազոր ստորաբաժանման քաղաքացիական ծառայողներին։ Միաժամանակ, այդ խախտումները հայտնաբերում է ոստիկանությունը։
Նախագծով առաջարկվում է այդ գործերը քննելու և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասությունը փոխանցել ոստիկանությանը։
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Ոստիկանության մասին» օրենքի այն դրույթը, որով ոստիկանությանը վերապահված է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով փորձաքննություններ կատարելու իրավունքը։
Պատճառն այն է, որ ոստիկանության համակարգային փոփոխությունների արդյունքում փորձաքրեագիտական ծառայությունը դուրս է եկել ոստիկանության կազմից և ՊՈԱԿ-ի կարգավիճակով ընդգրկվել Քննչական կոմիտեի կազմում։ Սակայն օրենքում ոստիկանության՝ փորձաքննություններ կատարելու իրավունքի մասին դրույթը դեռ պահպանվում է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել