HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Մոնտենեգրո. վիճակագրությունը մերոնց օգտին է

Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկության Հայաստան-Մոնտենեգրո հանդիպումը: 

Հիշեցնենք, որ այս թիմերն ընդգրկված են C լիգայի 2-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաեւ Կիպրոսն ու Լատվիան: Առաջին տուրից հետո Հայաստանն ու Մոնտենեգրոն գլխավորում են 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով: Հայաստանը Երեւանում 2-0 հաշվով հաղթել է Լատվիային, իսկ Մոնտենեգրոն Պոդգորիցայում 2-1 հաշվով պարտության է մատնել Կիպրոսին:

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպումն սպասարկելու է իսպանական մրցավարական անձնակազմը: Գլխավոր մրցավարը Խոսե Լուիս Մոնտերո Մունուերան է, նրա օգնականներն են Դիեգո Սանչես Ռոխոն ու Ադրիան Դիաս Գոնսալեսը։ VAR-ի մրցավարներն են Միգել Անխել Օրտիս Արիասն ու Վալենտին Գոմեսը։ 4-րդ պաշտոնյան Միգել Սեսմա Էսպինոսան է։ 

Հայաստանն իր բոլոր մրցակիցների հետ հանդիպումների փորձ ունի:

Մոնտենեգրոյին առաջին անգամ հանդիպել ենք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում: 2016-ի նոյեմբերի 11-ին Երեւանում կայացած դրամատիկ խաղում մեր թիմն առաջին խաղակեսից հետո զիջում էր 0-2 հաշվով, սակայն Արտակ Գրիգորյանի, Վարազդատ Հարոյանի ու Գեւորգ Ղազարյանի գոլերը 3-2 հաշվով հաղթանակ պարգեւեցին հավաքականին: Պատասխան հանդիպումը կայացավ 2017-ի հունիսի 10-ին Պոդգորիցայում: Այն բավական անհաջող էր մերոնց համար, որոնք պարտվեցին 1-4 հաշվով: Խաղավերջում Հայաստանի միակ գոլը խփեց Ռուսլան Կորյանը: 

2022-ի մարտի 24-ին Երեւանում կայացած ընկերական խաղում Հայաստանի ընտրանին Վահան Բիչախչյանի գոլի շնորհիվ հաղթեց 1-0 հաշվով: Մի ընկերական հանդիպում էլ տեղի ունեցավ 2025-ի հունիսի 9-ին Պոդգորիցայում: Գրանցվեց 2-2: Մերոնցից դուբլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը: 

Այսպիսով՝ Հայաստանն ու Մոնտենեգրոն հանդիպել են 4 անգամ, 2 անգամ հաղթել է մեր թիմը, 1 անգամ գրանցվել է ոչ-ոքի, մեկ անգամ էլ առավելության են հասել բալկանցիները: Խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը՝ 7-8՝ ի վնաս մեզ: 

Այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանը 107-րդն է, իսկ Մոնտենեգրոն՝ 80-րդը:

Այսօր՝ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպմանը զուգահեռ, կմեկնարկի նաեւ Լատվիա-Կիպրոս հանդիպումը: 

Լուսանկարը՝ Armenia National Teams, facebook.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter