Կադաստրի կոմիտեն «ժամանակավոր» սեփականության գրանցման նոր կարգ է առաջարկում
Գործող օրենսդրությամբ Վարչական դատարանը կարող է մինչև գործի վերջնական լուծումը ժամանակավորապես բավարարել հայցվորի պահանջը։ Սակայն անշարժ գույքի դեպքում այս կարգավորումը մի շարք հարցեր է առաջացնում։ Գործնականում եղել են դեպքեր, երբ դատարանը մինչև վեճի վերջնական լուծումը Կադաստրի կոմիտեին պարտավորեցրել է պետական գրանցում կատարել։ Ընդ որում, խոսքը կարող է վերաբերել նաև սեփականության իրավունքի ժամանակավոր գրանցմանը։ Կադաստրի կոմիտեն օրենսդրական փաթեթ է ներկայացրել հանրային քննարկման, որով առաջարկվում է լրացումներ կատարել «Վարչական դատավարության» օրենսգրքում և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում։
Կադաստրի կոմիտեն նշում է, որ դատական վեճի ընթացքում կիրառվող ժամանակավոր միջոցը չպետք է այնպիսի հետևանքներ առաջացնի, որոնք գործի վերջնական լուծումից հետո հնարավոր չլինի կամ չափազանց դժվար կլինի վերականգնել։
Գործող օրենսդրությունը հստակ չի սահմանում՝ ինչ է «ժամանակավոր» սեփականության իրավունքը, ինչ կարող է անել այդ կարգավիճակով գրանցված անձը, ինչ է տեղի ունենում նախկինում գրանցված իրավունքների հետ, և ինչ պետք է արվի, եթե հետագայում դատարանը հայցը մերժի կամ ժամանակավոր միջոցը վերացնի։
Սեփականության իրավունքը անձին հնարավորություն է տալիս գույքը տիրապետել, օգտագործել և տնօրինել, հետևաբար, եթե մարդը ժամանակավորապես գրանցվում է որպես անշարժ գույքի սեփականատեր, առանց այդ իրավունքի իրականացման հստակ սահմանափակումների նա կարող է իրականացնել սեփականատիրոջ լիազորությունները։
Նախագծի հեղինակի դիտարկմամբ՝ սա կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ հայցի ապահովումը վերջնական լուծում չէ։ Դատարանը դրանով դեռ չի որոշում, թե իրականում ում է պատկանում գույքը։ Վերջնական որոշումը կարող է ընդունվել ամիսներ կամ տարիներ անց։ Այդ ընթացքում, սակայն, գույքի հետ կարող են կատարվել գործողություններ, որոնց հետևանքները հետագայում հնարավոր չլինի պարզապես վերացնել։ Օրինակ՝ ժամանակավորապես սեփականատեր գրանցված անձը կարող է փորձել գույքը վաճառել, փոխանցել մեկ այլ անձի, գրավադրել կամ այլ իրավունքներով ծանրաբեռնել։ Խնդիրը միայն գործարքները չեն։ Գույքը կարող է նաև վերակառուցվել, մասնակի կամ ամբողջությամբ քանդվել կամ այլ կերպ էապես փոխվել։ Իսկ, եթե դատական վճռով հայցը մերժվի, միայն նախկին սեփականատիրոջ իրավունքը կրկին պետական ռեգիստրում գրանցելը չի նշանակում, որ գույքը կվերադառնա այն նույն վիճակին, որում եղել է մինչև ժամանակավոր միջոցի կիրառումը։
Ըստ Կադաստրի կոմիտեի՝ առանձին խնդիր է առաջանում այն դեպքում, երբ գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցված իրավունք կա։ Օրինակ, եթե անշարժ գույքի սեփականատերը գրանցված է անձը, իսկ դատարանը որոշում է նույն գույքի նկատմամբ ժամանակավորապես գրանցել մեկ այլ անձի սեփականության իրավունքը։ Այս դեպքում, պարզ չէ՝ այդ ընթացքում ինչ կարգավիճակ է ունենում սկզբնական սեփականատիրոջ իրավունքը։ Նույն հարցը կարող է առաջանալ վարձակալության, գրավի և այլ իրավունքների կամ սահմանափակումների դեպքում։
Կադաստրի կոմիտեի դիտարկմամբ՝ դատարանի որոշումից պետք է հստակ հասկանալի լինի՝ նախկինում գրանցված որ իրավունքներն են պահպանվում, որոնք են փոխվում, որոնք են ժամանակավորապես դադարեցվում և ինչ չափով։ Հակառակ դեպքում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ նույն գույքի նկատմամբ միաժամանակ գործեն իրար հետ անհամատեղելի իրավունքներ։
«Ժամանակավոր» սեփականատիրոջ գործողությունները կարող են անդրադառնալ նաև այն մարդկանց վրա, ովքեր ընդհանրապես չեն մասնակցում դատական վեճին։ Օրինակ՝ եթե ժամանակավորապես սեփականատեր գրանցված անձը գույքը գրավադրում է իր պարտավորությունների ապահովման համար, իսկ հետագայում դատարանը մերժում է հայցը, պարզ չէ, թե ինչ է տեղի ունենում գրավառուի իրավունքների հետ։ Նույնը կարող է լինել, եթե գույքը ծանրաբեռնվի այլ իրավունքներով, օրինակ՝ գնման իրավունքով։ Այդ դեպքում արդեն անհրաժեշտ է լուծել նաև այդ իրավունքները ձեռք բերած երրորդ անձանց հետ կապված հարցերը։
Ըստ Կադաստրի կոմիտեի՝ այդ պատճառով առաջարկվում է օրենքով հստակ սահմանել ոչ միայն ժամանակավոր գրանցման հնարավորությունը, այլև այդ ընթացքում գրանցված իրավունքի օգտագործման սահմանները։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է անշարժ գույքի դեպքում ստեղծել հատուկ կարգավորում, որը կսահմանի՝ ինչպես պետք է իրականացվեն ժամանակավոր գրանցումը, արդեն գրանցված իրավունքների փոփոխությունը կամ դրանց ժամանակավոր դադարեցումը։
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, մասնավորապես՝ հստակ սահմանել ժամանակավորապես գրանցված իրավունքի իրականացման սահմանները, արգելել այդ իրավունքի հիման վրա գույքի վաճառքը, իրավունքի փոխանցումը կամ գրավադրումը, սահմանափակել գույքի ոչնչացումը կամ դրա փաստացի վիճակի էական փոփոխությունը, այնպիսի այլ գործարքներ կամ գործողություններ, որոնք կարող են դժվարացնել գույքի նախկին վիճակի վերականգնումը, թույլատրել միայն դատարանի հստակ որոշմամբ։ Բացի այդ, ըստ Կադաստրի կոմիտեի՝ դատարանի որոշմամբ պետք է հստակեցնել, թե նախկինում գրանցված որ իրավունքներն ու սահմանափակումներն են պահպանվում, փոփոխվում կամ ժամանակավորապես դադարեցվում, կարգավորել այն իրավունքների վիճակը, որոնք կարող են առաջանալ ժամանակավորապես գրանցված իրավունքի հիման վրա և այլն։
Կադաստրի կոմիտեն իր հիմնավորումներում նշում է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը հայցի ապահովման կիրառումը սահմանափակելը չէ։ Խնդիրը դրա կիրառման հստակ կանոններ սահմանելն է, հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանը։
Նախագծերի հեղինակները խնդիր են տեսնում նաև դատարանի և Կադաստրի կոմիտեի գործառույթների հստակ տարանջատման հարցում։ Ըստ Կոմիտեի՝ դատարանը պետք է հստակ որոշի, թե ինչ իրավունք է ժամանակավորապես գրանցվում, ինչ սահմանափակումներ են գործում և ինչ է պետք անել նախկինում գրանցված իրավունքների հետ, իսկ պետական ռեգիստրը պետք է կատարի այդ որոշումը՝ առանց ինքնուրույն մեկնաբանելու դրա բովանդակությունը։
Կադաստրի կոմիտեն ակնկալում է, որ այս փոփոխությունների արդյունքում կվերանա անշարժ գույքի նկատմամբ «ժամանակավոր» իրավունքների գրանցման հետ կապված անորոշությունը, իսկ նման դեպքերում դատարանների և պետական ռեգիստրի գործողությունները կլինեն ավելի միասնական և կանխատեսելի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել