Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ ՔԿ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ավտոմեքենաների ներմուծման պատրվակով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։
«Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Հ.Գ.-ն, խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու շուրջ համաձայնության գալով Ա.Ղ.-ի և Հ.Ղ.-ի հետ, խմբի կազմում, քաղաքացիների մոտ վստահություն ձևավորելու նպատակով՝ «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի անվան տակ համացանցում և սոցիալական հարթակներում տեղադրել են գովազդներ՝ Չինաստանից BYD և Changan մակնիշների ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի վերաբերյալ:
Այդ նպատակով վերջիններս իրենց դիմած քաղաքացիների հետ կնքել են ավտոմեքենաների ներմուծման վերաբերյալ պայմանագրեր, որոնցով ստանձնած պարտավորությունները կատարելու իրական մտադրություն չունենալով, 2024թ. հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում 13 անձից որպես ավտոմեքենաների ներկրման կանխավճար պահանջել, ստացել և խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 78 մլն 352 հզր 210 դրամ:
Նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:
13 դրվագ գործողությամբ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարած Հ.Գ.-ն հայտնաբերվել է ՌԴ-ում, տեղափոխվել ՀՀ և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Հ․Գ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է ՔԿ հաղորդագրությունում։
Կարդացեք նաև՝
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել