Ավելի միլիտարիզացված Եվրոպա. ԵՄ-ն սահմանել է ռազմական ոլորտի հինգ առաջնահերթ ուղղությունները
ԵՄ անդամ երկրները հաստատել են պաշտպանական և ռազմարդյունաբերական համատեղ ներդրումների առաջին հինգ նախագծերը։
Ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող եվրոպական պաշտպանական նախագծերում (European Defence Projects of Common Interest (EDPCIs) ) առաջնահերթ են համարվում անօդաչու թռչող սարքերն (ԱԹՍ) ու հակաԱԹՍ համակարգերը, հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը, ծովային և ծովի հատակի պաշտպանությունը, տիեզերական ծրագրերն ու Եվրոպայի արևելյան թևի պաշտպանությանն ուղղված գործողությունները։
Սրանք համատեղ արդյունաբերական նախագծեր են, որոնք ուղղված են ԵՄ անդամ երկրների ռազմական կարողությունների զարգացմանը և թույլ են տալիս ԵՄ երկրներին համատեղ աշխատել ռազմական այնպիսի նախաձեռնությունների վրա, որոնք չափազանց մեծ կամ բարդ են առանձին երկրների կողմից իրականացվելու համար:
EDPCI-ները ներդրվել են Եվրոպական պաշտպանական արդյունաբերության ծրագրի (EDIP) կողմից, որը ԵՄ-ն ընդունել է 2025 թվականին:
«Այս համաեվրոպական նախագծերը փոփոխություն կբերեն ԵՄ անդամ երկրների զինված ուժերի, Ուկրաինայի և ընդհանուր առմամբ մեր անվտանգության համար»,- X սոցիալական ցանցում գրել է Եվրոպական պաշտպանության հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլյուսը:
Today 5 first EDPCIs with a envisaged funding ambition of around EUR 190bn by 2036 were launched.
— Andrius Kubilius (@KubiliusA) September 28, 2026
This is a major breakthrough to close 🇪🇺 most critical cabality gaps in the areas of air&missile defence, drones&counter-drones, maritime and seabed, space&Eastern Flank Watch. 1/2 pic.twitter.com/WPlwcAwAir
Նա ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հինգ նախագծերի հաստատումն անվանել է խոշոր ձեռքբերում, որը կլրացնի ԵՄ-ում առկա կարողությունների կարևոր բացերը։ ԵՄ-ն հավակնում է մինչև 2036 թվականը հասնել շուրջ 190 միլիարդ եվրոյի ֆինանսավորման՝ այս ծրագրերի համար:
Այս քայլով ԵՄ գլխավոր քաղաքական մարմինը փորձում է նվազեցնել Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության պառակտվածությունը և հանդես գալ որպես մեկ ընդհանուր ռազմական ճակատ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիս ամսին Գերմանիան և Ֆրանսիան այդպես էլ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ համատեղ կործանիչներ արտադրելու հարցի շուրջ, ինչի պատճառով 100 միլիարդ եվրո արժեցող ծրագիրը չեղարկվեց։
Ուկրաինան ընդգրկված է հինգ նախագծերից չորսում:
Անօդաչու թռչող սարքերի և հակաանօդաչու պաշտպանության վերաբերյալ նախագիծը, որն ստացել է «Decoder» հապավումը, միավորում է ԵՄ անդամ երկրների մեծ մասին, ինչպես նաև Նորվեգիային և Ուկրաինային: Մինչև 2033 թվականը ակնկալվում է 3,5-5 միլիարդ եվրոյի ներդրում:
Ծովային և հատակային ինտեգրված պաշտպանության նախագիծը (integrated maritime and seabed defense project - IMSD) մինչև 2045 թվականը նախատեսում է 43-72 միլիարդ եվրոյի ներդրումային պորտֆոլիո։
Իսկ տիեզերական նախագծի համար ընդհանուր ծախսերը մինչև 2034 թվականը, ըստ կողմնորոշիչ հաշվարկների, կազմում են 24 միլիարդ եվրո:
ԵՄ Համադրված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նախագծում (EU Federated Air and Missile Defence project, or EU-FIAMD) ներդրումները մինչև 2040 թվականը կարող են կազմել 55-80 միլիարդ եվրո:
«Արևելյան թևի հսկողություն» (Eastern Flank Watch) նախագիծը, որի նպատակն է ամրապնդել անվտանգությունը ԵՄ արևելյան սահմանին, իրականացվելու է ԵՄ 12 անդամների, ինչպես նաև Նորվեգիայի և Ուկրաինայի մասնակցությամբ։ Ըստ նախնական կանխատեսումների, մինչև 2036 թվականը այս ռազմական նախագիծը կբերի 60-100 միլիարդ եվրոյի ներդրում:
ԵՄ անդամ երկրները սկսել են ավելացնել ռազմական ծախսերն ու մշակել երկրների միլիտարիզացիային նպաստող տարբեր ռազմարդյունաբերական ծրագրեր ռուս-ուկրաինական պատերազմի և Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ ռազմական ծախսերը մեծացնելու պահանջների ֆոնին։
Գլխավոր լուսանկարը՝ Daniel Karmann/dpa
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել