Եվրամիությունը կբացի իր միասնական շուկան թեկնածու երկրների առջև. POLITICO
Եվրահանձնաժողովը առաջարկելու է բացել Եվրամիության միասնական շուկան թեկնածու երկրների համար այն պայմանով, որ վերջիններս համաձայնեն ԵՄ-ի հետ հանդես գալ թշնամական պետությունների և արդյունաբերական մրցակիցների դեմ։
Այս մասին հայտնում է POLITICO թերթը՝ հղում անելով իր ձեռքի տակ հայտնված օրենսդրական նախաձեռնությանը։
Ըստ Եվրահանձնաժողովի մշակած փաստաթղթի՝ ԵՄ անդամ թեկնածու երկրներին կառաջարկվի «աննախադեպ աստիճանական ինտեգրում» ԵՄ միասնական շուկա։
Սա նշանակում է, որ մինչ ԵՄ անդամ դառնալը թեկնածուներին կառաջարկվի ազատ առևտուր ԵՄ երկրների հետ և անխոչընդոտ մուտք ԵՄ հետազոտական ծրագրեր։
Թեկնածու երկրներին առաջարկվող տնտեսական օգուտները կախված կլինեն նրանից, թե այդ երկրները որքան աջակցություն և հավատարմություն կցուցաբերեն ԵՄ արտաքին քաղաքականության նպատակներին։
Ընդ որում՝ միասնական շուկա մուտք գործելու հնարավորություն ստանալու համար այդ երկրները պարտավորված կլինեն «առանցքային տեխնոլոգիաներ» չփոխանցել ԵՄ թշնամական պետություններին և առևտրային մրցակիցներին։ Նախաձեռնությունը նաև ենթադրում է այս օգուտների չեղարկում, եթե երկրները պատշաճ չկատարեն իրենց պարտականությունները։
Թեկնածու երկրների հետ սերտ համագործակցության համար դիտարկվող ոլորտների թվում են կիսահաղորդիչները, քվանտային տեխնոլոգիաները, բիոտեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և տիեզերական ոլորտը։
Ներկայումս ԵՄ անդամակցության թեկնածու 10 երկրներից ամենաակտիվն են Ալբանիան, Մոնտենեգրոն, Ուկրաինան և Մոլդովան։ Նրանց, ըստ POLITICO-ի, կառաջարկվի հստակ գործողություններով ճանապարհային քարտեզ, որը կարագացնի ԵՄ անդամակցության գործընթացը։
ԵՄ թեկնածու մյուս երկրների՝ Վրաստանի, Թուրքիայի, Սերբիայի, Կոսովոյի և Հյուսիսային Մակեդոնիայի դեպի ԵՄ ճանապարհը ձգձգվում է տարբեր պատճառներով։
Հայաստանի հարևան երկրներից Թուրքիայի հետ ԵՄ-ի բանակցությունները դե ֆակտո դադարել են 2018-ից, իսկ Վրաստանի հնարավոր անդամակցությանը Բրյուսելում այլևս իրատեսական չեն համարում երկրում ներքաղաքական զարգացումների պատճառով։
Վերջին անգամ ԵՄ-ն ընդլայնվել է 2013-ին՝ Խորվաթիայի անդամակցությամբ։
Լուսանկարը՝ Imago/Alamy
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել