Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը 221 000 ԱՄՆ դոլար է հատկացրել արվեստի և մշակույթի 7 նախաձեռնությունների
Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը 221 000 ԱՄՆ դոլար է հատկացրել արվեստի և մշակույթի 7 նախաձեռնությունների՝ անիմացիոն ոլորտի մասնագետների վերապատրաստումից և գրադարանի թվայնացումից մինչև Տավուշի մանկապարտեզներում սիմֆոնիկ հեքիաթների իրականացում և 2020 թվականի պատերազմի բուժաշխատողներին նվիրված ֆիլմ։
Նախաձեռնություններն ընտրվել են 67 նախնական հայտից՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակի՝ արվեստին և մշակույթին նվիրված դրամաշնորհային փուլի շրջանակում։
Դրամաշնորհային աջակցություն են ստացել՝
- ReAnimania անիմացիոն ֆիլմերի և կոմիքսների արվեստի միջազգային փառատոնը (ReA)
- Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը
- «Հայկական ազգային երաժշտական ակադեմիա» (ANMA)
- «ՍիմֆոնիկԱ» (SymphonicA) կրթամշակութային ՀԿ-ն
- Կովկասյան հետազոտական ռեսուրսների կենտրոն-Հայաստանը (CRRC-Հայաստան)
- Արվեստի ջատագովման համայնքը (ASA)
- Fish Eye արվեստի մշակութային հիմնադրամը
1. Առցանց դասընթացներ և գործնական աշխատարաններ ReA Academy Lab ծրագրի շրջանակում
2009 թվականին հիմնադրված ReAnimania-ն Հայաստանի առաջատար անիմացիոն փառատոնն է։ Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը փառատոնին աջակցել է նաև 2023 և 2024 թվականներին։
Այս անգամ դրամաշնորհն ուղղված է ReA Academy Lab ծրագրին, որի շրջանակում կվերապատրաստվի անիմացիոն ոլորտի 25 մասնագետ՝ 5 պրոդյուսեր, 5 սցենարիստ և 15 վիզուալ արտիստ։ Ծրագրին կմիանան նաև ստեղծարար արվեստների 5 տեղացի դասավանդողներ՝ հետագայում իրենց ձեռք բերած գիտելիքն ու փորձը նոր մասնագետներին փոխանցելու համար։
Առցանց դասընթացներից և գործնական աշխատարաններից հետո մասնակիցները կմշակեն միջազգային շուկայի համար պատրաստ անիմացիոն նախագծեր՝ ամբողջական սցենարներով, բյուջեներով և հայեցակարգերով։
Նախագծերը կներառվեն ReA-ի CoReAct համարտադրության հարթակում և ամեն տարի կներկայացվեն միջազգային պրոդյուսերներին ու ներդրողներին։
2. Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը միասնական թվային համակարգում
1935 թվականին հիմնադրված Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն ունի շուրջ 700 000 միավոր ֆոնդ՝ երկրորդ ամենամեծը Հայաստանում, և ղեկավարում է 13 մասնաճյուղ՝ Երևանի 39 համայնքային գրադարաններ ընդգրկող ցանցում։ Գրադարանն այսօր էլ աշխատում է 1990-ականներին ստեղծված համակարգչային ծրագրով։
Դրամաշնորհի շնորհիվ հնացած ծրագրին կփոխարինի միասնական թվային հարթակը՝ արդիականացված կառավարման համակարգով և նոր հանրային կայքով։
Նոր հարթակից կօգտվեն շուրջ 20 000 գրանցված ընթերցող և ավելի քան 160 աշխատակից։ Նախագիծը համաֆինանսավորում է Երևանի քաղաքապետարանը, իսկ ստեղծվող մոդելը հետագայում հնարավոր կլինի կիրառել նաև Հայաստանի այլ հանրային գրադարաններում։
3. Մասնագիտական ուսուցում «Հայկական ազգային երաժշտական ակադեմիա»-ում (ANMA)
Ցանկացած համերգի կամ ներկայացման հաջողության հետևում աշխատում են մասնագետներ, որոնց հանդիսատեսը հաճախ չի տեսնում՝ ձայնի ռեժիսորներ, լուսային ձևավորողներ, բեմի ղեկավարներ և պրոդյուսերներ։ Հենց այս մասնագետների պակասն է փորձում լրացնել «Հայկական ազգային երաժշտական ակադեմիա»-ն (ANMA)։
Ծրագրում կընդգրկվի 25 մասնակից՝ ուսանողներ, շրջանավարտներ և սկսնակ մասնագետներ։ Նրանք կուսումնասիրեն ձայնի ռեժիսուրա, լուսային ձևավորում, բեմի կառավարում, դեկորացիաների պատրաստում, ինչպես նաև պրոդյուսերություն և մշակութային կառավարում։ Հինգ ամիս տևող գործնական ուսուցումից հետո մասնակիցները երեք ամիս կաշխատեն խոշոր մշակութային նախագծերում, այդ թվում՝ «Խազեր» մրցանակաբաշխության շրջանակում։
4. «Սիմֆոնիկ հեքիաթներ» Տավուշի երեխաների համար
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 7 երաժիշտ կայցելեն Տավուշի համայնքների 8 մանկապարտեզներ։ 3-5 տարեկան շուրջ 400 երեխա կլսի երաժշտական հեքիաթ, կքննարկի այն, կծանոթանա նվագախմբային գործիքներին՝ դառնալով ներկայացման մասնակից։
Նախագիծն իրականացնում է «ՍիմֆոնիկԱ» (SymphonicA) կրթամշակութային ՀԿ-ն, որի «Սիմֆոնիկ ԴասA» ծրագրին Հայաստանի ավելի քան 200 դպրոցում արդեն մասնակցել է շուրջ 70 000 աշակերտ։
«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրն այս նախաձեռնության նախադպրոցական տարբերակն է։ «ՍիմֆոնիկԱ»-ն այն մշակել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ և արդեն փորձարկել 6 մանկապարտեզում։ Ծրագրի հիման վրա ստեղծված մեթոդական ուղեցույցը հաստատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, ինչը հնարավորություն է տալիս հետագայում այն կիրառել նաև պետական նախադպրոցական համակարգում։
Տավուշում ծրագրին կմիանա շուրջ 20 մանկավարժ՝ սովորելու ուղեցույցը կիրառել իրենց ամենօրյա աշխատանքում։
5. Գորիսի, Գյումրու և Վանաձորի պատմությունները մեկ արխիվում
Ինչպիսի՞ն է այսօրվա հայը Գորիսում, Գյումրիում և Վանաձորում։ Այս հարցին է փորձում պատասխանել CRRC-Հայաստանի «Sod Off – Into Yourself: Passport of Armenia» նախագիծը։
Լուսանկարիչ Արեգ Բալայանի, պրոդյուսեր-համադրող Սոնա Մարգարյանի և հետազոտական թիմի հավաքած նյութերը կհրապարակվեն թվային արխիվում և կներկայացվեն հանրային ցուցահանդեսում, իսկ 45 երիտասարդ կմասնակցի լուսանկարչական դասընթացների։
Սա ավելի լայնածավալ նախաձեռնության փորձնական փուլն է։ Երկարաժամկետ նպատակը Հայաստանի բոլոր մարզերն ընդգրկող համազգային արխիվ և գիրք ստեղծելն է, որոնք կփաստագրեն ժամանակակից հայ հասարակությունը։
6. Կստեղծվեն նոր միություններ արվեստագետների շահերի պաշտպանության համար
2018 թվականին հիմնադրված Արվեստի ջատագովման համայնքը (ASA) Հայաստանում մշակութային շահերի պաշտպանության առաջին անկախ վերլուծական կենտրոնն է։ 2026-2028 թվականներին այն ԿԳՄՍ նախարարության հետ կնքված հուշագրի շրջանակում աջակցում է փաստերի վրա հիմնված մշակութային քաղաքականության մշակմանը։
«Different Together» նախագիծը կօգնի ստեղծել և զարգացնել մինչև 5 անկախ, ոչ առևտրային մասնագիտական միություն՝ երաժշտության, կերպարվեստի, կատարողական արվեստների, դիզայնի, հրատարակչության, կինոյի և միջգիտակարգային ոլորտներում։
1 տարվա ընթացքում միությունները կստանան մասնագիտական աջակցություն կառավարման, իրավական գրանցման, ռազմավարական պլանավորման, դրամահավաքի, անդամակցության համակարգերի, շահերի պաշտպանության և միջազգային համագործակցության ուղղություններով։
7. «Angels 2020» ֆիլմն առաջնագծի բուժաշխատողների մասին է
Հիմնադրամն աջակցում է նաև «Angels 2020» ֆիլմին, որը նվիրված է այն բժիշկներին, բուժքույրերին և բուժաշխատողներին, ովքեր 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ, վտանգելով սեփական կյանքը, փրկում էին ուրիշներին։ Դրամաշնորհի միջոցով կապահովվի ֆիլմի հայկական արտադրությունն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ ֆինանսավորումը։
Ֆիլմը նկարահանում է Fish Eye արվեստի մշակութային հիմնադրամը, որը 2014 թվականին հիմնել է կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը։ Նրա «Tevanik» (2014), «The Last Inhabitant» (2016) և «Gate to Heaven» (2019) ֆիլմերը ներկայացվել և մրցանակների են արժանացել միջազգային կինոփառատոներում։
Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը «Gate to Heaven»-ին աջակցել է 2018 թվականին։ Ֆիլմն արժանացել է 6 մրցանակի, այդ թվում՝ Օնտարիոյի կինոփառատոնի բոլոր 4 գլխավոր մրցանակներին, և ցուցադրվել ԱՄՆ-ի AMC կինոթատրոններում։
«Այս փուլում մեզ համար կարևոր էր աջակցել ոչ միայն մշակութային իրադարձություններին, այլև այն մարդկանց ու կառույցներին, որոնք այդ իրադարձությունները հնարավոր են դարձնում։ Տավուշի մանկապարտեզներ այցելող երաժիշտներից մինչև ձայնային ռեժիսորներն ու անիմատորները, որոնք վաղը կարող են աշխատել միջազգային նախագծերում՝ այս 7 նախաձեռնություններից յուրաքանչյուրը երկարաժամկետ ներդրում է Հայաստանի մշակութային դաշտի զարգացման մեջ», — նշել է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանը։
***
1986 թվականին ստեղծվելուց ի վեր Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամն ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել հարյուրավոր բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ նախաձեռնությունների իրականացման համար՝ առաջնահերթ աջակցություն տրամադրելով աշխարհի հայ համայնքներին, ինչպես նաև Նյու Ջերսի նահանգի Մոնմութ և Օուշեն շրջաններում գործող կազմակերպություններին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել