HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՔԿ-ն զենքերի առգրավմամբ ցանկացել է քաղաքական շոու ապահովել». «Սրբազան պայքար»-ի գործով պաշտպան

«Սրբազան պայքար»-ի գործով դատարանը գրավոր ապացույցների հետազոտման փուլում է։ Այս դատական նիստին հետազոտվեց Արման Իսրայելյանի բնակության վայրից հայտնաբերված զենքերի՝ 2025թ. հուլիսի 24-ին իրականացված զննության արձանագրությունը։ 

Ավելի վաղ Իսրայելյանի պաշտպանը հայտնել էր, որ խոսքը մի դեպքում որսորդական զենքի, մյուս դեպքում՝ պետության կողմից ստացած նվերի մասին է։

«Չկա մի օբյեկտիվ կապ, որ Արման Իսրայելյանի օրինական զենքերը կարող էին կիրառվել անօրինական նպատակով, էլ չասեմ՝ ահաբեկչության նպատակով»,- նշել էր նա։

Այս գործով կա 18 մեղադրյալ։

Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև՝ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Տեսանյութը դիտելուց հետո պաշտպան Մկրտիչ Դավթյանը հայտնեց, որ եզրակացությունը տրվել է ակնադիտական զննության արդյունքում, ուստի չի կարող հիմնավոր լինել։

Պաշտպան Հովհաննես Խուդյանն էլ հայտարարեց՝ Քննչական կոմիտեն ի սկզբանե չի ունեցել վարկած, որ այդ զենքերը քրեական վարույթի համար կարող են նշանակություն ունենալ, բայց զենքերի առգրավմամբ ցանկացել է քաղաքական շոու ապահովել։ Հանրային մեղադրողներն այս նյութերը ներկայացրել են որպես ապացույց և չեն պարզաբանել, թե սրանցով ինչ փաստական հանգամանքներ են հաստատվում։

«Երբ ՔԿ-ն քննում է ահաբեկչության նախապատրաստության հանցակազմ, միանշանակ, այս զենքերն այս եղանակով չէին կարող զննվել։ Քննիչը որևէ հանձնարարություն չի տվել, որ զենքերը պետք է զննության ենթարկվեն ձեռնոցներով, հետքեր չթողնելով և առավել զգուշավորությամբ»,- նշեց նա։

Պաշտպանների եզրահանգմամբ՝ իրավական պրոցեսին բնորոշ գործողություններ չեն կատարվում։

Պաշտպան Մանթաշյանն էլ կրկին հետաքրքրվեց հանրային մեղադրողներից, թե տվյալ ապացույցն ինչ փաստական հանգամանք է ապացուցում։ 

«Հիմա հետազոտման փուլում ենք, մեղադրողները չեն հայտնում, չենք հասկանում՝ ներկայացված ապացույցն ինչ է հիմնավորում»,- ասաց նա։

Հանրային մեղադրող Վազգեն Հարությունյանը, անդրադառնալով պաշտպանի պնդմանը, նշեց՝ ներկայացրել են, թե որ ապացույցը վերդիկտ կայացնելու համար ինչ նշանակություն ունի։

Բագրատ Սրբազանն առաջարկեց միանգամից անցնել եզրափակիչ փուլին, եթե ամեն ինչ տանում է դեպի դա։ «Տեսնենք՝ ինչ են ասելու, ցավում եմ, որ անօրինականության ամբողջ պատասխանատվությունը դրվեց ձեզ վրա (նկատի ուներ դատախազներին- հեղ.)»,- ասաց նա։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց՝ համապատասխան փուլում ապացույցների վերաբերելիությանը կանդրադառնան, դատարանն այս փուլում պարտադրել չի կարող։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter