HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միգրանտների վերադարձի կենտրոններ և ավելի խիստ կանոններ. ԵՄ-ն նոր կանոնակարգ ընդունեց

Այսօր Եվրամիության խորհուրդը միգրանտներին վերադարձնելու մասին նոր կանոնակարգ ընդունեց։

Այն ԵՄ անդամ պետություններին լրացուցիչ գործիքներ և ավելի ընդլայնված իրավական հիմքեր է տրամադրում միգրանտների «վերադարձի գործընթացն» իրականացնելու համար։

Այժմ ԵՄ անդամ երկրները կկարողանան երրորդ երկրներում ստեղծել միգրանտների վերադարձի կենտրոններ։ Նախատեսվում է ԵՄ-ում մնալու իրավունք չունեցող և վերադարձի մասին որոշում ստացած անձանց վտարել հենց այդ կենտրոններ։

Ըստ Եվրամիության խորհրդի՝ վերադարձի նման կենտրոններ ստեղծելու համաձայնագիր կարող է կնքվել միայն այնպիսի երկրի հետ, որը հարգում է մարդու իրավունքների միջազգային չափանիշները և միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում՝ չվերադարձնելու (non-refoulement) սկզբունքը։

Այս կենտրոնների մասին խոսելիս հիմնականում նշվում են աֆրիկյան երկրներ, ինչպիսիք են, օրինակ, Ուգանդան և Ռուանդան։ 

Միգրանտների վերադարձի կենտրոններ ստեղծելու գաղափարը և մտադրությունը խիստ քննադատության է արժանացել մարդու իրավունքների եվրոպական և միջազգային կազմակերպությունների կողմից։ 

Օրինակ՝ դեռ 2024 թվականին Amnesty International-ը և տասնյակ այլ կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում խիստ մտահոգություն են արտահայտել «մարդու իրավունքների շարունակական խախտումների» վերաբերյալ։

Նոր կանոնակարգը նաև էապես ընդլայնում է ԵՄ անդամ պետությունների ոստիկանության և միգրացիոն ծառայությունների իրավունքները։

Սահմանվել են իրավական հիմքեր, որոնք թույլ են տալիս ոստիկանությանը խուզարկություններ իրականացնել և առգրավել միգրանտներին պատկանող  անձնական իրեր, էլեկտրոնային սարքեր և այլ պարագաներ։ Ոստիկանական ռեյդերը թույլատրվում է իրականացնել բնակության կամ այլ պատշաճ վայրում։

Սահմանվում է նաև մի նոր փաստաթուղթ՝ Վերադարձի եվրոպական կարգադրագիր (European Return Order), որում ԵՄ անդամ պետությունները կգրանցեն միգրանտների վերադարձի մանրամասն տվյալները։ 

Այս կարգադրագրի փոխադարձ ճանաչումն առայժմ լինելու է կամավոր հիմունքներով։ Հետագայում փաստաթղթի փոխադարձ ճանաչումը կարող է դառնալ պարտադիր։ 

Սա նշանակում է, որ ԵՄ-ի տարածքը լքելու կարգադրություն ստացած անձը ԵՄ անդամ մի պետությունից այլևս չի կարող գնալ ԵՄ անդամ մեկ այլ պետություն և այդտեղ ապաստան հայցել։

Նոր կանոնները նաև հատուկ միջոցառումներ են սահմանում ԵՄ անդամ չհանդիսացող երկրների այն քաղաքացիների համար, որոնք «անվտանգային ռիսկ» են ներկայացնում։ 

Օրինակ՝ անդամ պետությունները կարող են անժամկետ արգելել այդպիսի անձանց մուտքը ԵՄ, եթե դա հիմնավորված է և համաչափ։ ԵՄ երկրներին նաև իրավունք է տրվում նման անձանց 24 ամսից ավել ժամկետով կալանքի տակ պահել։

Մի շարք երկրներ առաջ են մղել միգրանտների վերադարձի կենտրոններ ստեղծելու գաղափարը, դրանց թվում ամենից ակտիվ են եղել Գերմանիան, Իտալիան, Հունաստանը, Ավստրիան, Դանիան, Նիդերլանդները, Շվեդիան։ 

Թեպետ Բրյուսելում այս հարցի շուրջ արդեն վաղուց կա քաղաքական կոնսենսուս, նոր կանոնակարգը ընդունվեց միայն այսօր։

Վերջին տարիներին բազմաթիվ փորձեր են արվել ապաստանի տրամադրման գործընթացները կամ արտաքսումները ԵՄ-ից դուրս գտնվող երրորդ երկրներին պատվիրակելու։ Սակայն բոլոր այս փորձերը ձախողվել են իրավական խոչընդոտների կամ բարձր ծախսերի պատճառով։

Այս փորձերից ամենահայտնին, թերևս, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի օրոք կնքված համաձայնագիրն է Իտալիայի և Ալբանիայի միջև։ 

Ըստ դրա՝ Միջերկրական ծովում հայտնաբերված միգրանտներին Իտալիան ուղարկելու էր Ալբանիայում ստեղծված միգրանտների վերադարձի հաբ։

Սակայն այս ճամբարների բացումից գրեթե անմիջապես հետո իտալական դատարանները կասեցրին գործընթացը։ Այժմ Իտալիան ճամբարներից մեկն օգտագործում է բացառապես որպես արտաքսման կենտրոն այն տղամարդկանց համար, որոնց ապաստանի հայցերը վերջնականապես մերժվել են։

2025 թվականի մարտից ի վեր այնտեղ է ուղարկվել մոտ 500 մարդ։ Իսկ մինչև 2028 թվականը Իտալիայի համար այս ճամբարների ծախսը կգերազանցի 670 միլիոն եվրոն։

Միգրացիան շարունակում է մնալ Եվրոպայում ամենաշատ քննարկվող և տարբեր քաղաքական ուժերի կողմից շահարկվող թեմաներից մեկը։

Վերջին տարիներին պոպուլիստական ծայրահեղ աջակողմյան ուժերը միգրանտների հանդեպ բացասական տրամադրություններ են ստեղծում և ստանում ձայներ Եվրոպայի տարբեր երկրներում, օրինակ՝ Գերմանիայում։

Գլխավոր լուսանկարը՝ Valeria Ferraro / Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter