Լիլիթ Մակունցը մասնակցել է «Նոր հնարավորություն Հայաստանի համար» խորագրով աշխատաժողովի բացմանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը մասնակցել է «Նոր հնարավորություն Հայաստանի համար. արտաքին քաղաքականություն, բարեփոխումներ և դիմակայունություն» խորագրով երկօրյա աշխատաժողովի բացման արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, ուղեղային կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Ողջունելով ներկաներին՝ Լիլիթ Մակունցը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և ընդգծել, որ ուղեղային կենտրոնների համայնքի գործունեության մեծ կողմնակիցն է: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ ՀՀ կառավարության ծրագրի համատեքստում փորձագիտական համայնքի հետ համագործակցությունն առանցքային է, քանի որ այսօրվա հավակնոտ որոշումներն ազդեցություն են ունենալու երկրի ապագայի վրա։
«Կայունության ապահովման, երկրի ապագայի մասին հոգ տանելու, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման և ինքնիշխանության, երկրի դիմակայունությունն ամրապնդելու հավակնության տեսանկյունից՝ կարծում եմ, որ միմյանց հետ համագործակցելն իսկապես կարևոր է»,- նշել է Լիլիթ Մակունցը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը՝ ցուցաբերած աջակցության համար․ «Մենք տասնամյակներ շարունակ համագործակցել ենք ԵՄ-ի հետ, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում այդ համագործակցությունը որակապես ավելի է խորացել՝ օգնելով ամրապնդել ՀՀ կարողություններն ու դիմակայունությունը, ինչպես նաև նպաստելով անվտանգային միջավայրի բարելավմանը և հայկական արտադրանքի մուտքին ԵՄ շուկաներ»։
Լիլիթ Մակունցն ընդգծել է, որ Հայաստանը ձգտում է երաշխավորել անկախության անխաթարությունը, ապահովել քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը, ինչպես նաև ստեղծել հնարավորություններ կրթության, աշխատանքի և ստեղծագործական գործունեության ոլորտներում:
«Ճիշտ որոշումներ կայացնելն անհնար կլիներ առանց հետազոտությունների և փաստերի վրա հիմնված տեղեկատվության։ Հենց այստեղ է, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հնարավորություն է տեսնում համագործակցելու քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի հետ։ Մեր խնդիրն է բազմազանեցնել մոտեցումները՝ լսելով ձեզնից յուրաքանչյուրին և հաշվի առնելով ձեր տեսակետները»,- նշել է նա։
Խոսելով Կառավարության առաջնահերթությունների մասին՝ Լիլիթ Մակունցն ընդգծել է, որ արտաքին քաղաքականության և տնտեսության դիվերսիֆիկացիան առաջիկա տարիներին լինելու է քաղաքականության առանցքային տարրերից մեկը։
«Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ Հայաստանը կունենա ընտրության հնարավորություններ և այլընտրանքներ, և որտեղ նրա ընտրությունը սահմանափակված չի լինի որևէ մեկ գործընկերոջ որոշումներով, ցանկություններով կամ շահերով։ Մենք նաև գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը չի սահմանափակվում միայն ստորագրված փաստաթղթերով կամ հռչակագրերով։ Մեր նպատակը ոչ թե մեկ «զամբյուղը» մեկ այլ «զամբյուղով» փոխարինելն է, այլ այնպես անելը, որպեսզի ունենանք բազմաթիվ «զամբյուղներ»»,- ասել է Լիլիթ Մակունցը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի դիտարկմամբ՝ TRIPP ծրագիրը կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և հարևանների հետ խաղաղ գոյակցության ևս մեկ կարևոր բաղադրիչ:
«Մենք դա տեսնում ենք որպես խաղաղ գործընթացի բաղկացուցիչ մաս և երկարաժամկետ հեռանկարում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների կարևոր հենասյուն։ Թեև TRIPP-ը Հայաստան-ԱՄՆ ծրագիր է, սակայն դա մեզ չի սահմանափակում որոշակի իրավիճակներում գործընկերներ ներգրավել այդ ենթակառուցվածքային ծրագրի այս կամ այն բաղադրիչում»,- նշել է նա։
Անդրադառնալով ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությանը՝ Լիլիթ Մակունցը շեշտել է, որ առաջիկա տարիների ընթացքում դրանք կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը։
Ամփոփելով խոսքը՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ուղղված ցանկացած հետազոտություն և առաջարկություն։
Միջոցառման ավարտին Լիլիթ Մակունցը պատասխանել է աշխատաժողովի մասնակիցների հարցերին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել