HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ինչու են ԱՄՆ-ն ու «Ալ-կաիդան» մեկ ճակատ կազմել Սիրիայում

Չնայած այժմ Արևմուտքի և «Ալ-կաիդայի» շահերը համընկնում են Սիրիայում, սակայն ԱՄՆ-ն «Ալ-կաիդա» ահաբեկչական կազմակերպությանը թույլ է տալիս ներգրավվել Սիրիայի ապստամբության մեջ, քանի որ արյունահեղության մեջ ներգրավվելով՝ այդ կազմակերպությունը կթուլանա: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց իսլամագետ, արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ն և Արևմուտքը պայքարում էին «Ալ-կաիդայի» դեմ, իսկ այսօր «Ալ-կաիդան» և Արևմուտքը մեկ ճակատ են կազմել Սիրիայում իշխանափոխության համար:

Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ ԱՄՆ-ի և Արևմուտքի հեռահար նպատակն է թուլացնել շիական շղթան՝ օգտագործելով այն ուժերին, որոնք ներգրավված են արաբական գարնան գործընթացներում: Ուստի, այդ ուժերը ստանում են Արևմուտքի աջակցությունը:

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ վերջին 10 տարում «Ալ-կաիդան» արդեն իսկ բավականին լուրջ վնասներ է կրել: 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո հատկապես «Ալ-կաիդան» և դրան հարող կազմակերպությունները ճնշումների ենթարկվեցին: «Ալ-կաիդայի» գաղափարախոսների մի մասը զոհվեց, մի մասը հետախուզվում է: Լուրջ հակասություններ առաջացան հենց «Ալ-կաիդայի» ներսում: Կազմակերպության նոր սերունդը գիտակցեց, որ «Ալ-կաիդան» չպետք է իրականացներ սեպտեմբերի 11-ը, որովհետև կորցրեց շարիաթի օրենքների վրա հիմնված այնպիսի երկրի աջակցություն, ինչպիսին Աֆղանստանն է:

Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ «Ալ-կաիդայի» հին սերունդը կողմնակից է գլոբալ ջիհադի, քարոզում է, որ պետք է անպայման թիրախ ընտրվեն Արևմուտքը և դրա օբյեկտները ողջ աշխարհում: Մինչդեռ կազմակերպության նոր սերունդը քարոզում է, որ կառույցը պահելու համար պետք է անցում կատարել անհատական ջիհադի, այսինքն՝ առավել մեծ ռազմաճակատներում պայքարի մեջ չներգրավվել, այլ պետք է աննկատ գործել, փորձել նեղ, շարժական, անկախ բջիջներ ստեղծել աշխարհի տարբեր երկրներում, ապակայունացնել իրավիճակը տվյալ կոնկրետ երկրում: Այդպիսի բջիջներ գործում են Եգիպտոսում, Սիրիայում, Իսպանիայում, Ռուսաստանում, Ադրբեջանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter