HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Շաքիում տեղի ունեցած դեպքով նոր քրեական վարույթ է նախաձեռնվել

Դատախազությունը նախօրեին հայտնել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այսօր դեպքի առթիվ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։

Սկզբում քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ հրազենի ապօրինի շրջանառության, և 207-րդ հոդվածի 1-ին մասով՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքերի առթիվ։

Նույն դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու, և 340-րդ հոդվածի 1-ին մասով՝ հրազենի մաքսանենգության դեպքերի առթիվ։

Դատախազության փոխանցմամբ՝ երկրորդ վարույթը միացվել է հիմնական՝ մայր վարույթին։

Հիշեցնենք՝ 2026թ. հոկտեմբերի 1-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։

«Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։

ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter