HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Երևանում կայանալիք COP17-ին նվիրված միջոցառում

Սեպտեմբերի 30-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում, տեղի է ունեցել Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) նվիրված միջոցառում՝ կազմակերպված Եվրոպական խորհրդարանի Շրջակա միջավայրի, հանրային առողջության և սննդի անվտանգության հանձնաժողովի (ENVI) կողմից՝ Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) հետ համագործակցությամբ։ Այս մասին հաղորդում են ԱԳՄԱ նախարարությունից։

«Բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական խորհրդարանի անդամներ, COP17-ի Եվրոպական խորհրդարանի պատվիրակության համանախագահներ Շտեֆան Քյոլերը և Սեզար Լուենան։

Որպես գլխավոր բանախոս հանդես է եկել COP17-ի ՀՀ  նախագահության հատուկ բանագնաց, դեսպան Մհեր Մարգարյանը՝ ներկայացնելով նախագահության առաջնահերթությունները և Երևանում կայանալիք համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Մհեր Մարգարյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող համագործակցությանը՝ ընդգծելով ԵՄ կարևոր դերը կենսաբազմազանության ֆինանսավորման, ինչպես նաև տնտեսական և ներդրումային որոշումների կայացման գործընթացներում կենսաբազմազանությանն առնչվող դիտարկումների ընդգրկման գործում։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել կենսաբազմազանության ռեսուրսների մոբիլիզացմանը, մշտադիտարկմանը, ինչպես նաև կարողությունների բացերի հաղթահարմանն ուղղված միջազգային համագործակցությանը:

Մասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները և Կողմերի ու շահագրգիռ դերակատարների հետ ներառական համագործակցությունը՝ ընդգծելով Երևանում համաժողովի հաջող անցկացմանն ուղղված եվրոպական շարունակական ներգրավվածության կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter