Դավիթ Թադևոսյանն ընդունել է «Մայքրոչիփ Թեքնոլոջի» ընկերության ներկայացուցիչներին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է «Մայքրոչիփ Թեքնոլոջի» ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության FPGA բիզնես ստորաբաժանման կորպորատիվ փոխնախագահ Շաքիլ Փիրայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության՝ Հայաստանում գործունեության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև ընկերության՝ Գյումրիում, Վանաձորում և Իջևանում գործունեությանը՝ ընդգծելով մարզերում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման, մասնագիտական ներուժի ներգրավման և տեղական տեխնոլոգիական էկոհամակարգերի ամրապնդման ուղղությամբ «Մայքրոչիփ Թեքնոլոջիի» ներկայության կարևորությունը։
Կողմերն անդրադարձել են ընկերության՝ 2026 թվականի հունիսին ԱՄՆ առևտրի նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի (BIS) կողմից Հայաստանում գործունեության համար ստացված արտահանման լիցենզիայի հաստատմանը և դրա հնարավոր ազդեցությանը ընկերության հետագա գործունեության, ներդրումային ծրագրերի և զարգացման հնարավորությունների վրա։
Քննարկվել են նաև «Մայքրոչիփ» ընկերության արտադրանքը Հայաստան ներմուծելու համար անհրաժեշտ պայմանների ապահովման հարցերը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նախարարության՝ միջազգային կիսահաղորդչային ընկերությունների և ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ ընթացող քննարկումներին՝ արտադրանքի դասակարգված ցանկի ձևավորման ուղղությամբ։
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը՝ քննարկված ուղղություններով հետագա քայլերի իրականացման և համագործակցության ընդլայնման նպատակով։
«Մայքրոչիփ Թեքնոլոջի» (Microchip Technology Inc.) ամերիկյան կիսահաղորդչային ընկերություն է, որը մշակում և արտադրում է միկրոպրոցեսորներ, FPGA-ներ, անալոգային և էներգիայի կառավարման լուծումներ, ինչպես նաև կապի, հիշողության և այլ ներկառուցված համակարգերի բաղադրիչներ։ Ընկերության տեխնոլոգիաները կիրառվում են արդյունաբերության, ավտոմոբիլային ոլորտի, ավիատիեզերական և պաշտպանական համակարգերի, կապի, հաշվողական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել