HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ժողով է այցելել Արգենտինայի խորհրդարանական պատվիրակությունը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիա Կարապետյանը և պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել են Արգենտինայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ։ Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի և Արգենտինայի միջև միջխորհրդարանական կապերն ամուր են և ընդգծել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը։

Սենատոր Էդուարդո Ալեխանդրո Վիսչին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նա բարձր է գնահատել Ազգային ժողովի արդյունավետ գործունեությունը՝ ուղղված երկրի զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը։

 

Պատվիրակության անդամներն ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորությունը մի շարք առանցքային ոլորտներում, ինչպես նաև արժևորել միջազգային կառույցներում և բազմակողմ հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը։ Այս համատեքստում կարևորվել է երկկողմ փոխայցելությունների ակտիվացումը և միջխորհրդարանական երկխոսության շարունակականության ապահովումը։

 

Սարգիս Խանդանյանը հյուրերին է ներկայացրել տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Մարիա Կարապետյանը և Տաթևիկ Գասպարյանը, ընդգծելով երկու երկրների միջև առկա պատմական, մշակութային և քաղաքակրթական խորը կապերը, նշել են, որ Արգենտինայի հետ հարաբերությունները Հայաստանի համար ունեն յուրահատուկ նշանակություն։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ քաղաքական երկխոսությունն ու ընդլայնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր առանցքային ոլորտներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter