HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի պաշտոնական ընթրիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության աղոթքի երկրորդ նախաճաշի շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին, որին ներկա են եղել Հայաստանից և արտերկրից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես, միջոցառմանը ներկա են գտնվել և ելույթներով հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի օգնական Ռիլեյ Բարնսը, ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ասիֆ Մահմուդը, «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը: Ընթրիքը մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկե Հայոց առաջնորդ Տեր Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը:

Վարչապետ Փաշինյանը ևս հանդես է եկել ելույթով և ողջունել ներկաներին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր ընկալմամբ՝ սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու և պատմելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների և պատմությունների մասին։

Երկրի ղեկավարն անդրադարձել է 2024 թվականի փետրվարին ԱՄՆ կատարած այցին, Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցությանը, Սպիտակ տանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ ունեցած չպլանավորված հանդիպմանը։ Ըստ վարչապետի՝ հանդիպման ընթացքում ամերիկացի գործընկերները հետաքրքրվել են, թե որքանով է իրատեսական տարածաշրջանում խաղաղության հաստատումը, ինչին պատասխանել է, որ չի կարող ասել, թե որքանով է իրատեսական, բայց կարող է ասել, որ հավատում է խաղաղությանը։

Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ այդ խոսակցությունը հետագայում շատ կարևոր ազդեցություն է ունեցել իրադարձությունների զարգացման վրա։ Վարչապետն ընդգծել է նաև խաղաղության հասնելու ճանապարհին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը․ «Առանց նրա անձնական ներգրավվածության և անձնական ներդրման, մենք չէինք կարող անցնել այդ ճանապարհը, և սա շատ կարևոր է»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որքան էլ դժվար լինեն փորձություններն ու դժվարությունները՝ չպետք է հուսահատվել, որովհետև հուսահատվել նշանակում է չհավատալ Աստծուն, հավատալ Աստծուն նշանակում է չհուսահատվել։ Եվ, ըստ վարչապետի, դժվարությունները նա հաղթահարել է մի պարզ պատճառով՝ հավատում է Աստծուն։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքն ամփոփել է 29 -րդ Սաղմոսով, որը կոչվում է Շնորհակալության աղոթք։

Հայաստանի Հանրապետության աղոթքի նախաճաշը (RAPB) միջազգային, անկախ և քաղաքացիական հասարակության կողմից նախաձեռնված երկօրյա միջոցառում է, որը նվիրված է աղոթքին, հավատքին, առաջնորդությանը, կրոնական ազատությանը, խաղաղությանը և Հայաստանի ապագային։ Միջոցառումը նաև հարթակ է տարբեր քաղաքական, ազգային, դավանաբանական և կրոնական շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսության և համագործակցության համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter