Էներգետիկ մարտահրավերները հաղթահարելու համար ԵՄ-ն Մոլդովային առաջարկեց կարեկցանք և սահմանափակ ֆինանսական աջակցություն
Տասնամյակներ շարունակ Մոլդովան գրեթե ամբողջությամբ կախված էր ռուսական գազից։ Ռուս-ուկրաինական պատերազմի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության ձգտումների ֆոնին 2022 թվականին Ռուսաստանը կրճատեց գազի մատակարարումները, ինչը հանգեցրեց Մոլդովայում էներգետիկ լուրջ ճգնաժամի։
Մոլդովան անցում կատարեց եվրոպական շուկաներից բնական գազի ձեռքբերմանը: Մասնավորապես՝ գործարկվեց Ռումինիայի հետ կապող «Յաշի-Քիշնև» գազատարը, որը կառուցվել էր դեռ 2014 թվականին։
Չնայած սրան, Ռուսաստանը շարունակում էր անվճար գազ մատակարարել Մոլդովայի կազմից դե-ֆակտո դուրս եկած և ռուսամետ դիրքորոշում ունեցող Մերձդնեստրին։
Սակայն ռուսական գազի մատակարարումը Մերձդնեստր վերջնական ընդհատվեց 2025 թվականի հունվարի 1-ից այն բանից հետո, երբ Ուկրաինան հրաժարվեց երկարաձգել Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագիրը՝ փակելով խորհրդային ժամանակաշրջանի խողովակաշարային երթուղին, որն էլ օգտագործվում էր Մերձդնեստրի գազամատակարարման համար։
Այսօր, ըստ Մոլդովայի պաշտոնական աղբյուրների, ոչ մի խորանարդ մետր ռուսական գազ չի մտնում Մոլդովայի տարածք։
Մի կողմից՝ սա պակասեցրել է Մոլդովայի կախվածությունը ռուսական գազից, մյուս կողմից՝ Մոլդովան այժմ կանգնած է էներգետիկ մեծ մարտահրավերների առջև:
Այս տարի ձմռանն ընդառաջ երկրում կոմունալ վճարների կտրուկ աճ է գրանցվել:
Բնակարանային գազի սակագներն աճել են 29%-ով, իսկ կենտրոնացված ջեռուցմանը՝ մոտ 62%-ով։ Նոր սակագինը Մոլդովայում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։
Այսօր Բրյուսելում կայացած Մոլդովա-ԵՄ հանդիպումից հետո ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով հանձնակատար Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը անդրադարձան այս հարցին:
ԵՄ-ն կարեկցանք հայտնեց Մոլդովային՝ էներգակիրների գների կտրուկ աճի կապակցությամբ, սակայն մեծ օգնություն սպասելն իրատեսական չէ։
«Բոլոր անդամ երկրները նույնպես բախվում են նույն խնդրին: Մենք չենք տեսնում, որ էներգակիրների գները իրականում կնվազեն»,- ասաց ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը:
Եվրոպական ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսը գովասանքի խոսքեր հնչեցրեց Մոլդովայի հասցեին բարեփոխումների և եվրոպամետ ուղին շարունակելու համար, սակայն գրեթե ուղիղ տեքստով նշեց, որ այս հարցում ԵՄ-ի ներգրավվածությունը սահմանափակ է լինելու:
«Հենց երեկ մենք [Մոլդովայի՝ խմբ.] վարչապետի հետ քննարկեցինք, թե ինչպես կարող ենք օգնել: Մեր անցած տարվա օգնությունը վճռորոշ էր... իսկ վարչապետը մեզ ներկայացրեց այս տարվա ծրագիրը: Ավելի քիչ գումարով, բայց, գուցե, ավելի արդյունավետ։ Մենք պետք է գիտակցենք, որ Մոլդովան դադարեցրել է Ռուսաստանից գազի բոլոր մատակարարումները: Սա ավելի է դժվարացնում մատչելի գներով էներգիայի ապահովումը», - նշեց նա:
Ի վերջո, չնայած Եվրահանձնաժողովը Մոլդովային տրամադրելու է 157 միլիոն եվրո բարեփոխումներ իրականացնելու հարցում առաջընթաց գրանցելու համար, մոլդովացիները պետք է պատրաստվեն ֆինանսապես ծանր ձմեռ հաղթահարելուն։
Գլխավոր լուսանկարը՝ Սամսոն Մարտիրոսյան, «Հետք»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել