
Մինչև սեպտեմբերի 20-ը Վանաձորի մանկավարժական ինստիտուտի դեկանը «խոսողական պրոցեսի արգելակումներ» կունենա
Վանաձորի մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանը` ընդդեմ «Հետքի» լրագրող Ադրինե Թորոսյանի գործով երեկ կայացած դատական նիստին չէր ներկայացել: Վերջին պահին դիմում էր մուտքագրել դատարան`նիստը հետաձգելու վերաբերյալ:
Դատավոր Բորիկ Գրիգորյանին հասցեգրված դիմումում տիկին Թ. Շահվերդյանը հայտնում էր. «Ձեր վարույթում գտնվող իմ հայցադիմումով «Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման մասին» 02.03.2012թ. լսվելիք դատավարությունը խնդրում եմ հետաձգել, որովհետև ունեմ առողջական խնդիրներ`կապված ստոմատոլոգիական խնդիրների հետ»: Տիկին Թերեզայի`ժամանակի զգացողության կորուստը նախ դատավոր Գրիգորյանը նկատեց` նշելով, որ հավանաբար անցած նիստերից մեկի ամսաթիվն է նշել:
Դատավորն ընթերցեց նաև դիմումին կցված` «Գայաննա դենտ» ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն, բուժող բժիշկ Արման Կռոյանի կողմից տրված տեղեկանքը`արդեն դատավարության ճիշտ ամսաթվով` 08.09.2012: «Տրվում է Թերեզա Շահվերդյանին առ այն, որ նրա վերին և ստորին ատամնաշարերը գտնվում են պրոթեզավորման գործընթացում, և նա ժամանակավորապես (մինչև սեպտեմբերի 20-ը) ունի խոսողական պրոցեսի արգելակումներ»:
Ինչպես դատավոր Գրիգորյանը նկատեց, սովետական ամսագրերից մեկում մեջբերվում էին դատական, քննչական գործողությունների հետ կապված բոլոր հաջողված արտահայտությունները. «Համարեք, որ սա նման արտահայտություն է»,-ասաց դատավորը: Ապա հարցրեց պատասխանող կողմի կարծիքը տիկին Թերեզայի միջնորդության վերաբերյալ. «Մի խոսքով, տեղեկացված եք վիճակի մասով, որ մինչև սեպտեմբերի 20-ը նման պրոբլեմներ ունի: Տեսնում եք` վիճակը լուրջ է»,-շեշտեց դատավոր Գրիգորյանը:
Փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը չառարկեցին նիստը հետաձգելու միջնորդությանը: Տիգրան Եգորյանը միայն նկատեց. «Մեր կողմից ըմբռնումով կմոտենանք, բայց կխնդրենք դատարանին, որ, հաշվի առնելով, որ ամսի 20-ից խոսակցական արգելակումները դադարած կլինեն, շատ չուշացնի հաջորդ նիստը`նշանակելով մինչև հոկտեմբեր»: «Մոռանում եք, որ խնդիրները լուծելուց հետո էլ ինչ-որ ժամանակ պետք է, որ վարժվի դրա հետ,-ասաց դատավորը` նկատի ունենալով տիկնոջ նոր «ատամնաշարը»,- հետևապես`լավ կլինի, որ սեպտեմբերով չսահմանափակվենք»:
Այսպիսով` տիկին Թերեզայի վիճակը հաշվի առնելով` փոխադարձ ըմբռնողության պայմաններում նիստը հետաձգվեց և վերանշանակվեց հոկտեմբերի 24-ին:
Դատավորը դժգոհություն հայտնեց, որ Լ. Հակոբյանի ու Տ. Եգորյանի միջնորդության և իրավական փաստարկների հիման վրա տիկին Թերեզայի նախկին ներկայացուցիչ Վանո Եղիազարյանին «վտարելուց» հետո Թ. Շահվերդյանը դեռ չի լուծել դատարանում իր ներկայացուցչության հարցը: «Եթե հիշում եք, զգուշացրեցի, որ եթե պետք է ունենաք ուրիշ ներկայացուցիչ, ապա պարտադիր թող գա, ծանոթանա, որ խնդիր չառաջանա: Եվ անընդհատ, հիշում եք, որ չկա ներկայացուցիչ: Հիմա հեռախոսով պետք է կապնվենք իր հետ, ճշտենք այդ վիճակը և պարտավորեցնենք, որ եթե որևէ մեկը կա, գա ծանոթանա գործին, որ առիթ չդառնա նորից հետաձգելու»,-եզրափակեց Բորիկ Գրիգորյանը:
Նկատենք, որ դատական նիստից ընդամենը մի քանի օր առաջ`սեպտեմբերի 6-ին, տիկին Թերեզան մասնակցում էր քաղաքապետ Սամվել Դարբինյանի հանրահավաքին և բոցաշունչ ելույթով հորդորում բնակչությանը`իշխանությունը չզիջել ընդդիմադիր «տականքներին»: Իր այդ ելույթի ժամանակ տիկին Թերեզան խոսողական պրոցեսի որևէ արգելակում չուներ:
Մեկնաբանել