HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Գալուստ Կիւլպէնքեան» հիմնարկության պատվիրակությանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Գալուստ Կիւլպէնքեան» հիմնարլության պատվիրակությանը՝ գլխավորությամբ հիմնարկության հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիու Ֆեյժոյի։

Հայրապետական իր օրհնությունը բերելով ներկաներին՝ Նորին Սրբությունը բարձր գնահատեց հիմնարկության մարդասիրական առաքելությունն ու տարբեր երկրներում կրթության, գիտության և մշակույթի զարգացմանն ուղղված օգտաշատ գործունեությունը։ Վեհափառ Հայրապետը մասնավորապես կարևորեց հիմնարկության՝ Հայաստանի և սփյուռքի հայկական համայնքների զորացմանն ուղղված նախաձեռնությունները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձ կատարեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ հիմնարկության երկարամյա համագործակցությանը՝ հիշատակելով դեռևս 1954 թվականին Միածնաէջ Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքներին ցուցաբերված աջակցությունը, այնուհետև Մայր Աթոռի վանատան կառուցումը, ինպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեությանը բերված նպաստը: Ապա Հայոց Հայրապետը, անդրադառնալով Մայր Տաճարի վերջին հիմնանորոգմանն ու վերաօծմանը, կարևորեց հայոց Սրբություն սրբոցի առաքելությունը՝ ի խնդիր ազգային ինքնության պահպանման, ազգի հարատևության և համախմբման։

Նորին Սրբությունն իր աղոթական բարեմաղթանքները բերեց հիմնարկության ղեկավարությանն ու աշխատակիցներին՝ մաղթելով, որ նույն ոգով և նվիրումով շարունակեն իրագործել մեծանուն հայորդի Գալուստ Կիւլպէնքեանի տեսիլքը՝ ի նպաստ սերունդների կրթության, գիտական մտքի առաջընթացի և մշակույթի պահպանության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter